Եվրապարլամենտի նախագահը Երևանից հակադարձել է Ալիևին

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Երեւանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթին։

«Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձեւերն ընդունվում են մեծամասնության միջոցով։ Եվ դրա արդյունքները գուցե անհարամրություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեւէ չենք փոխում մեր աշխատակարգը եւ մեր դիրքրոշումները, որոնք որդեգրում ենք»,- ասաց նա։

Ալիևը բողոքել է Եվրոպական խորհրդարանի 14 հայամետ բանաձևերից

Ալիևը, դիմելով եվրոպացի առաջնորդներին, կրկին քննադատեց Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» ու «սադրիչ քայլերի համար»։

Բաքվից տեսակապով միանալով Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Ալիևը պնդեց, թե այդ կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից՝ 2021-ից մինչև 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը՝ այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ»,-հայտարարել է Ալիևը, պնդելով, թե դրա փոխարեն եվրոպացի պատգամավորները պետք է անդրադառնան եվրոպական ընտանիքի «հիմնարար խնդիրներին՝ միգրացիա, իսլամաֆոբիա, մրցունակության բացակայություն»։

Հայ գերիների ընտանիքները նամակով դիմել են Կանադայի վարչապետին

Ադրբեջանում պահվող հայ գերիների ընտանիքները դիմել են Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ իրենց հարազատների ազատ արձակումը խթանելու համար։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին մայիսի 3-ին ժամանել է Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

«Մենք գրում ենք՝ ձեր ուշադրությունը հրավիրելու հրատապ մարդասիրական խնդրի վրա՝ մեր հարազատների՝ 19 հայ բանտարկյալների շարունակական կամայական կալանքի վրա, որոնք ներկայումս պահվում են Ադրբեջանում։ Չնայած միջազգային մարմինների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակման վերաբերյալ բազմիցս կոչերին, Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով կալանավորել նրանց՝ երկարաձգելով նրանց ընտանիքների տառապանքները և խաթարելով խաղաղության գործընթացի նկատմամբ վստահությունը», – ասվում է «Free Armenian Prisoners» կայքում հրապարակված նամակում։

Նամակի հեղինակները նշել են, որ Կանադան՝ ստեղծելով պատանդների Ավագ սպայի պաշտոնը և առաջնորդելով միջպետական ​​հարաբերություններում կամայական կալանքի դեմ հռչակագրի ընդունումը, հաստատել է, որ անհատները չպետք է օգտագործվեն որպես պետությունների միջև քաղաքական ճնշման գործիքներ։

«Մեր հարազատների իրավիճակը ուղղակիորեն համապատասխանում է այս պարտավորությունների ոգուն և նպատակին։ Մեր մտահոգությունն ավելի է սրվում կալանքի պայմանների և միջազգային մարմինների կողմից փաստաթղթավորված մարդու իրավունքների լուրջ խախտումների պատճառով։ Նրանց դատավարությունները լայնորեն քննադատվել են որպես արդար դատավարության երաշխիքներին անհամատեղելի», – նշել են գերիների հարազատները։

Նրանք նշել են, որ Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարություններ են արել, որոնք ցույց են տալիս, որ նրանք մտադիր չեն ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանում ֆիզիկական ներկայության դադարեցումը մեր ընտանիքներին զրկել է մեր սիրելիների առողջության և բարեկեցության վերաբերյալ կանոնավոր և անկախ թարմացումներ ստանալու հնարավորությունից», – նշվում է նամակում։

Գերիների ընտանիքները խնդրել են Կանադայի պատանդների հարցերով ավագ սպային զբաղվել Բաքվում պահվող հայ գերիների խնդրով և աջակցել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակման ջանքերին։

«Մենք նաև խնդրում ենք Կանադային օգտագործել իր ձայնը, դիվանագիտական ​​ուղիները և գործընկերությունը, այդ թվում՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների և կամայական կալանքի դեմ հռչակագրի այլ ստորագրողների հետ՝ Ադրբեջանի վրա սկզբունքային ճնշումը համակարգելու համար», – նշվում է նամակում։

Նրանք ընդգծեցին, որ Ադրբեջանի խաղաղության պարտավորությունները չեն կարող հավաստի լինել հայ հասարակության համար, քանի դեռ հայ գերիները մնում են գերության մեջ։ Նրանք նաև կոչ արեցին Քարնիին հանդիպել իրենց հետ, անմիջականորեն լսել նրանց մտահոգությունները և բարձրացնել հայ գերիների հարցը միջազգային առաջնորդների հետ բանակցություններում։

«Նրանց ազատ արձակումը և հայրենադարձությունը կարևոր են ցանկացած իրական խաղաղ գործընթացի համար և ներկայացնում են վստահության ամրապնդման կարևոր միջոց», – նշեցին կոչի հեղինակները՝ վստահություն հայտնելով, որ Կանադան կարող է հիմնարար և կառուցողական դեր խաղալ գերիների ընտանիքների տառապանքները դադարեցնելու գործում։

Պետք է գնահատականներ հնչեն, թե Արցախի ժողովրդի հանդեպ ինչ հանցագործություններ են տեղի ունեցել

«Երբ արցախցիների վերադրաձի իրավունքի մասին ենք խոսում, բնականաբար, պետք է առաջին հերթին գնահատականներ հնչեն, թե Արցախի ժողովրդի հանդեպ ինչ հանցագործություններ են տեղի ունեցել։ Դրանից հետո նոր կարող ենք խոսել, թե վերադարձն ինչպիսին կարող է լինել, որպեսզի երաշխավորենք նոր հանցագործությունների կանխումը»,- Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ Երեւանում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց հայտարարեց Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները գիտեն, որ արցախցիների նկատմամբ տեղի է ունեցել զանգվածային ոճրագործություններ։

«Քաղաքական գործիչների եւ մասնագետների մի մասն ասում են՝ ցեղասպանություն, մյուս մասը՝ էթնիկ զտում, պարզապես ցեղասպանության իրավական գնահատականից խուսափելու համար, ոչ ավելին։ Բայց նույնիսկ եթե քննարկվում է, թե արդյոք սա ցեղասպանություն է, թե՞ մարդկության դեմ հանցագործություն, էությունը չի փոխվում՝ ոչ պատասխանատվության տեսանկյունից, ոչ էլ իրավունքների վերականգնման, լուծումների տեսանկունից։

Եվ այս առումով ես կուզեմ հիշեցնել, որ մեր վերադարձի իրավունքը ոչ միայն ապրիորի է՝ բխելով միջազգային իրավունքի տարբեր փաստաթղթերից, այլ նաեւ կոնկրետ է՝ բխելով ՄԱԿ-ի Արդարդատության միջազգային դատարանի հրամանից՝ 2023 թվականի նոյեմբերի 17, բխելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40 երկրների համատեղ հայտարարությունից՝ 2023 թվականի հոկտեմբերի 11, որի տակ կան Երեւանում հիմա գտնվող առաջնորդների ներկայացրած բազմաթիվ պետությունների ստորագրություններ։ Նրանք բոլորն այս փաստաթղթերով արձանագրել են, որ ԼՂ բռնի տեղահանված բնակիչները պետք է հնարավորություն ունենան արժանապատիվ, անվտանգ, ապահով եւ անհապաղ, անխոչընդոտ վերադարձի։

Հիմա մենք հայտարարում ենք, որ 2,5 տարի է՝ Արցախի ժողովուրդը ցանկանում է վերադառնալ մեր հայրենիք՝ անվտանգ, արժանապատիվ պայմաններով, միջազգային երաշխիքների ներքո։ Ոչ ոք չի ապահովում այդ պայմանները, ոչ ոք Արդարադատության միջազգային դատարանի հրամանը չի կատարում եւ որեւէ երկխոսության միջազգային մեխանիզմ չի ներդնում։ Ավելին, բոլորն անտեսում են մեր դիմումները, ընդհուպ մինչեւ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մեզ հորդորում է մոռանալ մեր վերադարձի իրավունքը։ Հենց այն վարչապետը, որն ստորագրել է Արդարադատության միջազգային դատարանին ուղղված դիմումը, որի հիման վրա էլ հրաման էլ ընդունվել։ Հետեւաբար, մենք այստեղ ենք՝ ասելու, որ անկախ Հայաստանի Հանրապետության որեւէ իշխանության դիրքորոշումից, Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք եւ վերադարձի ցանկություն»,- ասաց նա։

Իսկ միջազգային հանրությունը, Արտակ Բեգլարյանի խոսքով, ունի պարտավորություն՝ ապահովելու արցախցիների վերադարձի իրավունքը։

«Ավելին, եթե դուք ցանկանում եք խաղաղություն տարածաշրջանում, ապա մեր վերադարձի իրավունքը եւ մեր մնացած բոլոր իրավունքները՝ գերիների, պատանդների վերադարձ, մշակութային ժառանգության, մասնավոր ու հանրային սեփականության պաշտպանություն, բոլոր բոլորը պետք է հարգվեն ու վերականգնվեն։ Այլապես տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, եւ ալիեւյան ցեղասպանական ռեժիմը շարունակելու է նորանոր հանցագործությունները հայ ժողովրդի, ՀՀ եւ մարդկության դեմ»,- հայտարարց Բեգլարյանը։

ԱՄՆ-ը Հորմուզի նեղուցում մեկնարկում է «Ազատություն» նախագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կապահովի ուղեկցորդներ Պարսից ծոցում Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով խցանված առևտրային նավերի համար։

«Եթե այս մարդասիրական գործընթացը որևէ կերպ խոչընդոտվի, ապա, ցավոք, այդ միջամտությանը պետք է հակազդվի ուժով», – հավելել է նա։

Թրամփը ուղեկցորդներին անվանել է «Ազատության նախագիծ», և դրա իրականացումը կսկսվի երկուշաբթի՝ մայիսի 4-ի առավոտյան։

Դուք էիք ասում, որ ԵՄ-ն երբեք չի համարել Լեռնային Ղարաբաղը զավթված ՀՀ-ի կողմից

«Մենք 38 տարուց ավելի է՝ պայքարում ենք արդարության համար եւ պայքարում ենք, որ Եվրամիությունը չմոռանա իր առաքելությունը։ Իր առաքելությունը բոլորովին այս խայտառակության քողարկումը չէ։ Ամոթ ձեզ, որ դուք կորցնում եք բոլոր այն արժեքները, որին մենք հավատացել ենք եւ որին ծառայել ենք»,- Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ Երեւանում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Լարսիա Ալավերդյանը։

«Մենք այսօր էլ ենք հավատում, որ չկա այլ ճանապարհ՝ լինի դա խաղաղության, լինի դա արդարության, քան միայն ու միայն իրավական ճանապարհով ցանկացած բարդ խնդրի լուծումը»,- ասաց նա։

Լարիսա Ալավերդյանը դիմեց եվրոպացի պաշտոնյաներին․ «Այդ ի՞նչ է եղել ձեզ՝ մինչեւ 2014 թվականը դուք պնդում էիք, եւ կային որոշումներ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը որեւէ առումով չի համարվում զավթված Հայաստանի կողմից, այլ հակառակը, հենց դուք էիք ճանաչում, որ ԼՂՀ բնակիչների մեծ մասը, եթե ոչ բոլորը հանդիսանում են ՀՀ քաղաքացի, ոչ թե ճամփորդական փաստաթղթերի կրող։ Եվ դա տեղի է ունեցել բացեիբաց, այն ժամանակ, երբ քննարկվում էր մի հարց, որը վերաբերում էր Ռուսաստանին, որի նկատմամբ ընդունվում էր որոշում, որ զավթել եւ օկուպացրել է Վրաստանի տարածքները։ Ադրբեջանի ներկայացուցչի հարցին, թե ինչո՞ւ նույն բանը չեք ընդունում Հայաստանի Հանրապետության հանդեպ, Բրիտանիայի ներկայացուցիչ պատգամավորը հստակ պատասխանել էր՝ ԵՄ-ն երբեք չի համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զավթված կամ օկուպացված Հայաստանի Հանրապետության կողմից։ Դա 2009 թիվն էր, այդ ի՞նչ է պատահել ձեզ բոլորիդ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին հանկարծ ի՞նչ իրավունքով է հայտարարվում, թե ԼՂ-ն պատկանում է Ադրբեջանին։ Ամոթ ձեզ, դուք ի՞նչ է, չգիտե՞ք պատմությունը, չգիտե՞ք միջազգաին իրավունքը»։

 

Մենք գլխավոր մեսիջն այն է, որ մենք չենք հանդուրժում այս իրավիճակը․ Արտակ Բեգլարյան

Երեւանում այսօր անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում։

Ակցիայի մասնակցիները «Արցախը Հայաստան է», «Ազատություն հայ գերիներին» եւ այլ կարգախոսներով միջազգային հանրությունից պահանջում են քայլեր ձեռնարկել արցախցիների իրավունքների պաշտպանության, հայ գերիների ազատության, Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցերում։

Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավաքվել են պահանջներ ներկայացնելու։ «Իրականությունն այսպիսին է՝ մինչ գործող իշխանությունները խոսում են ժողովրդավարության մասին, ժողովրդավարության սկզբունքները ոտնահարվում են՝ քաղբանտարկյալներ, բռնաճնշուներ, ատելության խոսք, եկեղեցու դեմ ոտնձգություններ։ Եվ մինչ նրանք խոսում են խաղաղության ու արցախցիների իրավունքների պաշտպանության մասին, իրականությունն այնպիսին է, որ մեր բոլոր իրավունքները ոտնահարվում են, ոտնահարված են, եւ իշխանություններն էլ դրա հեղինակներն են կամ աջակցում են ադրբեջանական խախտումներին։ Մեր պահանջն այն է, որ պաշտաճ ուշադրության կենտրոնում պահեն այդ խնդիրները՝ առնվազն տեղյակ լինեն, թե ինչ է կատավում։ Մեր պահանջն է, որ արցախցիների իրավունքները հնարավորինս պաշտպանվեն, գերիների վերադարձ, մշակության ժառանգության ու մեր մասնավոր սեփականության պաշտպանություն, վերջին հաշվով՝ Արցախի ժողովրդի վերադարձ։ Այս բոլոր հարցրեը մենք պետք է բարձրաձայնենք»,- ասաց նա։

Արտակ Բեգլարյանը նշեց, որ չի ակնկալում, որ մեկ ակցիայով հասնելու են որեւէ հաջողության, բայց պետք է լինել հետեւողական, նաեւ այսպիսի հնարավորություններն օգտագործել։ Արտակ Բեգլարյանն ասաց, որ Ֆրանսիայի օգնությամբ որոշակի հաջողություններ աձանագրելու հնարավորություններ կան, բայց գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են։

«Քանի դեռ ՀՀ-ն՝ ի դեմս այս իշխանությունների, բոլոր ձեւերով ոտնահարում է մեր իրավունքները, բնականաբար, ոչ մի այլ երկիր, ընդհուպ Ֆրանսիան, ավելին չեն անելու, քան ՀՀ-ն պետք է անի արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում։ Էլ չասեմ, որ ժողովրդավարության սկզբունքների խախտումները հենց Հայաստանի իշխանություններն են անում։ Հետեւաբար, մեր գլխավոր պատկերացումն այն է, որ այս բոլոր ակցիաներով, ջանքերով մենք նաեւ ՀՀ քաղաքացիներին էլ ենք այդ ուղերձը տալիս, որ մենք չենք հանդուրժում այս իրավիճակը։ Իսկ եվրոպացի առաջնորդներին ուղղակի ուզում ենք ցույց տալ այն իրականույությունը, որն առկա է եւ հնարավորինս նվազեցնելու նրանց աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։ Ակնհայտ է, որ նրանք Փաշինյանին աջակցում են երկու հարցում էլ՝ թե ներքին բռնաճնշումների հարցում՝ առնվազն աչք են փակում, թե Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների ու մեր դեմ տեղի ունեցած միջազգային հանցագործությունների լեգիտիմացման հարցում։ Մենք գլխավոր մեսիջն այն է, որ մենք չենք հանդուրժում այս իրավիճակը»,- նշեց նա։

ԵՄ-ն պետք է պատասխանի կոնկրետ հարցերի, նախքան Հայաստանը պլացդարմի վերածելը

Չնայած տարածված կարծիքին, որ Երևանում կայացած եվրոպական գագաթնաժողովը կազմակերպվել է Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը ընտրություններում աջակցելու և այնուհետև Հայաստանը «հանձնելու» համար, վերլուծաբանները տեսնում են ավելի խորը պատճառներ, թե ինչու 40-ից ավելի եվրոպացի առաջնորդներ և Կանադայի վարչապետը համաձայնեցին այս ծանր պահին մեկնել Հայաստան, որը սահմանակից է Իրանի պատերազմական գոտուն։

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առճակատման և համաշխարհային կարգի փլուզման պայմաններում Եվրամիությունը փնտրում է նոր հենակետեր՝ իր ազդեցությունը պահպանելու համար։ Սա ստիպում է եվրոպացի առաջնորդներին համաձայնագրեր կնքել Չինաստանի հետ, համագործակցել Իրանի հետ, աջակցել Պաղեստինին և Լիբանանին և սիրահետել Հայաստանին։

Հայաստանը մի երկիր է, որի սահմանները դեռևս որոշվում են 1921 թվականի ռուս-թուրքական անօրինական Կարսի պայմանագրով։ 2020-2023 թվականների Արցախյան պատերազմից հետո Ռուսաստանը և Թուրքիան «վերահաստատեցին» Կարսի պայմանագրով հաստատված սահմանները։ Իսկ եվրոպացի առաջնորդները ի դեմս Շառլ Միշելի և Մակրոնի, «հաստատեցին» սա եվրոպական կնիքով՝ պարզապես Կարսի պայմանագիրը «փոխարինելով» Ալմա-Աթայի հռչակագրով։ Արդյունքում, Ռուսաստանը «մեղադրեց» Եվրոպային «Հայաստանի խորհրդային սահմանները ճանաչելու» և, հետևաբար, Արցախում էթնիկ զտումների մեջ։

Եվրոպական Միության կողմից «խորհրդային սահմանների» ճանաչումը նրան դարձնում է Արցախում տեղի ունեցած ցեղասպանության մեղսակից, և մինչ Հայաստանում պլացդարմ ստեղծելը Եվրոպան պետք է ազատվի այս ծանր մեղադրանքից։

ՀՀ իշխանությունները, որոնք Հայաստանի դենացիոնալիզացիայի քաղաքականության պրովայդերներն են, չեն խոսում Կարսի պայմանագրի մասին և մտադիր են վերջնականապես ճանաչել Թուրքիայի հետ անօրինական սահմանը։ Իշխանությունները սեփական քաղաքացիներին արգելում են նույնիսկ նայել Արարատ լեռանը։ Որքանո՞վ է սա ընդունելի ԵՄ-ի համար։

ԵՄ առաջնորդներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Անտոնիո Կոստան, որոնք ժամանել էին Հայաստան, իրենց սոցիալական ցանցերի էջերում հրապարակել են Երևանի համայնապատկերներ՝ Արարատ լեռան ֆոնին։

Ավելին, մայիսի 3-ին՝ Երևան ժամանելու օրը, Կանադայի վարչապետը և արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև Հունաստանի նախագահը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին։

Եթե ​​եվրոպացի առաջնորդները ցանկանում են հենարան ունենալ Հարավային Կովկասում, նրանք ոչ թե պետք է ճանաչեն Հայաստանի ռուս-թուրքական սահմանները, այլ հռչակեն հայերի իրավունքները և վճռականորեն հաստատեն հակամարտությունները լուծելու համար ուժի կիրառման, էթնիկ զտումների և բարբարոսության մերժումը։

Երևանի գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր առաջ Բելգիայի և Նիդեռլանդների խորհրդարանները, ապա նաև Եվրախորհրդարանը, ընդունեցին բանաձևեր, որոնցով կոչ էին անում Արցախի ժողովրդին վերադարձնել հայրենիք, վերադարձնել գերիներին և պահպանել Արցախի մշակութային և կրոնական ժառանգությունը: Չնայած Բաքուն հայտարարեց, որ խզում է կապերը Եվրախորհրդարանի հետ, նրանք ևս ընդունեցին, որ Եվրախորհրդարանի բանաձևերը պարտադիր չեն։

Պարտադիր են ԵՄ գործադիր մարմինների որոշումները, և եթե եվրոպական երկրները իսկապես հետաքրքրված են Հայաստանով, ապա պետք է ձեռնարկեն կոնկրետ քայլեր։

Առաջին և ամենակարևորը՝ Հայաստանին անդամակցություն առաջարկելն է ֆրանսիական ուժերի վրա հիմնված կառուցվող եվրոպական միջուկային զսպման համակարգում։

ԵՄ-ն կարող է Հայաստանին օգնել նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը՝ նոր էներգետիկայի և նոր երկաթուղային համակարգի զարգացման միջոցով։

ԵՄ-ն կարող է նպաստել Բաքվից հայ բանտարկյալների վերադարձին (Մակրոնը խոստացել էր քննարկել սա Ալիևի հետ Երևանում):

Կհաջողվի՞ ԵՄ-ին հենարան հաստատել Հայաստանում, և արդյո՞ք եվրոպացիները հետևողական կլինեն։ Որքանո՞վ է ճիշտ հույսը դնել Հայաստանում այնպիսի քաղաքական ուժի վրա, որը հստակորեն գործում է ռուս-թուրքական դավադրության շրջանակներում։

«Մինչ եվրոպացի առաջնորդները մեկնում են Երևան՝ խոստանալով քաղաքացիական առաքելություններ հիմնել և վիզային ռեժիմի ազատականացում առաջիկա երկու տարիների ընթացքում, դեռևս հստակ ժամկետներ չեն սահմանվել Հայաստանի ԵՄ անդամակցության, պաշտպանական պարտավորությունների կամ ռուսական գազը փոխարինելու ծրագրերի համար», – հաղորդում է BBC-ն։

Եթե Հայաստանում ընտրությունները կամ հետընտրական գործընթացները հանգեցնեն Հայաստանի համար բացասական հետևանքների, Հայաստանում եվրոպական օրակարգը կարող է խիստ տուժել, և ԵՄ-ի նկատմամբ դրական հասարակական կարծիքը կարող է կտրուկ փոխվել։ Այդ “հետևանքները” ներառում են նոր սահմանադրության ընդունումը, Երրորդ Հանրապետության լուծարումը և ռուս-թուրքական իրողությունների ճանաչումը, որոնք անընդունելի են հայ հասարակության համար և անհամատեղելի են եվրոպական ձգտումների հետ։ Ընդհակառակը, շատերը եվրոպական ինտեգրացիան ընկալում են որպես Հայաստանը կործանարար որոշումներից պաշտպանելու միջոց։

Ըստ IRI-ի 2026 թվականի փետրվարին անցկացված հարցման՝ հայերի 72%-ը կողմ է ԵՄ-ին միանալուն։ Սակայն դա չի նշանակում, որ հայերի նույն տոկոսը կողմ է երկրի որևէ քաղաքական կուսակցության իշխանությանը կամ հանրապետության լուծարմանը։

Վերլուծաբանների կարծիքով, ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը հանրային կարծիքի կողմից կարող է ընկալվել որպես Նիկոլ Փաշինյանին ԵՄ-ի կողմից անօրինական աջակցության ազդանշան։ Հատկապես, որ «ՀՀ կառավարությունը վախեր է բորբոքում ռուսական ազդեցության կամ հնարավոր ռուսական գործողությունների վերաբերյալ, քանի որ գիտի, որ դա կհանգեցնի ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ֆինանսական կամ այլ աջակցության աճի», – գրում է France24-ը։

Այնուամենայնիվ, «ներկայիս կառավարությունը շատ լավ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ, և ցանկացած հայկական կառավարություն, անկախ քաղաքական պատկանելությունից, ստիպված է պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ», – ասում են վերլուծաբանները։

Ռուսաստանի կողմից «պատժի» գործոնը նույնպես սրվում է, չնայած Մոսկվային, ընդհանուր առմամբ, չի հետաքրքրում, թե ով կհաղթի Հայաստանում ընտրություններում, իսկ Փաշինյանի կառավարության օրոք Մոսկվան հասել է իր նպատակների մեծ մասին տարածաշրջանում։

Եվրոպական օրակարգը, որը դրական է հայերի համար, կարող է տուժել, եթե այն կապվում է հայերի համար զգայուն հարցերի՝ ընտրությունների արդարության, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման, կապիտուլյացիոն «խաղաղության գործընթացի» և Արցախի հարցի անարդար լուծման հետ։ ԵՄ-ն չի կարող «հաղթել» Հայաստանում, եթե չարտահայտի իր դիրքորոշումը հակամարտության ուժային լուծման օրինականության, Արցախում էթնիկ զտումների, ժառանգության բարբարոսական ոչնչացման և ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։

Արցախի Ազգային ժողովը պահանջում է

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը
Երևանում կայանալիք Եվրոպական միության բարձրաստիճան
ներկայացուցիչների համաժողովի մասնակիցներին

 

Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես արցախահայության առաջնային մանդատով օժտված ներկայացուցչական մարմին, սույն ուղերձով դիմում է Երևանում կայանալիք համաժողովի մասնակիցներին և միջազգային հանրությանը։

2020 և 2023 թվականներին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան, որն ուղեկցվել է ցեղասպանական գործողությունների ակնհայտ դրսևորումներով, հանգեցրել է շուրջ 150,000 հայերի բռնի տեղահանմանը իրենց պատմական հայրենիքից։ Փաստ է նաև այն,որ միջազգային դերակատարների և աշխարհաքաղաքական կենտրոնների ոչ համարժեք արձագանքը միանգամայն նպաստավոր պայմաններ ստեղծեցին ուժի կիրառման և մարդկության դեմ ուղղված նոր հանցագործությունների համար։

Ներկայումս Ադրբեջանը, օգտվելով միջազգային հանրության լռությունից, հետևողականորեն իրականացնում է մշակութային ցեղասպանություն։ Արցախի բռնազավթված տարածքներում համակարգված կերպով ոչնչացվում կամ յուրացվում են հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության նմուշները՝ եկեղեցիները, խաչքարերը, գերեզմանատները, պետականության խորհրդանիշ հանդիսացող կառույցները, ինչը նպատակ ունի վերացնել հայկական հազարամյա քաղաքակրթական հետքը տարածաշրջանից։

Ելնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակից և հավատարիմ մնալով արդարության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին՝ Արցախի Ազգային ժողովը պահանջում է.

  • Միջազգային կառույցների կողմից հասցեական գնահատական տալ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությանը և մշակութային վանդալիզմին՝ ճանաչելով դրանք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներ։
  • Կիրառել գործուն մեխանիզմներ և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու հայկական պատմամշակութային արժեքների հետագա ոչնչացումը։ Պահանջում ենք անհապաղ գործուղել միջազգային անկախ մոնիտորինգային առաքելություն՝ Արցախի տարածքում մշակութային կոթողների վիճակը փաստագրելու և դրանց պահպանությունը երաշխավորելու նպատակով։ Գործադրել քաղաքական ճնշում Բաքվի նկատմամբ՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։
  • Միջազգային իրավական և անվտանգային գործուն երաշխիքների ներքո կազմակերպել արցախահայության հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձը հայրենի օջախներ՝ ապահովելով նրանց ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու անկապտելի իրավունքը։ Լռությունը հանցակցություն է։ Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական միությունը և քաղաքակիրթ երկրները կգործեն ոչ թե հռչակագրային հայտարարությունների, այլ գործնական քայլերի տիրույթում՝ հանուն արդարության և տարածաշրջանային կայունության։