Բանկային սահմանափակումները՝ խոչընդոտ արցախցիների բնակապահովման ճանապարհին

  • 23:30 12.01.2026

Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը, անդրադառնալով տեղահանված արցախցիների համար նախատեսված բնակարանային ապահովման ծրագրին, հայտնում է, որ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են ծրագրի կիրառման ընթացքում առաջացած լուրջ խնդրի մասին։

Խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության №710-Լ որոշմանը, ըստ որի՝ անձի՝ բանկի «սև ցուցակում» գտնվելը չպետք է հանդիսանա հիմք, որպեսզի բանկը մերժի այն ընտանիքին, որի անդամներից մեկը բանկի կողմից համարվում է անհուսալի հաճախորդ։

Փաստաբանի խոսքով՝ նշված հանգամանքը բանկերի կողմից պարտադիր պետք է հաշվի չառնվի, սակայն գործնականում բանկերը հենց այդ պատճառաբանությամբ մերժում են դիմումները։ Արդյունքում հարյուրավոր ընտանիքներ զրկվում են բնակապահովման ծրագրից օգտվելու հնարավորությունից՝ չկարողանալով իրացնել իրենց իրավունքը։

Դավիթ Հովհաննիսյանը շեշտում է, որ նման սահմանափակումը չի կարող և չպետք է հիմք հանդիսանա պետական բնակարանային ծրագրերից քաղաքացիներին բացառելու համար։

Մարիամ Սարգսյան