Ստեփանակերտից տեղափոխված հայերի մասին տեղեկություն չեն տրամադրում․ Ազատություն

  • 09:17 31.01.2026

Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում: Մեկին ադրբեջանցիները չեն գտել, որ բերեն, հայտնում է Ազատությունը։

«Էդ կինը վերջին պահին անհասկանալի ձևով անհետացել է, ադրբեջանցիները սկսել են ակտիվ իրեն մանգալ, մի քանի րոպե ման եկան, հետո սուս մնացին, մնացածին ավտո նստեցրի, տարան, էդ կնոջն էլ ոչ ոք չի տեսել» – ասաց հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը:

Լարիսա Ստեփանյանն է անհետացել վերջին պահին: 73 -ամյա կինը 2020-ի պատերազմից հետո Հադրութից տեղահանվել էր, ապրում էր Ստեփանակերտի՝ կացարանների վերածված ոստիկանության պոլիկլինիկայի շենքում:

Լարիսան Բաքվից եկած լրագրողներին ասում էր, որ իրեն լավ է զգում, մտադիր չէ հեռանալ Ստեփանակերտից, որովհետև պիտի անպայման հետ՝ իր տուն Հադրութի Տող գյուղ գնա, այս հարցով նույնիսկ հեռակա Ալիևին էր դիմել:

Լարիսայից բացի Ստեփանակերտում է նաև Միշա Գրիգորյանը, նա, սակայն, ի տարբերություն Լարիսայի, մեքենա է նստել, հասել Հակարիի կամուրջ, բայց Երևան չի հասել, այս մասին ականատեսը պատմել էր հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանին:

«Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլն: Վախենում էր, որ էստեղ իրեն սպանելու են, ոտքերի տակ է ընկել թուրքերի, թուրքերը ասել են՝ «եթե մնաս, մենք ենք քեզ էստեղ սպանելու», ասել է՝ «լավ է դուք ինձ սպանեք»: Ասում է՝ «լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են», – ներկայացրեց Պետրոսյանը:

Մեկ շաբաթ առաջ Հայաստան տեղափոխվեցին Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած 11 հայեր:

Ստեփանակերտից տեղափոխված հայերի մասին ո՛չ Սոցապ, ո՛չ Առողջապահության նախարարությունները տեղեկատվություն չեն տրամադրում, անուններ չեն հրապարակում: Կան արցախցիներ, որ իրենց հարազատին, ծանոթին, որ կարծում են, թե տեղափոխվել է, չգիտեն որտեղ փնտրել, հայտնում է Ազատությունը:

Նրանց առողջական վիճակի վերաբերյալ շատ ընդհանուր պատկեր է ներկայացնում առողջապահության նախարարը. «Նրանց առողջական վիճակի հետ կապված այսօրվա կազմակերպչական ողջ աշխատանքները մենք իրականացրել ենք ու շարունակելու ենք իրականացնել՝ ըստ կարիքի: Մարդկանց առողջական բոլոր կարիքները բավարարվում են»:

Ստեփանակերտցիներից շատերին է հետաքրքրում՝ ինչ վիճակում է իրենց յուրահատուկ համաքաղաքացին՝ Ֆրեդը: Սակայն տեղեկություն նրա գտնվելու վայրի մասին Ազատությունը չունի։

Տեղափոխված հայերի հարազատները Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանին պատմել են, որ վերջին ամիսներին այս հայերը գերու կարգավիճակով են պահվել Ստեփանակերտում, հսկողության ներքո, կան նաև ծեծվածներ: