Levon Hayryan-ը գրում է․
Հեղինակ՝ naira
Նախարարը դեռ չգիտի՝ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու են, թե՞ ոչ
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ դեռ որոշում չկա՝ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու են, թե՞ ոչ։
«Եթե հարցնում եք՝ որոշում ունե՞ք, թե ի՞նչ եք անելու նախաբանի հետ, նույն պատասխանն եմ տալու՝ մինչեւ քննարկումներ տեղի չունենան, որոշում չունենք»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ Սահմանադրության նախագծի ամբողջական տեքստը պատրաստ չէ, առաջիկա երկու շաբաթների ընթացքում պետք է հրավիրեն խորհրդի նիստ եւ տեքստի մշակմանն ուղղված գաղափարական հիմնադրույթների շուրջ քննարկում անցկացնեն։
«Երբ կունենանք համապատասխան որոշումներ նաեւ խորհրդի համաձայնության տեսքով, արդեն կլրամշակենք տեքստը»,- հավելեց նա։
Գալյանը հիշեցրեց, որ ավելի վաղ ասել էր՝ փորձելու են 10 ամսվա ընթացքում ամփոփել Սահմանադրության տեքստի մշակման աշխատանքները։ Նա այսօր ասաց, որ կփորձեն այս ժամկետի մեջ տեղավորվել։
Յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ խնդիրները միայնակ չեն կարող լուծել, պայքարը անխուսափելի է
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանի հարցազրույցը Step1.am-ին:
(Հարցազրույցը տեղի է ունեցել մինչև արցախցիների բնակապահովման ծրագրում փոփոխություններ մտցնելու մասին ՀՀ Կառավարության այսօրվա որոշումը)։
-Պարոն Ավանեսյան, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բանակցություններ է վարել Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Այնուամենայնիվ, որոշում է կայացվել հուլիսի 12-ին Ազատության հրապարակում մեծ հանրահավաք հրավիրել։ Արդյո՞ք պատճառը բանակակցությունների միջոցով արդյունքների չհասնելն է:
-Այնպես չէ, որ բանակցությունները ընդհանրապես արդյունք չեն տվել, բայց այդ արդյունքերը լրիվությամբ չեն բավարարում մեր պահանջները: Այս մասին խորհուրդը հայտնեց ասուլիսի ժամանակ։
Բնակապահովման հարցում պետք է հենվենք 2023 թ. որոշմանը, որը ենթադրում է տեղահանված անձանց բնակարաններով պարտադիր ապահովում: Սակայն ինչպես տեսանք, այսօրվա իշխանությունը գնացել է այլ ճանապարհով, գոտիավորելով բնակարանների ձեռք բերման տարածքները: Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ 1.5 տարի է անցել, և մարդիկ այնտեղ պետք է ապահովվեն բնակարաններով, որտեղ աշխատանք են գտել:
-Կառավարությունը որոշել է հանել ծրագրին դիմելու փուլային պահանջները, արդյո՞ք հնարավոր է, որ դրական փոփոխություններ լինեն:
-Միջանկյալ դրական՝ այո, թեկուզ որոշումը պետք է հրապարակվեր մինչև հունիսի կեսը: Բայց հրապարակեցին այն ժամանակ, երբ մենք կոչ արեցինք դուրս գալ հանրահավաքի։ Կարծում եմ, կառավարությունը կհրապարակի նաև այն բնակավայրերի անունները, ուտեղ 3 մլն. աջակցությունը դարձել է 4 մլն., դրանով փորձելով սահմանափակել հանրահավաքին մասնակցող մարդկանց քանակը: Բայց ես կոչ եմ անում անկախ ամեն ինչից միանալ հանրահավաքին: Քանի որ եթե ձեր հարցը ինչ-որ չափով արդեն լուծվում է, մյուս հայրենակիցների ճակատագիրը օդից կախված է մնում:
Նաև կցանկանայի հիշեցնել, որ այս հանրահավաքի հիմնաքարերից մեկը, որ ամփոփված է նաև մեր ծրագրի կետերում, հավաքական վերադարձն է Արցախ: Ինչպես նաև վերադարձ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և ինքնորոշման իրավունքի իրականացմանը։
-Հաշվի առնելով ընդհանուր լարվածությունը, բնակվարձերի փոխհատուցման ծրագրի ավարտը ու օր օրի սրվող սոցիալական խնդիրները, մտավախություն կա՞, որ քիչ մարդ է մասնակցելու հանրահավաքին:
-Յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ ոչ մեկ իր հարցերը չի լուծելու միայնակ, պետք է հասկանալ, որ պայքարը անխուսափելի է:
Ես ևս ունեմ իմ կարմիր գծերը, և եթե ավելի քիչ մարդ հավաքվի, քան նախորդ անգամ (մարտի 29-ին), ես դուրս եմ գալու գործընթացից, քանի որ անիմաստ է պայքարել, եթե մարիկ չեն ցանկանում մասնակցել:
-Այսինքն, եթե մոտ 10.000 մարդ հավաքվի, Խորհրդի գործունեությունը անիմա՞ստ է:
-Դա իմ անձնական որոշումն է: Նաև նշեմ, որ Խորհուրդի ծնունդը ինքնին հեշտ գործընթաց չէր և այսօր Խորհուրդը այն եզակի լեգետիմ միավորներից է, որը կարողանում է բարձրացնել արցախցիների խնդիրները:
-Կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվելու հանրահավաքի ժամանակ:
-Այս պահին դեռ չենք կարող նշել, քանի որ որոշ հարցեր քննարկման փուլում են, բայց առիթից օգտվելով ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել՝ մեր պայքարը լեգետիմ և իրավական դաշտում է:
Ալվարդ Գրիգորյան
Որ համայնքներում բնակարանային աջակցությունը կկազմի 4 մլն․ դրամ (ցանկ)
Ինչպես տեղեկացրել ենք, կառավարությունն այսօր ընդունեց արցախցիների բնակապահովման պետական ծրագրի փոփոխված տարբերակը։ Ըստ այդմ՝ սահմանվում է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։
Այդ 57 խոշորացված համայնքներն են՝
Արագածոտնի մարզ – Ապարան, Թալին, Ալագյազ, Արևուտ Ծաղկահովիտ, Մեծաձոր, Շամիրամ համայնքներ։
Արարատի մարզ – Արարատ, Վեդի, Վերին Դվին համայնքներ։
Արմավիրի մարզ – Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր, Արաքս, Բաղրամյան, Խոյ, Ֆերիկ համայնքներ։
Գեղարքունիքի մարզ – Մարտունի, Սեւան, Ճամբարակ, Վարդենիս համայնքներ։
Լոռու մարզ – Վանաձոր, Ալավերդի, Տաշիր, Թումանյան, Լերմոնտովո, Սպիտակ, Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Փամբակ, Ֆիոլետովո համայնքներ։
Կոտայքի մարզ – Բյուրեղավան, Ծաղկաձոր, Հրազդան, Չարենցավան, Ակունք, Արզնի համայնքներ։
Շիրակի մարզ – Գյումրի, Արթիկ, Անի, Ախուրյան, Ամասիա, Աշոցք համայնքներ։
Սյունիքի մարզ – Կապան, Մեղրի, Սիսիան, Քաջարան համայնքներ։
Վայոց ձորի մարզ – Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Արենի, Եղեգիս համայնքներ։
Տավուշի մարզ- Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներ։
Վերոնշյալ 57 խոշորացված համայնքների կազմում ներառված բոլոր 611 բնակավայրերում տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար ընտանիքի յուրաքանչյուր անձի կհատկացվի 4 մլն դրամ գումար։
3 մլն․ դրամ միայն Երեւանում եւ անմիջապես սահմանակից խոշորացված համայնքներում
Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ արցախցիների բնակապահովման ծրագրում կատարված փոփոխություններին եւ հարցին, թե որ բնակավայրերն են ներառվել 4 մլն դրամանոց բնակավայրերի ցանկում։
«Մենք հենց սկզբից առանձնացրել էինք մարզեր, բնակավայրեր, որտեղ ունենք առավելագույնը 5 մլն դրամ աջակցության չափ։ Կային նաեւ այնպիսիք, որ 4 մլն դրամ էր սահմանված։ Եվ Երեւանում հատկապես ու հարակից մարզերում 3 մլն դրամ էր սահմանված։ Մենք երկար քննարկումներից հետո եկանք նրան, որ միայն Երեւանը եւ անմիջապես սահմանակից խոշորացված համայնքները թողեցինք 3 մլն դրամ, մնացած ամեն ինչը, եթե 5 մլն չէ, ապա 4 մլն է։ Այսինքն՝ մենք ունենք հիմա աջակցության 5 մլն դրամի չափով բնակավայրեր, դրանք առավելապես Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Արարատի մարզերում են։ Ունենք 4 մլն, որոնք 600-ից ավելի բնակավայրեր են, եւ Երեւանն ու Երեւանին անմիջապես սահմանակից խոշորացված համայնքները 3 մլն դրամ աջակցության գոտում են»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օրինակ՝ Արարատի կամ Վայոց ձորի մարզերում 6 հոգանոց ընտանիքը 30 մլն դրամ է ստանում բնակարան ձեռք բերելու համար։ «Մեր փորձը ցույց է տալիս, որ 30 մլն դրամով իրատեսորեն կարելի է կառուցել տուն, ձեռք բերել հող եւ կահույք։ Այսինքն՝ դա իրատեսորեն կարելի է կառուցել եւ ապրել։ Երեւանի դեպքում 6 հոգանոց ընտանիքը 18 մլն դրամ կստանա, բայց էլի ընտրության հարց է։ Կարող է ընտանիք կա, որը խնայողություններ ունի եւ ուզում է ավելացնել, Երեւանում ձեռք բերել, մենք բացարձակապե դեմ չենք դրան»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ քաղաքացիություն է ստացել 9346 արցախցի, նաև 4400 անչափահաս
ՀՀ քաղաքացիություն է ստացել 9346 արցախցի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Դիմումները մենք արտահերթ վերցնում ենք, ընդ որում, վերջին ժամանակահատվածում բավականին ինտենսիվացել են դիմումները։ Եթե վիճակագրությանն անդրադառնամ, արդեն իսկ հանրապետության նախագահի հրամանագրով 9346 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Ընդ որում, չունենք մերժումներ։ Զուգահեռաբար, եթե դիմումները նայենք, 10 961 դիմում ունենք այս պահին։
Ի տարբերություն այլ անձանց՝ ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների դեպքում մենք 4,5 ամսվա փոխարեն շուրջ 1 ամսում ամփոփում ենք ամբողջ աշխատանքը եւ ներկայացնում ենք։ Այդ թվում՝ դիմումներն ընդունվում են նաեւ շրջիկ սպասարկման գրասենյակներում։ Այսօր, օրինակ, Չարենցավանում ունենք շրջիկ սպասարկման գրասենյակներ։ Եվ եթե մեր հայրենակիցները ցանկություն ունեն, կարող են միանգամից մոտենալ եւ դիմումները ներկայացնել»,- ասաց նապժխարարը։
Արփինե Սարգսյանը հավելեց, որ ծնողների քաղաքացիություն ստանալու ուժով նաեւ 4400 անչափահաս է անձնագրավորվել ՀՀ քաղաքացու անձնագրով։
Արցախցիները 10 տարի չեն կարողանալու վաճառել ծրագրով գնված բնակարանները
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադրաձավ արցախցիների բնակապահովման ծրագրում, որում այսօր փոփոխություններ կատարվեցին։
«Քանի որ հարցեր շատ են տալիս, ես ենթադրում եմ, որ մենք նաեւ երաշխավորել ենք համակարգը, որ չի կարող լինել այնպիսի իրադրություն, որ, ամենայն հարգանքով որեւէ ընտանքի նկատմամբ, բնակարանը կառուցի, վաճառի եւ Հայաստանից արտագաղթի։ Այդ մեխանիզմները բացառաված են, ճի՞շտ է»։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց․
«Մենք առաջին իսկ օրվանից տնօրինման իավունք ենք տալիս՝ կառուցեց, ապրեց ընտանիքը, 10-րդ տարին կլրանա, այդ ժամանակ արդեն իրավունք կունենա անսահմանափակ ձեւով, այսինքն՝ առանց պայմանի որոշել այդ գույքի հետագա ճակատագիրը՝ վաճառել, ավելի լավը գնել եւ այլն։ Այսինքն՝ մենք առաջին 10 տարին կառուցված կամ գնված բնակարանում բնակվելու պայմանը սահմանում ենք ի սկզբանե։ Բոլորը դա գիտեն ի սկզբանե, գիտեն, որ դա իրենց տունն է, այնտեղ ապրելու են, 10 տարին լրանալուց հետո նաեւ կարողնաալու են փոխել»։
ԱԳՆ․ քննարկումները դեռ շարունակվում են, բայց Հայաստանը պնդում է խաչմերուկային լուծում
Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն, «Ազատության» հսրցմանն ի պատասխան հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր՝ ի՞նչ տեսակետ ունի Երևանն ամերիկյան առաջարկի վերաբերյալ, արդյոք ծանոթացե՞լ են նաև Բաքվի դիրքորոշմանը: «Քարնեգի»-ի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի հարցով առաջարկ է ներկայացրել։
«Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից: Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար: Միաժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ», – նշել է ԱԳՆ խոսնակը:
Անի Բադալյանի փոխանցմամբ՝ քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով:
Բաքուն դեռևս չի արձագանքել Թրամփի վարչակազմի առաջարկի մասին «Քարնեգի»-ի հրապարակմանը:
Հիշեցնենք, որ, ըստ վերլուծաբանների, ամերիկյան կողմը հնարավոր է ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ Ադրբեջանից՝ Հայաստանով և Նախիջևանով դեպի Թուրքիա միակողմանի ճանապարհ բացելու պահանջով։
Կառավարությունը ընդունել է արցախցիների բնակապահովման ծրագրի նորացված կարգ
Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կկատարի ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման մեջ։
ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ 2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 1-ից։
Ըստ կառավարության տեղեկատվության՝ 2025 թվականի հունիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել 1492 ընտանիք, որից 353-ը իրացրել են այն, ընդ որում՝ 292-ը անշարժ գույքի ձեռքբերման բաղադրիչով, 1-ը՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչով, 60-ը՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչով։
«Գործընթացի ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ բազմաթիվ ընտանիքների դիմումները մերժվել են ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ սահմանված պահանջներին չբավարարելու հիմքով, այն է՝ ընտանիքի առնվազն մեկ անդամի տվյալը բացակայում է 2020թ. սեպտեմբերի 27-ից եւ 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում, դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, եթե ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը գերազանցում է 12 քառ. մ՝ բացառությամբ հիփոթեքային վարկի շրջանակներում գրավի առարկա հանդիսացող միակ անշարժ գույքի կամ գնման իրավունքի։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և Միասնական սոցիալական ծառայություն ներկայացրած դիմումների, ինչպես նաև 114-թեժ գծին ուղղված բողոքների ուսումնասիրությունը ևս ցույց է տվել, որ վերոնշյալ մերժումների մի մասի դեպքում տեղահանվածների տվյալների բացակայությունը ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով, որոնք լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն։
Միաժամանակ, որոշ ընտանիքներ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ունեցել են Հայաստանի Հանրապետությունում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, սակայն տեղահանումից հետո վճարումները չկատարելու արդյունքում կորցրել կամ օտարել են այդ իրավունքը, ինչի արդյունքում ծրագրին դիմելու օրվա դրությամբ նրանք չունեն այդ գնման իրավունքը, սակայն դիմումը մերժվում է։ Ըստ էության, հանձնաժողովի պոտենցիալ դիմումատուները պետք է բավարարեն ծրագրի հիմնական պայմաններին, այդ թվում՝ հանդիսանան Լեռնային Ղարաբաղից տեղահանված և չունենան սեփականություն Հայաստանի Հանրապետությունում, սակայն այդ հանգամանքների ստուգումն ինքնաշխատ եղանակով տվյալների շտեմարաններից ստացված տեղեկատվության հիման վրա բավարար չի եղել շահառուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ որոշում կայացնելու համար և առաջացել է հավելյալ տեղեկատվության ուսումնասիրության անհրաժեշտություն։
Հիմնվելով վերոնշյալ հանձնարարականների և ուսումնասիրությունների արդյունքների վրա՝ սույն նախագծով սահմանվում են դրական մնացորդի իրացման և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ տեղեկատվության փոխանակության, անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հողամասի ձեռքբերման ընթացակարգերը, ինչպես նաև նախագծով առաջարկվում է ծրագրին դիմած և մերժված դիմումատուների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը համապատասխան ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքների հիման վրա կկարողանա կայացնել որոշում մերժված դիմումատուներին շահառուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ, ինչը հիմք կհանդիսանա նրանց հավաստագրի տրամադրման համար: Ընդ որում, հանձնաժողովը չի կարող կառավարության որոշմամբ սահմանված տարբերակից այլ որոշում կայացնել և տրամադրել հավաստագիր, այլ ծրագրին դիմած և մերժված դիմումատուների կողմից ներկայացված փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում կարող է կայացնել բովանդակային առումով կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին բավարարող որոշում»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։
Ըստ կառավարության՝ հանձնաժողովի ստեղծման արդյունքում ծրագրին դիմած և մերժված դիմումատուները հնարավորություն կունենան վերականգնել իրենց իրավունքներն առանց դատարան դիմելու և խնդիրը դատական կարգով լուծելու անհրաժեշտության, եթե կներկայացնեն հանձնաժողովի պահանջներին բավարարող փաստաթղթեր։
Միաժամանակ հստակեցվում, պարզեցվում և բարեփոխվում են ծրագրի որոշ դրույթներ՝ ելնելով իրավակիրառ պրակտիկայում դուրսբերված խնդիրներից։
Մասնավորապես՝
Նախագծի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանվում է, որ եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարությունը ներկայացնում և հավաստագիրը ստանում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա շահառու կարող է դառնալ նաև ընտանիքի՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնված երեխան։
Նախագծի 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանվում է անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման համար աջակցության տրամադրման ընթացակարգը։ Իրավակիրառ պրակտիկայում ծագել են խնդիրներ գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից հողամասի ձեռքբերման նպատակով վարկավորում իրականացնելու գործընթացում։ Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակում խրախուսվում է անհատական բնակելի տների կառուցումը, առաջարկվում է հողամասի ձեռքբերման գործընթացն իրականացնել առավել արդյունավետ եղանակով, այսինքն՝ ոչ թե հիփոթեքային վարկավորմամբ, այլ անմիջապես գումարը վաճառողին փոխանցելու միջոցով՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։
Նախագծի 1-ին կետի 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանվում է, որ դրական մնացորդի ձևավորման ժամանակ 6 և ավելի անդամ ունեցող ընտանիքների դեպքում ներկայում սահմանված սահմանաչափն ավելանում է վերանորոգման վարկի դեպքում 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով 800 հազար դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 8 մլն դրամը, կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման դեպքում՝ 400 հազար դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 4 մլն դրամը։ Այսպիսով, բազմանդամ ընտանիքների դեպքում կլուծվի դրական մնացորդի իրացման ժամանակ աջակցության գումարների իրացման անհնարինության հարցը։
Նախագծի 1-ին կետի 11-րդ ենթակետով հստակեցվում է, որ հավաստագրի իրացման ժամանակ շահառուները կարող են օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից, եթե դրանք բավարարում են ծրագրի հիմնական պայմաններին։
Նախագծի 1-ին կետի 12-րդ և 14-րդ ենթակետերով սահմանվում է, որ ծրագրով սահմանված 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկում են 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն ծրագիրն, ըստ էության, իրականացվում է 2 փուլուվ։
Նախագծի 1-ին կետի 13-րդ ենթակետով սահմանվում է, որ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչի շրջանակում դիտարկվում են 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկերը։ Այս փոփոխության հիմքում ընկած է այն փաստը, որ ծրագրի իրականացման առաջին փուլը ոչ բոլոր ընտանիքների համար է հասանելի, ինչի արդյունքում նրանց մի մասն առանց հավաստագրի՝ սեփական միջոցներով հիփոթեքային վարկավորմամբ ձեռք են բերում անշարժ գույք։ Քանի որ ծրագիրն ամբողջ ծավալով սույն նախագծով նախատեսվում է բացել 2025 թվականի հուլիսի 1-ից, ուստի օրինաչափ է մինչ այդ պահը սեփական միջոցներով վարկավորված ընտանիքներին դիտարկել գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչի շրջանակում։
Նախագծի 1-ին կետի 15-րդ ենթակետով սահմանվում է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։
Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվում է, որ ծրագրի շրջանակում բոլոր փուլերի համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2027 թվականի դեկտեմբերի 31-ն է։
Ըստ կառավարության՝ ակնկալվող արդյունքը հետեւյալն է՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակարանային հասանելիության ապահովում։
Հուլիսի 12-ի հանրահավաքը կտարբերվի կոշտությամբ, հստակ գործողություններով և ծրագրով
Հուլիսի 12 ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքը կտարբերվի նախորդից իր կոշտությամբ, հստակ գործողություններով և ծրագրով
Այս մասին Step1․am-ի հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը:
Նա նշել է, որ Խորհուրդը դիմելու է քաղաքապետարան՝ հանրահավաք անցակցվելու, նաև իրավապահներին՝ անվտանգությունը ապահովելու համար, որպեսզի խաղաղ հանրահավաքի ժամանակ սադրանքներ թույլ չտրվեն:
-Բնականաբար, մենք կատարելու ենք այն բոլոր գործընթացները, որոնք նախատեսված են օրենսդրությամբ՝ պահպանելով բոլոր ժամկետները: Պարտադիր համագործակցելու ենք նաև իրավապահների հետ, այդ թվում այն պատճոռով, որ սադրիչները հանրահավաքի նպատակը չտանեն այլ ուղղությամբ:
Իսկանդարյանը նշել է, որ պահանջագրում նշված բոլոր 12 կետերը արցախցիների անփոփոխ պահանջներն են, և առաջին կետը մնում է արցախցիների գլխավոր նպատակը։
«Սակայն, ցավոք սրտի, այսօր ամենահրատապ հարցը՝ սոցիալական խնդիրներն են, որոնց լուծման պարագայում արցախցիների արտագաղթը կնվազի։ Բայց դա չի նշանակում, որ մյուս հարցերից հրաժարում կլինի: Ուղղակի այս պահին արցախցիները գտվում են ծանր սոցիալական խնդիրների առաջ”:
Ալվարդ Գրիգորյան
Կյանք ֆիլմի սյուժեյով․ ուզում եմ առաջվա պես երգեմ իմ Արցախում
Հերմինեի կյանքի պատմությունն սկսվում է Հայաստանի Գյումրի քաղաքից։ Ծնվել է այդտեղ, սակայն 90-ականներին ճակատագիրը նրան ու եղբորը հասցրել է Արցախ։ 2023-ի սեպտեմբերին Հերմինեն իր կամքին հակառակ բռնատեղահանվել է Արցախից ու կրկին հայտնվել Հայաստանում, սակայն առանց եղբոր․ Արթուր Խաչատրյանը հերոսաբար զոհվել է 2020-ի 44-օրյա պատերազմում:
Հերմինեն որդու և մորաքրոջ հետ բնակություն է հաստատել Արտաշատ քաղաքում։
Պատմում է
-Ճակատագիրն ի վերուստ անգութ է գտնվել մեր հանդեպ՝ թողնելով մեզ առանց ծնողական խնամքի: Ես 2 տարեկան էի, իսկ եղբայրս 3, երբ մեզ դաստիարակության տվեցին Երևանի մանկատներից մեկում: Չգիտեինք՝ ինչու և ինչպես ենք հայտնվել այդտեղ։ Միայն գիտեինք, որ մեր շուրջ բոլորն առանց ծնողների երեխաներ են։
1994 թվականին մեզ որդեգրեցին։ Ասում են՝ մի գեղեցիկ օր մանկատան շեմին է հայտնվում մինուճար զավակին Արցախյան պատերազմում կորցրած արցախցի մի ընտանիք: Տեսնելով ինձ ու եղբորս, ամուսինները որոշում են որդեգրել երկուսիս՝ չցանկանալով իրարից բաժանել մեզ։ Եղբորս իրենց զոհված որդու անունն են տալիս՝ Արթուր։ Ճակատագիրը, սակայն, շարունակում էր հետևել մեզ։ Ծնողական քաղցրությունը դեռևս լիովին չէինք ճաշակել, երբ կրկին մայր կորցրինք՝ մնալով բարի մարդկանց խնամակալության տակ: Ինձ պահել է մորաքույրս՝ Ռոզան, ում հետ ապրում եմ առայսօր, իսկ եղբորս՝ Հերսիկ մայրիկը, ով, ցավոք, Արցախյան վերջին պատերազմում շատ կորուստներ է ունեցել:
Մենք ավարտել ենք Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը: Շարունակելով ուսումը՝ Արթուրն ստացել է իրավաբանի մասնագիտություն, իսկ ես ավարտել եմ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը: Այնուհետև աշխատանքի եմ անցել Ասկերանի <<Բերդ>> համույթում՝ որպես երգչուհի։ Մեր համույթը հանդես է եկել Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում, մասնակցել բազում փառատոնների, միջոցառումների, միշտ եղել սահմանը պահող զինվորի կողքին:
Այնպես է ստացվել, որ միայնակ եմ մեծացրել որդուս։ Իհարկե, դժվարություններ կային, և այդ իսկ պատճառով միաժամանակ աշխատում էի Ասկերանի կոմունալ տնտեսությունում: Ամեն ինչ լավ էր ընթանում։ Սակայն իմ կյանքը միանգամից փոխվեց 2020-ին, երբ 44-օրյա պատերազմում կորցրի եղբորս։ Չեմ կարողանում հարմարվել այդ ծանր ու անտանելի ցավի հետ։ Եղբորս շիրիմը մնացել է Արցախում։ Տանից միայն Արթուրի նկարն եմ բերել, ու այդ նկարն է մնացել միայն՝ որպես հիշողություն:
Արցախի տեղահանությունից հետո, շուրջ 3 տարի անց Հերմինեն գտել է իր հարազատներին
-Երբ եկանք Հայաստան, սկզբից շատ դժվար էր մեզ համար։ Թոշակառու մորաքրոջս ու դպրոցահասակ որդուս ես պետք է տիրություն անեի։ Արցախի կորստի ցավը և այն, որ եղբայրս մնացել է այնտեղ, ինձ հանգիստ չէին տալիս։ Մի օր հրավիրվեցի ու մասնակցեցի <<Կիսաբաց լուսամուտներ>> հաղորդմանը՝ պատմելով իմ կյանքի պատմությունը։ Հաջորդ օրն ինձ զանգահարեց մի անծանոթ կին ու լացելով ասաց, որ իմ հարազատ մորաքույրն է՝ Ստելլան․ ապրում է Գյումրիում։ Սկզբից չէի հասկանում, թե ինչ է ասում, քանի որ լուրը շատ անսպասելի էր։ Այնուհետև նա հեռախոսը փոխանցեց իր հարսին, ով ասաց, որ ինձ ու եղբորս վաղուց էին փնտրում ու վերջապես գտան։
Հեռախոսազանգից մի քանի ժամ անց նրանք արդեն հասել էին Արտաշատ։ Զգացողություններս անսովոր էին, սակայն, երբ ինձ համար դեռևս անծանոթ այդ կինը գրկեց ինձ, սիրտս ճմլվեց՝ ցավից, կարոտից, ուրախությունից։ Նա պատմեց, որ շատ երկար են փնտրել մեզ, սակայն ասել են, որ եղբորս որդեգրել ու տարել են Եվրոպա, իսկ ես մահացել եմ փոքր տարիքում։ Մորաքույրս լացի միջից ասում էր, որ երբեք չէր կարող հավատալ, որ նման հրաշք կկարտարվի․ միայն ափսոս, որ Արթուրը չկա:
Ես գտա իմ արյունակից հարազատներին, ինչի համար փառք եմ տալիս Աստծուն։ Տարիներ հետո բոլորովին անսպասելի գտնելով հարազատներիս՝ հավատում եմ հրաշքների։ Իսկ ամենամեծ հրաշքը դա Արցախ վերադառնալն է:
Մորաքրոջ Ստելլաի հետ
Արցախում Հերմինեն շարականներ էր երգում եկեղեցիներում․ այստեղ ևս նա Աստծո տան հավատարիմ այցելուներից է
-Շուրջ մեկ տարի է, ինչ երգում եմ Արտաշատ համայնքի Ոստան գյուղի եկեղեցում։ Երգելու ընթացքում ես վերապրում եմ Արցախում ապրած իմ ամեն մի օրը, աղերսում Աստծուն, որ խաղաղություն բերի հայ ժողովրդին ու այնպես անի, որ մարդիկ բարությամբ լցվեն, սրտացավ լինեն իրար հանդեպ։ Ես գիտեմ՝ Աստված լսում է իմ ձայնը։ Հավատում եմ, որ անպայման վերադառնալու ենք մեր հայրենի հողը և տեր ենք կանգնելու մեր երկրին, մեր եկեղեցիներին ու շիրիմներին։
Երբեմն ինձ հրավիրում են նաև երգելու կնունքների, ծնունդների ու հարսանիքների արարողությունների։ Սիրով եմ ընդունում, սակայն իմ տրամադրությունն այլևս այն չէ, իմ ձայնն ասես իմը չէ։ Եղբորս գերեզմանը թողնելուց հետո ինձ համար աշխարհը փոխել է իր գույները։ Ոչինչ այլևս առաջվանը չէ, սակայն շատ եմ ուզում, որ առաջվա պես լինի, ու ես երգեմ իմ Արցախում։
Երբ տարիներ առաջ Ասկերան քաղաքում, որպես երկկողմանի ծնողազուրկ և միայնակ մայր, ինձ բնակարան հատկացվեց և Ասկերանի հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանի և Ներսես քահանա Ասրյանի կողմից տնօրհնեքի արարողություն կազմակերպվեց, օրհնած ջուրը խաչաձև ցողալով տան պատերին և խնկարկելով տունը՝ նրանք օրհնեցին ու Աստծուց պահպանություն հայցեցին իմ ընտանիքի համար, ես հասկացա, որ կարևորը տան կահույքն ու շքեղությունը չեն, այլ այդտեղ ապրող մարդու մաքուր ու մեծ սիրտը, և որ ամենկարևոր զարդարանքը դա մարդու խիղճն է։
Շուտով ես կդառնամ 35 տարեկան ու այդ տարիների ընթացքում ես շատ փորձությունների միջով եմ անցել։ Ինձ միշտ շրջապատել են հոգատար ու սրտացավ մարդիկ, ովքեր աջակցել են ինձ, ու ես սովորել եմ, որ մարդ երբեք չպետք է կորցնի հույսն ու միշտ հավատա առ Աստված։
Հերմինեի մինուճար զավակը՝ Սևակը, 16 տարեկան է։ Մայրը նրա հետ մեծ հույսեր է կապում, միաժամանակ ասում, որ որդին անպայման պետք է ծառայի հայկական բանակում և շարունակի Արթուրի ու բոլոր ընկածների կիսատ թողած գործն ու տեր կանգի հայոց սահմաններին։
Կարինե Բախշիյան
Հովհաննես Բաչկովը հաղթեց Ստամբուլի մրցաշարում
Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ բռնցքամարտում՝ նոկաուտի ենթարկելով իր մրցակցին IBA Pro-7 Champions’ Night մրցաշարում։
Սկզբում Բաչկովը պետք է ռինգում հանդիպեր ուզբեկ Շոխյախոն Երգաշևի հետ, սակայն վերջին պահին նրան փոխարինեց հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենին։
Այս հաղթանակը Բաչկովի պրոֆեսիոնալ կարիերայի ութերորդն էր։ Նա իր ութ մենամարտերից յոթն ավարտել է նոկաուտով։
Հովհաննես Բաչկովը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։



