
«Օլիգարխ Ռուբեն Վարդանյանին վերաբերող Բաքվի դատարանի որոշումը ոչ միայն արդարադատության իրացում էր, այլև Ադրբեջանի ժողովրդին անասելի տառապանքներ պատճառած 30 ամյա հակամարտության խորհրդանշական և տրամաբանական ավարտ»,-X-ի իր օգտահաշվում այսօր գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա շեշտել է, որ հակամարտության լուծման եզակի՝ ռազմական-քաղաքական մոդել առաջ մղելով և հակամարտությունից հետո խաղաղության օրակարգ նախաձեռնելով՝ «Ադրբեջանը նաև ապահովել է, որ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց, այդ թվում՝ Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին և մյուսներին պատասխանատվության ենթարկեն»։
«Մեր ակնկալիքն էր, որ Նյուրնբերգյան դատավարության, նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի կամ Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալի օրինակով Ադրբեջանի դեպքում ևս նմանատիպ դատական ատյան ստեղծվի։ Այսօրվա անարդար միջազգային միջավայրում, սակայն, օրենքի կիրառումն անգամ դարձել է ավելի քաղաքականացված և ենթարկվում է երկակի ստանդարտների։
Այդ իսկ պատճառով Ադրբեջանը բաց դատական գործընթաց կազմակերպեց և արդարադատությունն իրացրեց իր սեփական իրավական համակարգի շրջանակներում՝ օրինակ ծառայելով միջազգային ողջ հանրության համար»,- պնդում է Հաջիևը։
Ալիևի խրոխտ օգնականը, փաստորեն, խոստովանում է, որ նրանք վախենում են դիմել միջազգային ատյաններ, նույնիսկ ստիպում են Հայաստանին հետ կանչել հայցերը։
Որովհետև ցանկացած միջազգային ատյանում Ադրբեջանը կպարտվեր, դրա համար, “Նյուրնբերգ” բեմադրեց Բաքվում։ Բաքուն ոչ մի իրավական հիմք չունի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված Ղարաբաղյան շարժումը որպես “ահաբեկչություն” ներկայացնելու համար։ Միջազգային դատարաններում կծիծաղեյին նրանց վրա, ով կասեր, որ իրենց հայրենիքում ինքնորոծշված հայերը՝ ահաբեկիչնր են։ Ավելին՝ պարզ հարց կտան “նյուրնբերգասեր” Բաքվին․ ո՞ւր են Արցախի հայերը; Գուցե՝ նաև Նյուրնբերգ կկազմակերպեին Արցախի բնիկ բնակչությանը ցեղասպանության սպառնալիքով բռնի տեղահանելու համար։