
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն երեկ ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում է Կառավարությունը, զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Ղարաբաղի փախստականների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Կառավարության որդեգրած քաղաքականությանը: Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել տեղահանվածների կրթական, առողջապահական, սոցիալական պաշտպանության ծառայությունների հասանելիության, ինչպես նաև կայուն զբաղվածության և բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
“Անդրադառնալով փախստականների սոցիալ-տնտեսական ներառման ուղղությամբ արձանագրված արդյունքներին՝ հանձնակատար Օ’Ֆլահերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության արագ և շուտափույթ արձագանքը”, նշված է հաղորդագրության մեջ։
Չնայած, որ 2,5 տարի առաջ Հայաստանում են հատնվել 150,000 ՀՀ անձնագիր ունեցող արցախցիներ, ովքեր զրկվել են իրենց սեփականությունից և իրավունքներից, Հայաստանի կառավարությունը այդպես էլ չի ստեղծել մեկ մարմին՝ արցախցիների խնդիրները համակարգված լուծելու համար: Նաև չի ստեղծվել համախմբված հիմնադրամ՝ արցախցիներին աջակցելու համար նախատեսված պետական բյուջեից կամ դոնորներից միջոցներ կուտակելու համար: Հիմնադրամի համար չի ստեղծվել հոգաբարձուների խորհուրդ, որը կներառեր ՀՀ կառավարության, դոնորների և արցախյան կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք կարող էին արագ գնահատել արցախցիների կարիքները և մշակել արդյունավետ համագործակցության ծրագրեր: Նման աշխատանքը կարող է նաև պաշտպանել կառավարությանը այն կասկածներից, որ արցախցիներին աջակցելու համար հատկացված միջոցները ոչ նպատակային են ծախսվում:
Արցախցիներին աջակցելու համար հատկացված միջոցների նկատմամբ հանրային վերահսկողության համակարգի բացակայությունը հանգեցնում է տարբեր կասկածների և նույնիսկ բացահայտ մեղադրանքների: Թվերը ցույց են տալիս, որ միջոցները արդյունավետ չեն ծախսվել. արցախցիների միայն մի փոքր մասն է կարողացել բնակարան գնել պետական ծրագրերի միջոցով, մինչդեռ տեղահանությունից երկու տարի անց արցախցիների մեծամասնությունը զրկվել է պետական ֆինանսական աջակցությունից: Արցախցիների համար զբաղվածության ծրագիրը նույնպես ձախողվել է. չկան տվյալներ այն մասին, թե քանի արցախցի է կարողացել օգտվել դրանից:
Կառավարության անդամներն ևս ընդունում են այս միջոցների անարդյունավետ օգտագործումը: Սոցիալական հարցերի նախարարը նոր է սկսել քննարկել սոցիալական բնակարանաշինության անհրաժեշտությունը: Իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արցախցիների հետ մի քանի հանդիպումներից հետո, ընդունել է, որ որոշ խնդիրներ կարելի է լուծել անմիջական շփումների ընթացքում։
Եվրոպայի խորհուրդը և այլ միջազգային դոնորներ կարող են գովաբանել Հայաստանի կառավարության արձագանքը միայն մեկ առումով. արցախցի փախստականները զանգվածաբար չեն հոսել Եվրոպա և չեն դարձել մեծ գլխացավանք եվրոպական երկրների համար: Նաև այն, որ արցախցիների կողմից էական բողոքի ցույցեր չեն եղել: