Պատերազմի քարոզչությունն արգելվեց․ ի՞նչ է դրա տակ հասկացվում

Ազգային ժողովի այսօրվա նիստում խորհրդարանն արգելեց հեռուստատեսությամբ և ռադիոյով պատերազմի քարոզչությունը։

Պարզ չէ, արդյո՞ք ազգային ազատամարտի հերոսների մասին պատմությունները, ՀՀ իրավունքների մասին հիշատակելը կամ Ադրբեջանին քննադատելը կդիտարկվեն որպես “պատերազմի քարոզչություն”։ Կասկած չկա, որ այս օրենքը կարող է պատճառ դառնալ որոշ ուժերի նախընտրական քարոզչությունը արգելափակելու համար։

Արցախյան պատվիրակությունը Բրյուսելում հանդիպել է եվրապատգամավորների հետ

Երեկ Բրյուսելում EAFJD-ի՝ Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD) աջակցությամբ տեղի ունեցան բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ՝ Արցախի ներկայացուցիչների և Եվրախորհրդարանի անդամների միջև: Քննարկումներ են տեղի ունեցել Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի (ԵԽ) և Եվրախորհրդարանի պատգամավոր Յանիս Մանիատիսի (@TAG)՝ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության փոխնախագահի հետ, որոնց հետ քննարկվել են Արցախի ժողովրդի առջև ծառացած կարևոր մարդասիրական և քաղաքական մարտահրավերները:

EAFJD-ի նախագահ Կասպար Կարամպետյանի և CDCA Belgique – Comité de Défense de la Cause of Arménienne – Hay Tad Belgium նախագահ Տիգրան Հովհաննիսյանի ուղեկցությամբ, Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, ինչպես նաև Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը, Արա Պուլուզյանը (ՀՅԴ-Արցախ) և Լեռնիկ Հովհաննիսյանը (Թեմական խորհուրդ) փորձել են Արցախի ձայնը հասցնել միջազգային կազմակերպություններին:

Արդյո՞ք Իսրայելն իրավունք ուներ թիրախային սպանելու Իրանի առաջնորդներին

Իրանն ուզում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել Իրանի ղեկավարության սպանության համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Մենք պետք է անենք դա։ Եվ կարծում եմ, ոչ միայն Իրանը, այլև ամբողջ միջազգային հանրությունն է խնդրում պատասխանատվության ենթարկել։ Որովհետև այն, ինչ արել են ԱՄՆ-ն և Իսրայելը, հանցագործություն է միջազգային խաղաղության և անվտանգության դեմ։ Դա ռազմական հանցագործություն է, հանցագործություն մարդկության դեմ», – ասել է Բաղային։
Նրա խոսքով` ընդհանուր (1949 թվականի Ժնևյան բոլոր չորս կոնվենցիաների համար – խմբ.) 1-ին հոդվածի համաձայն, բոլոր պետությունները պարտավորվում են պահպանել և ստիպել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը։
«Քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից կատարված վայրագությունները խախտում են այս սկզբունքները, կարծում եմ, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները պետք է կոչ անեն, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատասխանատվության ենթարկվեն», – հավելել է նա։

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները

Ադրբեջանը շարունակաբար դիմում է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով վերացնել միջանկյալ միջոցը, որով Ադրբեջանը պարտավորվում է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին։ Ադրբեջանը հավաստիացնում է, որ բոլոր գործընթացներն ընթանում են թափանցիկ և հրապարակային։

ՄԻԵԴ-ը 2026 թ․ ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ Ադրբեջանի կառավարությանը կրկին պարտավորեցնելով շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների և բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է նաև ներկայացնել հայ գերիների դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռ կայացրած դատավորների հիմնավորումները՝ գործում առկա ապացույցների վրա հիմնված։

Զեկույցի ներկայացման հաջորդ վերջնաժամկետը 2026 թ․ օգոստոսի 31-ն է։

Ռուսական ընկերությունները կմասնակցեն Արցախի «վերականգնմանը». նոր պայմանագիր

Բաքվում ելույթ ունենալով՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ռուս գործարարները հետաքրքրված են օկուպացված Արցախում շինարարական աշխատանքներին մասնակցելու հարցում։

«Մենք խրախուսում ենք ռուսական բիզնեսին ակտիվորեն մասնակցել այստեղ իրականացվող շինարարական նախագծերին։ Մասնավորապես, ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը լայն հնարավորություններ է բացում նման համագործակցության համար», – նշել է նա։

Օվերչուկը բերել է տարածաշրջանում ռուսական բիզնես գործունեության հաջող օրինակներ։ Նա հայտնել է, որ Ջաբրայիլ և Սանկտ Պետերբուրգ քաղաքների միջև համագործակցության շրջանակներում կարևոր կապեր են հաստատվել։

«Միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում Զանգիլանի շրջանի գյուղերում կառուցվում են մանկապարտեզներ՝ Աստրախանի շրջանի միջոցներով», – ասել է Օվերչուկը։

Իր հերթին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Ադրբեջանը հրավիրում է ռուսական ընկերություններին ավելի ակտիվորեն մասնակցել այդ տարածքներում իրականացվող ներդրումային նախագծերին։

Վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց, որ Հայաստանը «փակել է» Արցախյան հարցը և «խորհուրդ է տալիս» Ռուսաստանին անել նույնը։ Նա այս հայտարարությունն արեց ի պատասխան Պուտինի այն խոսքերին, որ «Ղարաբաղը մնում է ամենացավոտ կետը» երկու երկրների հարաբերություններում։ Պուտինը և Փաշինյանը փոխանակվեցին «մեղադրանքներով» այն մասին, թե նրանցից ով է առաջինը ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ գործնականում համաձայնելով այս պնդման հետ։

Չնայած Փաշինյանը, որը վերադարձել է Երևան, պարբերաբար վստահեցնում է, որ չունի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մտադրություն, Եվրամիությունն արդեն իսկ ստեղծել է երկրորդ առաքելություն, որի նպատակը ոչ թե Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանային անվտանգության մոնիթորինգը չէ, այլ ռուսական հիբրիդային սպառնալիքներից պաշտպանությունը։

Պուտինի և Փաշինյանի հանդիպումից հետո Օվերչուկը հայտարարեց, որ արևմտյան ներկայությունը խախտում է «տարածաշրջանում 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով հաստատված ստատուս քվոն»։ Երկու շաբաթ անց Օվերչուկը մեկնեց Բաքու, իսկ այնտեղից՝ օկուպացված Կովսական, որտեղ հայտարարեց Ռուսաստանի ներդրումների մասին Ղարաբաղում։

«Խաղաղության կամուրջի» շրջանակներում Ադրբեջանից վերադարձած հայկական ՀԿ-ները խոստովանեցին, որ Ադրբեջանը առկախել է Հայաստանի հետ «խաղաղության գործընթացը»։ Իր հերթին, Երևանը պնդում է, որ ԱՄՆ-ն կորցրել է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ։

Ռուս-թուրքական ստատուս քվոն տարածաշրջանում ամրապնդվում է, և դրա գագաթնակետը կարող է լինել Պուտին-Էրդողան հանդիպումը Շուշիում, որտեղ Կարսի պայմանագիրը կփոխարինվի Շուշիի պայմանագրով։

Ջերմաստիճանը գիշերը աստիճանաբար կբարձրանա

Ապրիլի 17-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վրկ արագությամբ։ Ջերմաստիճանը գիշերը աստիճանաբար կբարձրանա։

«Հայպետհիդրոմետ»–ից հայտնում են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի +2-ից +4 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ +16-ից +18 աստիճան։

Տարածաշրջանային օդի ջերմաստիճաններ՝

Շիրակ՝ գիշերը -1-ից -5°C, ցերեկը +11-ից +14°C

Կոտայքի լեռներ՝ գիշերը 0-ից -5°C, ցերեկը +10-ից +13°C

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը +1-ից +3°C, ցերեկը +12-ից +15°C

Սևանա լճի ավազան՝ գիշերը 0-ից -5°C, ցերեկը +9-ից +13°C

Լոռի՝ գիշերը -3-ից +2°C, ցերեկը +10-ից +14°C

Տավուշ՝ գիշերը +3-ից +5°C, ցերեկը +14-ից +17°C

Արագածոտնի լեռներ՝ գիշերը -2-ից -5°C, ցերեկը +7-ից +11°C

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը 0-ից +4°C, ցերեկը +11-ից +16°C

Արարարատ՝ +3 մինչև +6°C գիշերը, +16-ից +19°C ցերեկը

Արմավիր՝ +2-ից +5°C գիշերը, +14-ից +17°C ցերեկը +16+19,

Վայոց ձորի լեռներ՝ -2-5 գիշերը, +7+11 ցերեկը,

Վայոց ձորի նախալեռներ՝ +2+5 գիշերը, +16+19 ցերեկը,

Սյունիքի հովիտներ՝ +3+7 գիշերը, +18+20 ցերեկը,

Սյունիքի նախալեռներ՝ -3+2 գիշերը, +11+15 ցերեկը։

Ռուսաստանի փոխվարչապետը Կովսականում է

Այսօր Զանգելան (Կովսական) են ժամանել ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի անդամները՝ փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ միջկառավարական հանձնաժողովի ռուս և ադրբեջանցի անդամները շրջել են Զանգելանի շրջկենտրոնում և հետևել շինարարական աշխատանքներին»։

Կովսականում բացակայում էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը ևս համատեղ եռակողմ հանձնաժողովի անդամ է։ Մոսկվան և Բաքուն այլևս չեն թաքցնում իրենց եղբայրական հարաբերությունները՝ առանց Հայաստանի։

«Ղարաբաղից տեղահանված 36 676 անձ արդեն ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն». նախարար

«Ղարաբաղից տեղահանված 36 676 անձ արդեն ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն»,- այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նա նշեց, որ 2025 թվականին Հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 25 670 անձի, որից 19 367-ը եղել են Արցախից բռնի տեղահանվածները։

«Բազմաթիվ են շահարկումները, որ պետությունը հատուկ քաղաքացիություն չի շնորհում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին։ Ես նշեցի, որ անցած տարվա կտրվածքով այդ թիվը եղել է 19 367, բայց ես ուզում եմ ամփոփել մինչ այս պահը եղած իրավիճակը եւ փաստել, որ Ղարաբաղից տեղահանված 36 676 անձ ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, որից մի մասը եղել է անձնագրավորման ռեժիմով, մնացածը՝ նախագահի հրամանագրով։  Տեղահանված անչափահասներն ընդհանուր առմամբ եղել են 28 հազարը, որից 12 հազարն արդեն անձնագրավորման եղանակով ստացել են ՀՀ քաղաքացիություն»,- ասաց նախարարը։

«Սա թույլ է տալիս փաստելու, որ ՀՀ-ն ավելի գրավիչ պետություն է դառնում թե ազգությամբ հայերի համար, ովքեր չունեին ՀՀ քաղաքացիություն եւ թե Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ու օտարերկրյա այլ պետությունների ներկայացուցիչների համար»,- հավելեց նա։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարցրեց՝ քանի՞ արցախցի է դիմել քաղաքացիություն ստանալու համար, բայց մինչ այս պահը չեն ստացել։ «Ես դիմումներ եմ ստանում, որ մարդիկ ամիսներ շարունակ սպասում են իրենց օրվան։ Դուք ունե՞ք տվյաներ, թե քանի մարդ է սպասում, եւ ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը։ Այսինքն՝ մինչեւ ընտրական պրցեսն այդ մարդիկ հնարավորություն կունենա՞ն ստանալու անձնագրեր եւ մասնակցել համապետական ընտրություններին»,- հարցրեց պատգամավորը։

Արփինե Սարգսյանն ասաց, որ այս տարվա 3,5 ամսվա ընթացքում արցախցիներից շուրջ 7000 դիմում է ստացվել։ Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում շուրջ 4000 դիմում էր ստացվել։ «Այս պահի դրությամբ ունենք պրոցեսի մեջ գտնվող շուրջ 4-5 հազար վարույթներ, որոնք ընթացքավորված են։ Եվ առաջիկայում մեծ խմբաքանակ կուղարկենք նախագահի աշխատակազմ։ Մի կողմից ես շատ ուրախ եմ, որ մեր հայրենակիցները որոշել են շարունակել իրենց կենսագործունեությունը ՀՀ-ում եւ պետության հետ ավելի ամուր կապ ձեւավորել՝ որպես քաղաքացի, մյուս կողմից, սա նաեւ մարտահրավեր է մեզ համար, որովհետեւ ավելի եծ հոսքեր կան։ Մի փոքր երկար է տեւում, բայց փորձագիտական նոր անձնակազմ ունենք ներգրավված, որպեսզի այս գործերը եւս արագ ուղարկենք նախագահի աշխատակազմ։ Ես որեւէ պրոցես չեմ կապում ընտրական գործընթացների հետ, որեւէ ձեւով հարցին չեմ անդրադառնում որպես ընտրությանը հասցնել-չհասցնելու թեմա։ Մենք ունենք հանձնառություն այն հայրենակիցների մասով, ովքեր ուզում են ստանալ ՀՀ քաղաքացիություն եւ ըստ այդ պրոցեսը կազմակերպել։ Մինչ այս պահն ունեցել ենք զրո մերժման դեպք»,- ասաց Արփինե Սարգսյանը։

 

14 անձի բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստանից», չգիտենք՝ մեղադրանքը որն է

Այսօր վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է խուզարկություններ Արտաշատի «Ուժեղ Հայաստան» կուսակցության  տարբեր գրասենյակներում և այս պահի դրությամբ արդեն շուրջ 14 անձ բերման է ենթարկվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Յուրա Դիլանյանը՝ հավելելով, որ բերման ենթարկվածների թիվն անընդհատ աճում է։

«Առավոտվանից փորձում ենք ճշտել, թե այդ անձանց որտեղ են տարել, ինչ կարգավիճակով, ինչի համար, որևէ ձևով ինֆորմացիա մեզ չի տրվում։ Առավոտից փորձում ենք մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք, փորձել իրականացնել մեր վստահորդների պաշտպանությունը, սակայն մինչև այս պահը դարձյալ արգելվում են մեր մուտքը և չեն թողնում, որպեսզի բարձրանանք, իրականացնենք անձանց պաշտպանությունը։

Որևէ տեղեկություն չունենք՝ ինչի համար են անձանց տարել, ի՞նչ մեղադրանքով, ի՞նչ կասկածանքով։ Քիչ առաջ ճշտեցինք, որ վստահորդներից մեկը գտնվում է այս պահին այս շենքում, իրականացնում են հարցաքննություն։ Նրա հարազատները դիմել են փաստաբանին, որպեսզի գնա, մասնակցի, իրականացնի պաշտպանություն, սակայն դարձյալ արգելում են փաստաբանի մուտքը։ Անձը իրավունք ունի հարցաքննվել փաստաբանի, պաշտպանի ներկայությամբ, դա ևս արգելվում ու խոչընդոտվում է։

Համատարած խախտումներ, համատարած խոչընդոտներ են ստեղծում, ոտնահարվում է պաշտպան ունենալու, իրավական օգնություն ստանալու իրավունքը»,–ասաց նա։

Հարցին՝ բերման ենթարկված 14 անձանցից միայն մե՞կն է Հակակոռուպցիոն կոմիտեում, փաստաբանը պատասխանեց. «Ես չեմ կարող կոնկրետ ասել, թե բոլորն էլ այստեղ են։ Հնարավոր է մի մասն այստեղ է, մի մասն էլ անհայտ ուղղությամբ այլ  վարչական շենքում է, որևէ տեղեկություն չունենք»։

Անդրադառնալով վարկածին, որ բարեգործության արգելքի վերաբերյալ դրույթն է խախտվել, Յուրա Դիլանյանն ասաց. «Այս պահին ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ մեղադրանք է, ի՞նչ մեղադրանքով են անձանց ձերբակալել, բերման ենթարկել։  Ցանկացած բան կարող են ասել։ Իհարկե, տեսնում ենք, որ համարյա բոլոր բերման ենթարկված, ձերբակալվածները մեկ մեղադրանքով են, որ իբր բարեգործության արգելք են խախտում, իբր ընտրակաշառք են բաժանում, իբր այսպես կոչված պայմանավորվածություններ են ձեռք բերում»։

news.am

ԱՄՆ-ն և Գերմանիան չեն հրաժարվում Իսրայելին զենք մատակարարելուց

ԱՄՆ Սենատը մերժեց մի բանաձև, որը, ըստ էության, պարտավորեցնում էր Թրամփի վարչակազմին դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները և դուրս բերել ամերիկյան զորքերը հակամարտության գոտուց մինչև Կոնգրեսի կողմից ուժի կիրառման շարունակականությունը պաշտոնապես հաստատվելը: Բանաձևը նաև կոչ էր անում դադարեցնել Իսրայելին զենքի մատակարարունը։

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի առաջին շաբաթների ընթացքում Գերմանիայի կառավարությունը հաստատեց Իսրայել զենքի արտահանումը, թեև համեմատաբար փոքր քանակությամբ: Փետրվարի 28-ից՝ Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական հարձակման օրվանից, մինչև մարտի 27-ը Բեռլինը կանաչ լույս տվեց 6,6 միլիոն եվրոյի մատակարարումների համար: Այս մասին ապրիլի 16-ին հաղորդել է dpa լրատվական գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության պատասխաններին ձախ կուսակցության պատգամավոր Ուլրիխ Թոդենի մի քանի հարցումներին:

Ալիևը «վերադառնում է» Մոսկվայի մոտ. Թուրքմենչայի պայմանագիրը ուժի մե՞ջ է

Ապրիլի 1-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, խոսելով TRIPP-ի մասին, անսպասելիորեն հիշեցրեց 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագիրը, որի համաձայն՝ ռուս-պարսկական պատերազմի արդյունքում «Էրիվանի և Նախիջևանի խանությունները զիջվեցին Ռուսաստանին»։

Այս հայտարարությունից ընդամենը երկու շաբաթ անց Ռուսաստանի փոխվարչապետը հայտնվել է Բաքվում, որտեղ հայտարարվեց ռուս-ադրբեջանական «հավերժական բարեկամության» նոր փուլի մասին։ Երկու երկրների նախարարությունները հայտարարեցին, որ վերջնականապես լուծել են 2024 թվականի դեկտեմբերին ռուսական հրթիռով խոցված ադրբեջանական ինքնաթիռի հարցը։ Ռուսաստանը, իբր, համաձայնել է փոխհատուցում վճարել, և այժմ Բաքուն կրկին վերադառնում է Մոսկվայի “տիրապետության” տակ։

Սակայն հանտանշական է, որ Ռուսաստանի փոխվարչապետը մեջբերեց 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով տարածաշրջանում հաստատված ստատուս քվոն, այլ ոչ թե 1921 թվականի Կարսի ռուս-թուրքական պայմանագիրը, որը փաստացի չեղյալ հայտարարեց ռուս-պարսկական համաձայնագրերը և որը ուժի մեջ է մինչ օրս։ Կարսի պայմանագրի համաձայն՝ Նախիջևանի հայկական մարզը փոխանցվեց Ադրբեջանի պրոտեկտորատին, իսկ Կարսը, Սուրմալուն և Արդահանը՝ Թուրքիային։

Վերլուծաբանները զարմացած են, որ Ռուսաստանը չի հիշել Կարսի պայմանագիրը, երբ Ալիևը մի քանի ամիս առաջ Նախիջևանի Սահմանադրությունից հանեց Կարսի պայմանագրի հղումը։ Հայաստանը նույնպես չարձագանքեց, իսկ ԱՄՆ փոխնախագահ Վենսը, որը Բաքու էր ժամանել Իրանի վրա ԱՄՆ հարձակումից մի քանի օր առաջ, բազմիցս հայտարարեց, որ Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Ոչ ոք չասաց, թե արդյոք Կարսի պայմանագիրը դեռևս ուժի մեջ է, թե ոչ։

Սա այդ ժամանակ անկարևոր էր, քանի որ ամբողջ աշխարհը սպասում էր Իրանի փլուզմանը և տարածաշրջանային լանդշաֆտի փոփոխությանը։ Սակայն, Իրանի դեմ ամերիկա-իսրայելական արշավը հեռու է հաղթանակից, և Ադրբեջանը այդպես էլ հնարավորություն չունեցավ խաղալու «Ատրպատականն Ադրբեջանին միակցողի» և Իրանի գլխավոր «մասնատողի» դերը։ Իրանը անդրդվելի մնաց, և այժմ Ռուսաստանը հղում է անում Բաքվի, Նախիջևանի և «Էրիվանի» վերաբերյալ Իրանի, այլ ոչ թե Թուրքիայի հետ կնքված պայմանագիրը։

Աշխարհում տեղի է ունենում սահմանների նոր «գլոբալ» բաժանում, և բոլորը հանում են դարակներից «հավերժ» կնքված իրավական ակտերը։ Օրինակ՝ 1813 թվականի Գյուլիստանի ռուս-պարսկական պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը ստացավ Ղարաբաղը, այսօրվա Ադրբեջանի ամբողջ տարածքը, ինչպես նաև Դերբենդը և Դաղստանը։

Ալիևն ու Փաշինյանը հիանալի հասկացան իրավիճակը և կրկին «վերադարձան» Ռուսաստան։ Փաշինյանն անձամբ այցելեց Մոսկվա ապրիլի 1-ին, իսկ երեկ նա մեկ ժամ խորհրդարանում համոզում էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ոչ մտադրության չունի։ Ալիևն էլ մեծահոգաբար «ներեց» Պուտինին թե՛ ինքնաթիռի խոցման, թե՛ Ռուսաստանում ադրբեջանցի օլիգարխների ձերբակալությունների համար։

Իրանի հետ հավանական խաղաղությունից հետո Ադրբեջանը կկորցնի իր դերը՝ որպես «տարածաշրջանային խուժանի» և նավթի տակառի, մինչդեռ Հայաստանը կդառնա հսկայական «խաչմերուկ»՝ առանց պետականության կամ սահմանների, Մոսկվայի վերահսկողության տակ։ Սա տեղի կունենա անկախ Հայաստանի ընտրությունների արդյունքից։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանում մտահոգված են երկրի տնտեսության անկմամբ՝ չնայած նավթի գների աճին, ավելին, Բաքուն ակնկալում է նավթից ստացված եկամուտների կտրուկ անկում Իրանի հետ պատերազմից հետո։ Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն կասկածներ են հայտնում TRIPP-ի ապագայի վերաբերյալ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը անհաջող փորձեց ԱՄՆ Պետդեպարտամենտի TRIPP-ի վերաբերյալ հերթապհ հայտարարությունը ներկայացնել որպես «ԱՄՆ շահագռգրվածության հավաստիացում»։

Ադրբեջանի արտաքին առևտրի ցուցանիշները (հունվար-փետրվար) ցավալի տեսք ունեն. ընդհանուր շրջանառությունը կտրուկ նվազել է 23.5%-ով, արտահանումը նվազել է 9.6%-ով, իսկ ներմուծումը՝ 37.1%-ով։ Սա նշանակում է, որ երկրի տնտեսությունը պահվում է միայն քաղաքական որոշումներով, և Ալիևը որոշել է, որ ժամանակն է «հաշտվել Պուտինի հետ»։ Ռուսաստանի կողմից գազի գները բարձրացնելու սպառնալիքներից հետո Հայաստանը նույնպես մեղմացրել է իր հակառուսական տոնը։

Անհասկանալի է, թե ինչ տեսք կունենա «հայ-ադրբեջանական խաղաղությունը» այս ֆոնի վրա։ Փաշինյանը խոստանում է նոր Սահմանադրություն, որը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ այն «ազատում» է Մոսկվային Կարսի պայմանագրի բեռից և վերահաստատում խորհրդային սահմանները։ Մյուս կողմից, երկաթուղային և այլ ռուսական կապերի վերականգնումը Ադրբեջանի և Վրաստանի միջոցով դեպի Թուրքիա չափազանց ձեռնտու է Ռուսաստանի համար, ուստի Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի Բաքվի և Երևանի միջև «խաղաղությունը» չփլուզվի։

Ռուսաստանի կողմնակիցները Հայաստանում գոհ են, որ Ալիևը կրկին վերադարձել է Ռուսաստան, կարծես դա հանուն Հայաստանի է արվում։ Սակայն, եթե Ռուսաստանը ցանկանում է հայկական պետականության պահպանում, եթե չէր ցանկանում Արցախի հայաթափումը, այն կարող էր երկու պարզ քայլ անել. վերանայել Բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշումը՝ Արցախը Ադրբեջանին փոխանցելու մասին և Կարսի պայմանագրից դուրս գալ։

Երեւանում Մոսկվայից լավ գիտեն, թե ինչն է շահավետ Ռուսաստանին

Երկաթգծի կոնցեսիոն կառավարումը Ռուսաստանից վերցնելու և այլ երկրին, օրինակ, Ղազախստանին փոխանցելը ձեռնտու է նաև Ռուսաստանին։ Այս մասին ապրիլի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը։

«Ես կարծում եմ, դա և ռուսների համար է ձեռնտու, որովհետև ես գիտեմ, որ այսօր բավականին ֆինանսական և տարբեր խնդիրներ կան։ Ցանկալի է ինչո՞ւ։ Որովհետև Ռուսաստանի հետ կպնելու ենք մենք մեկ է, ինչ-որ մի տեղով, և լավ կլինի, որ Ռուսաստանը ճիշտ որոշում կայացնի, այդ փոխհարաբերությունները ստեղծի։ Ռուսաստանը նույնպես շահելու է, որովհետև տարածաշրջանը սկսելու է շնչել։  Այլ երկրներից, օրինակ, Հնդկաստանից ապրանք է գալու Հայաստանով անցնի, որտեղ Ռուսաստանն էլ է մաս ունենալու», – ասաց նա։

Հայաստանում ավելի լավ գիեն, թե ինչն է ձեռնտու Ռուսաստանին․ մեկն ասում է՝ Փաշինյանը Պուտինին այկևս չի բավարարում, մյուսը պնդում է, որ հենց Փաշինյանն է ամենաձեռնտուն։ Հիմա էլ երկաթուղին․ ի՞նչը պետք է ստիպի Ռուսաստանին հրաժարվել Հայաստանի երկաթուղուց։ Ո՞րն է նրա օգութը։