Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ ազատության իրավունքն անօտարելի է. Ստեփանյան

  • 21:25 09.02.2026

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօրվա բողոքի ցույցի ժամանակ ասաց, որ հայ գերիները գտնվում են Բաքվի բանտում մի շատ պարզ ու անօտարելի իրավունքի իրացման համար, եւ դա Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ ազատության իրավունքն է։

Ըստ նրա՝ ազատության եւ ինքնորշման ձգտող ժողովուրդների ներկայացուցիչները չեն կարող համարվել ահաբեկիչներ, եւ դա ԱՄՆ փոխնախագահ Վենսը շատ լավ պետք է իմանա։

«Դա մենք չենք ասում, դա ասում է միջազգային իրավունքը։ Հետեւաբար, նրանց չի կարելի ենթարկել կեղծ դատավարությունների, թե իբր նրանք ահաբեկիչներ են։ Մեր խնդրանքը միջազգային հանրությանը եւ այս պարագայում ԱՄՆ-ին այն է, որ չի կարող լինել խաղաղություն, երբ բուժված չեն վերքերը։ Չի կարող լինել խաղաղություն՝ առանց հումանիտար հարցերի կարգավորման»,- հայտարարեց Գեղամ Ստեփանյանը։

Հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի կազմակերպիչները նաեւ նամակ ընթերցեցին՝ ուղղված Հայաստանում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Վենսին։