Ֆրանսիայի ԱԳ նախարարը կոչ արեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել Արցախ

Բաքվի ԱԳՆ-ը կտրուկ արձագանքեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մայիսի 6-ին Սենատում արված հայտարարություններին: Նախարարը պաշտպանեց Արցախում մշակութային ժառանգությունը և անընդունելի հայտարարեց եկեղեցիների ոչնչացումը: Նա մեջբերեց Միջազգային դատարանում քննվող գործը և կոչ արեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել Արցախ:

Բաքվի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ ֆրանսիացի նախարարը «անտեսում է ադրբեջանական տարածքներում հարյուրավոր մզկիթների և մշակութային ժառանգության այլ նմուշների ոչնչացումը»: Սակայն նախարարությունը չի տրամադրում հայկական Արցախում ոչնչացված «հարյուրավոր մզկիթների» ցանկը: Այս մզկիթների գտնվելու վայրը և դրանց ոչնչացման ժամանակը փաստաթղթավորված չեն: Բայց սա հակադրվում է հայկական եկեղեցիներին, որոնց ոչնչացումը պաշտոնապես ճանաչվել է Բաքվում:

ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ չի բարձրացնի Արցախում եկեղեցիների ոչնչացման հարցը միջազգային մակարդակով՝ վկայակոչելով «հայելային արձագանքներից» վախը: ՀՀ կառավարությունը ևս չի տրամադրում Արցախում իբրև ոչնչացված մզկիթների ցանկը:

Կառավարությունը ազգային իրավունքների  պաշտպանելուց իր հրաժարումը հիմնավորում է հիպոտետիկ «հայելային արձագանքներից» խուսափելու ցանկությամբ:

Արցախցի հոգեբան․ Ինձ համար յուրաքանչյուր մարդ առանձին աշխարհ է

Ինձ համար յուրաքանչյուր մարդ առանձին աշխարհ է, և իմ աշխատանքը այդ աշխարհը հասկանալն ու աջակցելն է

Աիդա Գյանջումյանը հոգեբան է ոչ միայն մասնագիտությամբ, այլ նաև մարդու նկատմամբ վերաբերմունքով։ Նրա անձնային որակներից են ինքնակրթությունը, ինքնազարգացումը և ընդգծված սերն ուսման հանդեպ։ Նա անընդհատ ինքնակրթվում է՝ թե՛ դպրոցում աշխատելու տարիներին, թե՛ նորարարական մեթոդներով աշխատելու ժամանակ։ Նա ստացել է կոչում՝ «Նորարարությունը մանկավարժության մեջ»։ Ինչպես ասում է՝ միշտ ձգտել է նորովի աշխատել, կրթությանն աջակցելու գործում օգտակար աշխատանք տանել։

Աիդա Գյանջումյանը, որպես մենթոր, աշխատում է «Դասավանդիր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամում, իսկ «Ղողանջ» մանկական զարգացման կենտրոնում՝ ծրագրերի ղեկավար է։ Որպես հոգեբան մասնակցում է տարբեր ծրագրերի։

Աշխատում է արցախցի մայրիկների, երեխաների հետ, ինչպես անհատական, այնպես էլ թիմային։

Տիկին Գյանջումյանը հաճույքով է պատմում իր աշխատանքի մասին

-Երևան տեղափոխվելուց հետո անցել եմ բազմաթիվ վերապատրաստումներ՝ շարունակաբար խորացնելով գիտելիքներս և գործնական հմտություններս։ Դրանցից երեքը եղել են միջազգային ծրագրեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել իմ մասնագիտական ձևավորման վրա։ Աշխատում եմ երեխաների և մեծահասակների հետ՝ ուղեկցելով նրանց իրենց ներքին ճանապարհին՝ դեպի ավելի գիտակցված, հանգիստ և ամբողջական կյանք՝ օգնելով հաղթահարել անհանգստությունը, ներքին լարվածությունը, հարաբերությունների դժվարությունները և ինքնավստահության խնդիրները։ Իմ աշխատանքում կիրառում եմ ժամանակակից և արդյունավետ մոտեցումներ՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիա (CBT), արտ-թերապիա, նարատիվ թերապիա, ինչպես նաև տրավմայի հետ աշխատանքի մեթոդներ (EMDR, Brainspotting)։ Իմ աշխատանքի հիմքում մարդուն հասկանալու և անվտանգ տարածք ստեղծելու սկզբունքն է, որտեղ հնարավոր է իրական փոփոխություն։ Ինձ համար յուրաքանչյուր մարդ առանձին աշխարհ է, և իմ աշխատանքը այդ աշխարհը հասկանալն ու աջակցելն է։

Երեխայի ներքին աշխարհն անչափ փխրուն է։ Հոգեբանը խորհուրդներ է տալիս ծնողներին, թե ինչպես պետք է հարաբերվել երեխաների հետ, որպեսզի նրանց ներաշխարհն ամուր լինի․․․

-Երեխայի ներքին աշխարհը չի բացվում հրահանգով, այն բացվում է հարաբերության մեջ։ Երբ երեխան իրեն անվտանգ է զգում, նա սկսում է խոսել ոչ միայն բառերով, այլ նաև վարքով, խաղով, լռությամբ։ Ինչպե՞ս ձևավորել վստահություն երեխայի հետ հարցը շատ է հնչում։ Երեխային պետք է լսել՝ առանց շտապելու ուղղել, երբ նա խոսում է։ Առաջին նպատակը չպետք է լինի «ուղղելը» կամ «խորհուրդ տալը»։ Երբեմն երեխային պետք է պարզապես լսել՝ առանց գնահատելու։ «Ես քեզ լսում եմ» ավելի բուժիչ է, քան «դա ճիշտ չէ»։ Երբեք չպետք է նրա զգացմունքներն անտեսել։ «Մի լացիր», «ոչ մի բան չի եղել» արտահայտությունները սովորեցնում են երեխային չվստահել իր զգացմունքներին։ Ավելի առողջ տարբերակ է՝ «Ես տեսնում եմ, որ քեզ դա ցավեցրեց», «Դա քեզ համար դժվար էր, այո՞»․․․

Վստահելի կանխատեսելիություն երեխայի համար անվտանգ միջավայր է այն, որտեղ մեծահասակի արձագանքը կանխատեսելի է։ Եթե ծնողը այսօր գոռում է, վաղը անտեսում, մյուս օրը գրկում՝ երեխայի նյարդային համակարգը չի զգում կայունություն։ Երեխան չի ծնվում իր զգացմունքները ճանաչելով։ Ծնողը կարող է օգնել՝ «Դու հիմա հիասթափված ես թվում» «Կարծես վախեցար»։ Սա զարգացնում է երեխայի էմոցիոնալ ինտելեկտը։ Պետք է երեխային սխալվելու իրավունք ևս տալ։ Եթե երեխան վախենում է սխալվել, նա դադարում է փորձել։ «Սխալը սովորելու մաս է, ոչ թե ամոթ»։ Սա ձևավորում է առողջ ինքնագնահատական։

Կարևոր է չփոխարինել երեխայի փորձը։ Շատ ծնողներ արագ «լուծում են» երեխայի խնդիրը, բայց երեխային երբեմն պետք է՝ զգալ, փորձել, հասկանալ։ Ծնողը պետք է աջակցի, այլ ոչ թե փոխարինի։ Մեծ նշանակություն ունի հուզական կապը՝ ոչ թե միայն վերահսկողությունը։ Երեխաները չեն հիշում միայն կանոնները, նրանք հիշում են՝ իրենց կողքին զգացած մարդուն։ Երեխայի ներքին աշխարհը չի ձևավորվում խոսքերով, այլ՝ հարաբերության որակով։ Այն, թե ինչպես է երեխան զգում իրեն ձեր կողքին, դառնում է նրա ներքին ձայնը ողջ կյանքի համար։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հակամարտությանը վերջ դնելու հուշագրի ստորագրմանը – Axios

Ամերիկյան Axios լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը կարծում է, որ մոտ ապագայում կարող է ավարտել պատերազմը՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելով, որի համաձայն երկու կողմերը կդադարեցնեն ռազմական գործողությունները, կբացեն Հորմուզի նեղուցը, իսկ ավելի ուշ կանցնեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն բանակցություններին։ Սա հաստատել է Պակիստանի մի աղբյուր, որը միջնորդում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններին, ըստ BBC-ի։

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանը կպատասխանի մի քանի կարևոր կետերի առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Դեռևս ոչինչ չի համաձայնեցվել, սակայն աղբյուրները նշում են, որ երկու կողմերը երբեք ավելի մոտ չեն եղել համաձայնության։

Համաձայնագիրը նախատեսում է, որ Իրանը պարտավորվում է դադարեցնել ուրանի հարստացումը, ԱՄՆ-ն համաձայնվում է վերացնել պատժամիջոցները և հանել արգելքը միլիարդավոր դոլարների սառեցված իրանական միջոցներից, և երկու կողմերն էլ կվերացնեն Հորմուզի նեղուցով տարանցման սահմանափակումները։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը կարծում է, որ Իրանի ղեկավարությունը բաժանված է, և նրա տարբեր խմբակցությունների միջև համաձայնության հասնելը կարող է դժվար լինել։

Իրանը դեռևս պաշտոնապես չի արձագանքել ԱՄՆ վերջին առաջարկին, որը պարունակում է «որոշ անընդունելի պայմաններ», հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով աղբյուրին։

Գործակալության աղբյուրը նշել է, որ ամերիկյան լրատվամիջոցների պնդումները «մեկ էջանոց գործարքի» մասին, որը, ենթադրաբար, գրեթե պատրաստ է, հիմնականում ուղղված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին թշնամական գործողություններից նահանջը արդարացնելուն։

Եթե ​​Թեհրանը համաձայնի Վաշինգտոնի պայմաններին, ԱՄՆ-ն կդադարեցնի Իրանի դեմ իր ռազմական գործողությունները, ասել է Թրամփը։ Եթե ոչ, ապա ԱՄՆ-ն կսկսի ռմբակոծությունները, հավելել է նա։

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 6-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։

«Ողջունում եմ բոլորին։

Մամուլից տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի այցելի իրեն։ Ես չգիտեմ՝ հարգարժան պաշտպանը կունենա՞ այդ պատասխանատվությունն և վճռականությունը՝ այցելելու, նաև մեզ տեսնելու, և այդ դեպքում ավելի մանրամասն տեղեկություններ կունենա և կծանոթանա, թե ինչպես է ընթացել ամբողջ քննությունը, ինչ լուրջ և կոպտագույն խախտումներով է այն ընթացել թե՛ ամբողջ քննությունը, թե՛ դատավարությունը՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, այդ թվում նաև Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընթացակարգի կոպտագույն խախտումներով։

Ես չկարողացա դատապրոցեսի վերջում՝ իմ վերջին խոսքի ժամանակ, ամբողջական իմ խոսքը ասել․ նվազագույնը 30–40%-ով այդպես էլ չթողեցին իմ վերջնական խոսքը ասել։ Բայց ես հասցրեցի ասել այն, ինչ հիմա կուզեմ ասել իմ ժողովրդին, և փոքր մեջբերում անել․

«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ՝ հստակ նպատակներով և հեռահար ռազմավարությամբ։ Այդ մասին ես կասկածներ ունեցա քննության ընթացքում, իսկ դատապրոցեսի ընթացքում դա դարձավ իմ համոզմունքը։ Իմ ասած մտքերի և խոսքերի ճշմարտությունը ժամանակը ցույց կտա»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ՄԻՊ-ին՝ երեկ մեզ այցելեց Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան, և մենք կարողացանք որոշ տեղեկություններ փոխանցել նրան։ Ես մարտի 12-ից պատրաստել էի դիմում-նամակ՝ նրան փոխանցելու համար, բայց մոտ մեկ-երկու ամիս է՝ ինչ-ինչ պատճառներով չեմ կարողացել ո՛չ իրեն տեսնել, ո՛չ էլ փոխանցել այն։ Երեկ փոխանցեցի իմ դիմում-նամակը, և այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեի՝ որպեսզի մեր վճռի ամբողջական՝ ադրբեջաներեն և հայերեն տարբերակները, ինքը միջնորդի և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։

Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ, որ ադրբեջաներեն տարբերակը կփոխանցի իմ ընտանիքին և կփորձի միջնորդել։

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, ես հիմա ուզում եմ բանավոր ձևով դիմել նրան, որպեսզի ինքը միջնորդի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից, գուցե նաև իր գործընկերոջ միջոցով ստանա հայերեն և ադրբեջաներեն տարբերակներով մեր մեղադրական ակտերի ամբողջական տեքստերը և մեր դատավճռի ամբողջական տեքստը և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։

Ինչ վերաբերում է այս ծանր ժամանակներին՝ ես միայն մեր ժողովրդին կցանկանամ ոգու, կամքի և միասնության ուժ և պիտի ասեմ՝ պինդ եղեք»։

Փաշինյանի՝ սեպտեմբերին պատերազմի մասին հայտարարությունը քաղաքակա՞ն էր

Ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հիշեցրել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանին Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ եթե առաջիկա ընտրություններում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին կսկսվի աղետալի պատերազմ, և հարցրել է. «Արդյո՞ք այս հայտարարությունն ԱՀԾ-ի որոշակի տվյալների հիման վրա էր արված, թե՞ տեղյակ չեն եղել այդ հայտարարությունից, եթե ոչ՝ արդյո՞ք փորձել են  հասկանալ, թե ինչ հիմքով է նման հայտարարություն արվել, փորձե՞լ են օպերատիվ-հետախուզական որոշակի տվյալներ ստանալ նման հայտարարությունը ճշտելու կամ փաստն արձանագրելու համար, ո՞րն է այն երկիրը, որ պետք է պատերազմ սկսի մեր դեմ»։

Ի պատասխան՝ Գրիգորյանն ասել է։ «Եթե նախընտրական փուլում քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ  խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է։ Վարչապետի  ասածն այս տրամաբանությունն ունի»,- ասել է գերատեսչության ղեկավարը։

Թե որ քաղաքական ուժն է հարցականի տակ դրել խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, Գրիգորյանը չնշեց։

Հատիսի գագաթին ակտիվ շինարարություն է՝ կամավորականների օգնությամբ

2500 մետր բարձրության վրա դեռևս չհալված ձյան շերտերն ու լեռնային ցուրտը չեն խոչընդոտում Հատիս լեռան գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի արձան համալիրի շինարարական աշխատանքներին։ Շինարարությունն այս օրերին գտնվում է ակտիվ փուլում, և նախաձեռնությանը միացել են ոչ միայն մասնագետներ, այլև կամավորներ տարբեր տարիքային խմբերից, հայտնում է news.am-ը։

Այցի ավարտին բոլոր կամավորները ստանում են մասնակցությունը հավաստող վկայականներ։ Օրվա վերջում, պահպանելով ավանդույթը, նրանք հավաքվում են մեկ սեղանի շուրջ, աղոթում և կիսում հացը՝ ամփոփելով իրենց օրը համախմբվածության և միասնականության մթնոլորտում։

Ո՞վ է հեղինակել Ղարաբաղից հրաժարվելու մասին Պրահայի հռչակագիրը՝ Փաշինյանը, թե՞ Մակրոնը

«Եվրոպական օրերի» ավարտից և Մակրոնի Հայաստան կատարած պետական ​​այցից հետո հասարակությունը փորձում է վերականգնվել «էյֆորիայից» և գնահատել չոր մնացորդը: Ամենահրատապ հարցն այն է, թե ով է հեղինակել 2022 թվականի հոկտեմբերին ստորագրված Պրահայի հռչակագիրը, որի համաձայն Հայաստանը հրաժարվեց Արցախից:

Փաշինյանը «մեղադրում է» Մակրոնին, մինչդեռ ֆրանսահայերը պնդում են, որ Փաշինյանն ինքն է ստիպել եվրոպացի առաջնորդներին կայացնել այս որոշումը։

Պրահայի հռչակագիրն իսկապես շրջադարձային կետ էր: Այն ստորագրելուց երկու ամիս անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանը շրջափակեց Բերձորի միջանցքը: Ինը ամիս տևած շրջափակումից և Աղդամով «ճանապարհ» բացելու փորձերից հետո Բաքուն սկսեց ուժային հարձակում՝ արդյունքում թողնելով Արցախը առանց իր բնիկ հայ բնակչության։

Պրահայի հռչակագիրը ստորագրվել է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումից և Ջերմուկի ու Սոթքի տարածքների մի մասի օկուպացիայից մեկ ամիս անց: Այդ ժամանակ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն հայտարարեցին, որ չեն միջամտի, քանի որ պարզ չէ, թե արդյոք Հայաստանն ունի «սահմաններ»։ Պրահայում Հայաստանը Ադրբեջանի հետ ստորագրեց փաստաթուղթ, որով «ճանաչում» էր սեփական սահմանները՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի, այսինքն՝ նախկին խորհրդային սահմանները, որոնք գծագրվել էին դեռևս ուժի մեջ գտնվող 1921 թվականի Կարսի ռուս-թուրքական պայմանագրով։

Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը պնդում է, որ բոլոր ստորագրված միջազգային փաստաթղթերը ճանաչեն Հայաստանի սահմանները «համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի»։ Բանը հասել է նրան, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և Ֆրանսիայի հետ ստորագրված հռչակագրերում նշվում է «խորհրդային» կամ, այլ կերպ ասած, ռուս-թուրքական սահմանների անձեռնմխելիությունը։

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում խոստովանեց, որ զոհաբերել է Ղարաբաղը՝ Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու համար։ Հայաստան կատարած այցի ժամանակ Մակրոնը ևս ակնարկեց, որ խոսքը Հայաստանի պետականության պահպանման մասին էր, և «Ֆրանսիան կատարել է իր պարտքը»։

«Ալմա-Աթայի» սահմանները “չեղյալ են” հայտարարում Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի բանաձևը, որը և հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության ստեղծման համար։ Ալիևը իրավացիորեն կարծում է, որ Արցախը Հայաստանի մաս է կազմում, այդ իսկ պատճառով նա պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում։ Փաշինյանն ասում է, որ Արցախը Հայաստանի մաս չէ, և անհասկանալի է, թե ինչպես կարող էր նա զոհաբերել Արցախը, եթե այն Հայաստանի մաս չէր։

Այս առումով, հայ հասարակության մեջ գլխավոր հարցը մնում է բաց. եթե Արցախը Հայաստանի մաս է կազմում, և Փաշինյանը խոստովանել է, որ զոհաբերել է Արցախը Հայաստանի համար, և այս «իրավունքը» ճանաչվել է Եվրոպայի կողմից, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ վաղը Հայաստանի մյուս մասերը չե՞ն զոհաբերվի։ Թեկուզ, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվեց TRIPP հռչակագիրով Հայաստանը գործնականում հրաժարվեց կես դարով Իրանին սահմանակից իր հարավային տարածքներից։

Մակրոնի Հայաստան այցի էյֆորիան չկարողացավ թաքցնել Փաշինյանի փորձերը՝ բարդելու Պրահայի համաձայնագրի մեղքը Մակրոնի վրա։ Փաշինյանը բազմիցս շնորհակալություն հայտնեց Մակրոնին Պրահայի հռչակագիրը «նախաձեռնելու» համար։

«Նախագահ Մակրոնի դերը այս խաղաղության ճարտարապետության կառուցման գործում կարևոր է։ Հետևողականության, ճկունության և բացառիկ դիվանագիտական ​​հմտությունների շնորհիվ Մակրոնին հաջողվեց համաձայնության հասնել մեր և Ադրբեջանի միջև», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մակրոնն ինքը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին «խիզախության» համար՝ այդպիսով նշելով, որ հենց Փաշինյանն է Պրահայի հռչակագրի հեղինակը։

Ֆրանսիայի հայ համայնքի առաջնորդներից մեկը՝ Մուրադ Փափազյանը, որը Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի նախագահի պատվիրակության կազմում, ասել է, որ «նախագահ Մակրոնը հերքում է իր մասնակցությունը Պրահայի հռչակագրին»։ «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանին պետք չէ Մակրոնի դիրքորոշումը Արցախի հարցում։ Ֆրանսիան չի դրդել Հայաստանին ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Սա Ալիևի և Փաշինյանի միջև հարաբերությունների արդյունքն է։ Մակրոնը այս պատմության հետ որևէ կապ չունի։ Հարցը վերաբերում էր Հայաստանի սահմաններին, որպեսզի Ադրբեջանը չդիմի ռազմական գործողությունների։ Մակրոնի հիմնական մտահոգությունը Հայաստանի անվտանգության ապահովումն էր», – ասել է Փափազյանը։

Ո՛չ Մակրոնը, ո՛չ էլ Փաշինյանը չեն կարողանա խուսափել այն հարցին պատասխանելուց, թե ի՞նչ իրավունքով էր «զոհաբերվել Ղարաբաղը Հայաստանի անվտանգության համար»։ Եվ որտե՞ղ են այդ իրավունքի սահմանները։

Իրանի հետ բանակցությունները վերսկսվո՞ւմ են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրեց «Ազատություն» գործողությունը, որը Պարսից ծոցում մնացած նավերն ազատելու գործողություն էր։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։

Թրամփը իր որոշումը բացատրել է՝ հղում անելով Պակիստանի և այլ երկրների խնդրանքներին, որոնք իբր հիմնվում են Իրանի դեմ արշավում «հսկայական ռազմական հաջողությունների» և Թեհրանի հետ «լիարժեք և վերջնական համաձայնագրի հասնելու ուղղությամբ նշանակալի առաջընթացի» վրա։

«Մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ քանի դեռ շրջափակումը լիովին ուժի մեջ է, «Ազատություն» նախագիծը (նավերի անցումը Հորմուզի նեղուցով) կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու համար, թե արդյոք համաձայնագիրը կարող է վերջնականապես կնքվել և ստորագրվել», – գրել է Թրամփը։

Իրանի կողմից տրամադրված միջանցքը «Հորմուզի նեղուցով տարանցման միակ անվտանգ միջոցն է», – հայտարարել է ԻՀՊԿ-ն։ Մինչ Թրամփի հայտարարությունը իրանցիները զգուշացրել են, որ մեկ այլ երթուղով տարանցման ցանկացած փորձ «կհանդիպի վճռական պատասխանի» իրանական զինվորականների կողմից։

Միացյալ Նահանգներն ավարտել է Իրանի դեմ իր հարձակումը և «Էպիկական զայրույթ» գործողությունը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի՝ մայիսի 5-ին, Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ ««Էպիկական զայրույթ» գործողությունն ավարտվել է, ինչպես նախագահը տեղեկացրել է Կոնգրեսին։ Մենք ավարտել ենք այդ փուլը», – ասել է նա։

«Արցախյան հրաշապատումներ»-ում ամփոփված են Արցախի սրբավայրերի, եկեղեցիների և անհատների շուրջ ձևավորված հրաշքները

«Արցախյան հրաշապատումներ» գրքույկում ամփոփված են Արցախի սրբավայրերի, եկեղեցիների և անհատների շուրջ ձևավորված հրաշքները, որոնք տեղի են ունեցել հենց մեր օրերում, ինչպես նաև մեր սրբավայրերի պատմությունները:
Սա հավաքագրված վկայությունների շարք է այն մարդկանցից, ովքեր տեսել ու զգացել են Աստծո ներկայությունը Արցախ աշխարհում։
Եթե դուք կամ ձեր մտերիմները ունեք հրաշքի պատմություն,ինչպես նաև կապված Արցախի որևէ վանքի, եկեղեցու կամ սրբավայրի հետ, խնդրում ենք կիսվել մեզ հետ։ Մենք նախապատրաստում ենք գրքի երկրորդ մասը, և ձեր պատմությունը կարող է դառնալ դրա մի մասնիկը։
Գիրքը կարող եք ձեռք բերել Երևան, Չարենցի 20 հասցեում գտնվող «ՀՕՄ Արվեստ»-ից՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00–18:00, շաբաթ՝ 11:00–15:00։
Ձեր պատմությունը մեզ փոխանցելու համար զանգահարեք 097751276 համարին կամ ուղարկեք [email protected] էլ-հասցեին:

Ուշուի ՀՀ հավաքականը մեկնել է Ֆրանսիա․ կազմում արցախցի մարզիկներ կան

Ուշուի Հայաստանի հավաքականը մայիսի 5-ից 11-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում մասնակցում է Ուշուի Եվրոպայի 20-րդ առաջնությանը։ Այս տարի Հայաստանը մրցավայր է ներկայացել 40 հոգանոց կազմով, որոնցից 29 մարզիկներ են։

Մարզիկների շարքում են նաև մի խումբ արցախցի երիտասարդներ ու պատանիներ։ Կարոլինա Համբարձումյանը ևս նրանց մեջ է։ Նա 17 տարեկան է․ սանդա ուշուի մարզաձևով զբաղվում է 2019 թվականից։ Կարոլինան հասցրել է մեկ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալ և մրցավայր է մեկնել կրկնակի չեմպիոն դառնալու հաստատակամությամբ։ Արցախցի մարզիկը նպատակ ունի անպայման հաղթել և արժանապատվորեն վերադառալ Հայաստան։

Կազմում է նաև արցախցի մարզիկ Դավիթ Հովհաննիսյանը։

Դե ինչ, հաջողություններ ենք մաղթում Հայաստանի հավաքականին և սպասում հաղթանակած վերադարձ։

Կարինե Բախշիյան

Մինչև 1998 թվականը զոհվածների ընտանիքները չեն ընդգրկվում ծրագրի մեջ։ Ինչո՞ւ․․․

Արդարացի գնահատենք տղաների նվիրումն ու անձնազոհությունը

-Արցախյան բոլոր պատերազմներն էլ իրենց աղետալի հետքն են թողել։ Ամուսինս զոհվել է առաջին պատերազմում․ երկու զավակներիս միայնակ եմ մեծացրել, ոտքի կանգնեցրել։ Թե ինչպիսի դժվարություններով, կիմանամ միայն ես ու իմ բախտակիցները։ Մենք՝ այրիացած կանայքս, և՛ հայր էինք, և՛ մայր։ Արցախյան առաջին պատերազմից հետո ծանր ժամանակաշրջան ենք ապրել, ամեն ինչի պակաս կար, իսկ ամենացավալին՝ մեր երեխաներն անհայր էին մնացել։ Եվ այսօր 90-ականներին հաղթանակ կերտած մեր տղաներն ասես ստվերում են մնացել,- հուզմունքը չի կարողանում զսպել զոհված զինվորի այրի Արմիդա Աղաջանյանը։

Արցախի տեղահանությունից հետո տիկին Արմիդան բնակություն է հաստատել Էջմիածին քաղաքում։ Ապրում է դստեր հետ, ով միայնակ մայր է։ Որդին՝ Կարենը, բնակվում է Գորիսում՝ 8 զավակների հայր է։ Զոհված զինվորի այրին երկար տարիներ աշխատում էր Արցախէներգո ՓԲԸ-ում։ Ուներ կայուն աշխատանք, բնակարան, բանջարանոց, այգի։ Երբեք չէր տրտնջում իրեն հասած ճակատագրից։

Վերջերս սոցիալական հարթակներից տեղեկացել է, որ շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ, որը «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին է։ Առաջարկվում է փոխհատուցում տրամադրել 1998 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի համար։

Տիկին Արմիդան խոսում է ոչ միայն իր անունից

-Այսինքն մինչև 1998 թվականը զոհվածների ընտանիքները չեն ընդգրկվում այդ ծրագրի մեջ։ Ինչո՞ւ․․․ Նորից եմ կրկնում՝ պատերազմները համահավասար են ազդել զոհվածների ընտանիքների վրա։ Առաջին պատերազմից տարիներ են անցել։ Երեխաները մեծացել են, ընտանիքներ կազմել, նրանք այլևս շահառու չեն։ Սակայն զոհվածների կանայք, ծնողներն ապրում են․ նրանք նյութական կարիքների մեջ են։ Մի՞թե արժանի են նման վերաբերմունքի։ Ես ողջունում եմ, որ կառավարությունը որոշել է ընդլայնել շահառուների ցուցակը, և մեծ ցավ եմ ապրում բոլոր զոհվածների համար՝ սեփական մաշկիս վրա զգալով, թե ինչքան դժվար է առանց հայր երեխա մեծացնել։ Միաժամանակ չեմ կարող լուռ անցնել մեր հանդեպ կատարվող անարդարության կողքով։ Իմ շրջապատում շատ կան Արցախյան առաջին պատերազմում զոհվածների ընտանիքներ, և բոլորն էլ կիսում են իմ կարծքիը։ Զոհվածների նվիրումն ու անձնազոհությունը պետք է գնահատվի արդարացի։ Մենք դեռևս հույս ունենք, որ նախագիծը կվերանայվի, և զոհված տղաների միջև դրվող տարբերակումը կվերանա։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ