Indie Peace կազմակերպության կողմից անցկացվեց երկօրյա մասնագիտական սեմինար՝ «Աշխատանք անհետ կորածների ընտանիքների հետ. ոչ միանշանակ կորուստ» թեմայով։
Սեմինարին մասնակցեցին հոգեբաններ և անհետ կորածների հարազատներ, ինչը հնարավորություն տվեց թեման քննարկել ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական դիտանկյունից։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին ոչ միանշանակ կորստի հոգեբանական առանձնահատկությունները, դրա տարբերությունները մահվան հաստատված փաստով պայմանավորված կորստի և սգի ապրումներից, ինչպես նաև այն հիմնական մոտեցումները, որոնք կարևոր են անհետ կորածների ընտանիքների և հարազատների հետ աշխատելիս։
Մասնակիցները ծանոթացան ժամանակակից տրավմաթերապևտիկ մեթոդի՝ Պատկերի փոխակերպման թերապիայի (Image Transformation Therapy, ImTT) շրջանակում կիրառվող Ցավի / սարսափի ազատման պրոտոկոլին, որը նախատեսված է տրավմատիկ փորձառությունների հետ աշխատանքի համար։
Սեմինարը ներառում էր նաև գործնական հատված, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան փորձարկել պրոտոկոլը և քննարկել դրա կիրառման հնարավորությունները տարբեր խմբերի հետ, այդ թվում՝ անհետ կորածների ընտանիքների, ինչպես նաև մասնագետների ինքնախնամքի շրջանակում։