ԵՄ արագ արձագանքման խումբը Հայաստանում “կօգմի” նաև հանրաքվեին

Ազատությունը հայտնում է, որ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա՝ մշտական քաղաքացիական առաքելություն։

ԵՄ-ն մտադիր է «աջակցություն հայտնել Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և տեղեկատվական ամբողջականության ամրապնդմանն ինչպես 2026 թվականի հունիսի ընտրություններից առաջ, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի ընթացքում»։

Նոր առաքելությունը հավանության արժանանալու դեպքում ավելի շատ կկենտրոնանա հիբրիդային սպառնալիքների վրա՝ ներառելով «ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությունը, ինչպես նաև հնարավոր է՝ դրան անմիջապես հաջորդող սահմանադրական հանրաքվեն»:

Բրյուսելում՝ դիվանագիտական միջանցքներում, հույս կա, որ այս անգամ Ադրբեջանը կարող է ավելի դրական տրամադրված լինել Հայաստանում ԵՄ նոր առաքելության նկատմամբ, քանի որ այն շաղկապվելու է ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության գործընթացի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հետ, հայտնում է Ազատությունը։

Օրերս հաղորդվել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 200 միլիոն եվրո, որի մասին եվրահանձնակատար Մարթա Քոսը կհայտարարի մարտ ամսին Հայաստան կատարելիք այցի ժամանակ։

«Ազատության» տեղեկություններից դատելով՝ Հայաստանի կառավարությունը խնդրել է ԵՄ-ից ֆինանսավորում և «արագ արձագանքման խումբ», համարելով, որ առանց նման աջակցության չի կարողանա հաղթել ընտրություններում, ավարտել Ադրբեջանի հետ «խաղաղության գործընթացը» և անցկացնել սահմանադրական հանրաքվե։ ԵՄ-ն, հույս ունենալով, որ այս հարցերում Հայաստանին ուղղված աջակցությունը չի հրահրի բողոքներ Բաքվում, փաստորեն ընդունում է, որ այս երեք գործընթացներն էլ բխում են Ադրբեջանի շահերից։

 

Մարտունիում քանդել է Երկրորդ աշխարհամարտի և արցախյան ազատամարտի հուշահամալիրը

Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգությունը։ Արցախի Մարտունի քաղաքում ամբողջությամբ ավերել է հուշահամալիրը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սոցցանցի օգտատեր Արտակ Մկրտչյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

«Այս հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին, որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Այսօր այն այլևս չկա։

Սա վանդալիզմ չէ։

Սա մշակութային ցեղասպանություն է։

Սա նպատակային քաղաքականություն է ջնջելու հայկական հետքը, պատմությունն ու հիշողությունը Արցախում։

Առավել ցինիկ է այն փաստը, որ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, մինչդեռ օկուպացված տարածքներում շարունակվում է մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը։

Միջազգային հանրության լռությունը դառնում է համակերպում։

Մշակութային ժառանգության ոչնչացումը նույնպես հանցագործություն է։

Հուշարձանները կարելի է քանդել,

բայց ժողովրդի հիշողությունը երբեք։

Պատմությունը հնարավոր չէ ջնջել»,-գրել  է նա:

Զելենսկի. Չորս տարի է Պուտինը երեք օրում գրավում է Կիևը

«Այսօր լրանում է ուղիղ չորս տարի այն բանից հետո, երբ Պուտինը հայտարարեց, որ երեք օրում կգրավի Կիևը», – հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի չորրորդ տարեդարձի առթիվ։
«Եվ սա շատ բան է ասում մեր դիմադրության, այն մասին, թե ինչպես է Ուկրաինան պայքարել այս ամբողջ ընթացքում։ Այս խոսքերը շատ բան են ասում մեր միլիոնավոր մարդկանց, մեծ քաջության, քրտնաջան աշխատանքի, դիմացկունության և այն երկար ճանապարհի մասին, որն Ուկրաինան անցնում է 2022-ի փետրվարի 24-ից ի վեր», – հայտարարեց Զելենսկին։
«Մենք իրավունք ունենք ասելու. մենք պաշտպանեցինք մեր անկախությունը, մենք չկորցրեցինք մեր պետականությունը, Պուտինը չհասավ իր նպատակներին։ Նա չկոտրեց ուկրաինացի ժողովրդին, նա չհաղթեց այս պատերազմում։ Մենք պահպանեցինք Ուկրաինան և մենք ամեն ինչ կանենք խաղաղության և արդարության հասնելու համար», – հավելեց նա։

Մեծ Բրիտանիայի խոհրդարանում մեկնարկել է Արցախի վերաբերյալ խորհրդարանական հետաքննություն

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի է ունեցել «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացի մեկնարկը, որի նպատակն է ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայկական ժառանգության ոչնչացումը, մինչ օրս ձեռնարկված իրավական արձագանքները, ինչպես նաև արդարության և հաշվետվողականության հասնելու հնարավոր ուղիները։ Առաջին նիստում ելույթ է ունեցել «Արցախի միության» նախագահ, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին  պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Հետաքննությունն իրականացնում են Միջազգային փաստաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտը (IBAHRI)` համագործակցությամբ Միջազգային իրավունքի, արդարադատության և հաշվետվողականության հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի  և Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի։

Բազմակուսակցական հանձնախումբը նախագահում է խորհրդարանական Բրենդան Օ’Հարան, անդամակցում են նաև բարոնուհի Հելենա Քենեդին, խորհրդարանականներ Ջոն Ուիթինգդեյլը, Ջեսիկա Մորդենը, Լորդ Մաք’Իննեսը, Լորդ Ալթոնը և բարոնուհի Հուպերը։ Աշխատանքներին աջակցում է IBAHRI ծրագրերի համակարգող Էյն Մակդոնալդը։

Քննությունը ընթանալու է հինգ փուլով՝ քննարկելով․

  1. Մշակութային ոչնչացման վերաբերյալ ապացույցների և առկա իրավական արձագանքների քարտեզագրում։
  2. Դիմումների ընդունման գործընթացի մեկնարկ։
  3. Հանրային լսումներ՝ փորձագետների և վկաների մասնակցությամբ։
  4. Վերջնական զեկույցի հրապարակում։
  5. Շարունակական քննարկում Մեծ Բրիտանիայի կառավարության և միջազգային հաստատությունների հետ։

Խորհրդարանական հետաքննության աշխատանքներին  կարելի է հետևել սույն հղմամբ։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

24 փետրվար 2026թ.

ԱՄՆ վիզայի դիմորդները Հայաստանում պետք է անցնեն բժշկական հետազոտություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել ներգաղթային վիզայի դիմորդների համար։

«Ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները պետք է անցնեն բժշկական հետազոտություն ԱՄՆ դեսպանության կողմից հավատարմագրված բժշկի կողմից։

Բուժզննում անցնելը պարտադիր է ներգաղթային վիզայի դիմելու համար»,- հիշեցնում է դեսպանությունը։

Արցախից տեղահանված հաշմանդամ կինը հուսահատության մեջ է

Արցախից տեղահանված մեր հայրենակիցների վիճակն օրեցոր վատթարանում է։ Այդ են վկայում սոցիալական ցանցերում արվող բազմաթիվ մեկնաբանությունները, որտեղ երևում են, որ մարդիկ հուսահատ և հուսախաբ են։

Ստեփանակերտ քաղաքից տեղահանված, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող կնոջ երկու հոգանոց ընտանիքը հուսահատության մեջ է։ Տիկին Արեգան ու որդին ստիպված ապրում են քրոջ բազմանդամ ընտանիքի հետ։

Նրանք չեն պատկերացնում, թե ինչպես է լուծվելու իրենց կարգավիճակն ունեցող մարդկանց ճակատագրերը։

 – Որդուս հետ, ով մանկուց տառապում է անբուժելի հիվանդությամբ, բնակություն ենք հաստատել քրոջս տանը։ ՀՀ կառավարության կողմից արցախցիներին տրվող աջակցության ծրագրի փոփոխությունից հետո մենք զրկվեցինք բնակվարձի աջակցությունից և ստիպված տեղափոխվեցինք քրոջս ընտանիքի հետ ապրելու (թե մինչև երբ, չգիտեմ), քանի որ ի վիճակի չէինք տան վարձավճարներն ու կոմունալ ծախսերը վճարել։ Որպես զոհվածի այրի՝ ստանում եմ 30000 դրամ պարգևավճար։ Իմ և որդուս հաշմանդամության թոշակները կազմում են 43500 և 36000 դրամ գումար։ Կարելի է ասել, այդ գումարը հերիքում է միայն մեր դեղորայքին։ Այդպես էլ մենք չընդգրկվեցինք հրատապ աջակցության ծրագրի մեջ։ Հիմա ես չեմ հասկանում՝ մենք խոցելի խո՞ւմբ ենք, թե՞ ոչ։ Մեր առողջական խնդիրները չեն ներում, որ աշխատենք։

Իմ և որդուս ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացն ընթացքի մեջ է, սակայն չեմ կարծում, որ կկարողանանք հավաստագրով բնակարան ձեռք բերել։

Մեր կարգավիճակում գտնվող ընտանիքները շատ-շատ են, և ես ոչ միայն իմ անունից եմ բարձրացնում այս հարցը։ Մի՞թե հնարավոր չէ գոնե սոցիալական բնակարաններ տրամադրել, քանի որ բնակապահովման ծրագրով փոքրակազմ ընտանիքների համար տուն ձեռք բերելն անհնարին է։ Կամ էլ, առանց խտրականության, բոլոր արցախցիներին ընդգրկեն բնակվարձերի աջակցության ծրագրի մեջ։ Չափազանց ծանր է, երբ սոցիալական ցանցերում հանդիպում եմ մեր հայրենակիցների ծանր վիճակը փաստող նյութերի։ Մարդիկ ստիպված են ապրել փայտե կամ երկաթե տնակներում, որոնք զուրկ են ամենատարրական հարմարությունից։ Շատերին անձամբ ճանաչում և ցավ եմ ապրում, երբ մտաբերում եմ, թե ինչպես էին նրանք ապրում Արցախում։ Իսկ այսօր հայտնվել են ահավոր վիճակում, ապագան էլ բոլորովին չի երևում։

Մենք բնավ օգնություն չենք մուրում։ Պարզապես ես ցանկանում եմ իմանալ, թե ինչպե՞ս են լուծվելու մեր կարգավիճակն ունեցող մարդկանց խնդիրները, ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր ի վիճակի չեն տուն գնել։ Արդյո՞ք հերթով չեն հայտնվի դրսերում,-ասում է հուսալքված կինը և ավելացնում, որ արդեն քանի տարի է, ինչ պրոտեզավորված է նրա ողնաշարը, իսկ որդին հազվագյուտ հիվանդությամբ տառապում է դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներից։

Տիկին Արեգան ասում է, որ տեղահանությունից հետո Երևան քաղաքում հաստատվել են ստիպված, որովհետև հիվանդանոցները նրանց կյանքի անբաժան մասն են կազմում, իսկ մարզերից Երևան հասնելն այնքան էլ հեշտ չէ, առանձնապես, երբ հիվանդանոց վայրկյան առաջ հասնելը երբեմն կենաց ու մահու խնդիր է։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

«Երկրորդ կարգի մարդիկ». դատական ​​նիստ՝ արցախցիների քաղաքացիության հարցով

Այսօր ՀՀ վարչական դատարանում, դատավոր Լիլիթ Չիլինգարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ՀՀ քաղաքացի Մերի Գարայանի կողմից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) դեմ ներկայացված հայցի վերաբերյալ դատական ​​նիստ: Դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 16-ին։

Մերի Գարայանը, ով իր առաջին հայկական անձնագիրը ստացել է Գորիսում, բայց ամուսնացել է Արցախում և 2019 թվականին այնտեղ ստացել 070 կոդով անձնագիր, ՀՀ անձնագրային գրասենյակում Արցախից տեղահանվելուց ի վեր այդպես էլ չի կարողացել գրանցվել: Այդ պատճառով նրա չորս հոգանոց ընտանիքը զրկվել է տեղահանվածների համար նախատեսված սոցիալական օգնությունից: Սոցիալական օգնության բացակայության պատճառով երկու երեխա ունեցող ընտանիքը չի կարողացել վարձակալել համատեղ բնակարան և ստիպված է բաժանվել և կիսված ապրել ազգականների հետ։

Հայցվորի ներկայացուցիչ Մարատ Եգանյանը իր խոսքի մեջ նշել է, որ Հայաստանում ընտանիքները պաշտպանված են Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով, և պետական ​​մարմինների անգործության պատճառով ընտանիքների քայքայումը խրախուսելը անընդունելի է։ Մասնավորապես, ըստ Մարատ Եգանյանի, Մերի Գարայանը չի կարող գրանցվել իր բնակության հասցեում, քանի որ Միգրացիոն ծառայությունը պնդում է, որ գրանցամատյանի տվյալներով Մերի Գարայանը ՀՀ քաղաքացի է և, համապատասխանաբար, հրաժարվում է գրանցել Գարայանին իր 070 ծածկագրով անձնագրում։

Անձնագրային ծառայությունը ստիպում է Մերի Գարայանին փոխարինել իր 070 ծածկագրով անձնագիրը մեկ այլ ՀՀ անձնագրով, չնայած պահանջի իրավական հիմք չի ներկայացնում։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ներկայացուցիչը դատական ​​նիստում պնդեց, որ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի 1864 Լ որոշման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու որոշումը չի տարածվում այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձանց վրա։ Պարզվում է, որ «այլ երկրների» մեջ է մտնում նաև Հայաստանը, թեկուզ որոշմն մեջ դա նշված չէ։

Դատական ​​նիստում պատասխանող կողմը այդպես էլ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք 070 կոդով ՀՀ  անձնագիրը այլևս անվավեր է, և եթե այո, ապա ինչ իրավական հիմքով։ Լսումների ընթացքում ՄՔԾ ներկայացուցիչը սկզբից նշել է, որ 070 կոդով անձնագրերը անվավեր են, ապա որ դրանք վավեր են, բայց միայն ժամանակավոր պաշտպանության վկայականի հետ միասին։

Մարատ Եգանյանի խոսքով՝ ՀՀ անձնագիրը կարող է անվավեր հայտարարվել միայն «Անձնագրերի մասին» օրենքի համաձայն, սակայն այն չի պարունակում որևէ դրույթ, որի համաձայն Գարայանի 070 ծածկագրով անձնագիրը պետք է անվավեր ճանաչվի։ Այս դեպքում, նա պնդում է, որ պետական ​​մարմինները չեն գործում օրենքին համապատասխան։

ՄՔԾ ներկայացուցչի խոսքով՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի կառավարության որոշումն է սահմանում, թե ով է ՀՀ քաղաքացի և ով չէ, նույնիսկ եթե ունի ՀՀ անձնագիր։

Մարատ Եգանյանը, որը ներկայացնում էր հայցվորին, ներկայացրեց երեք պահանջ՝ գրանցել Մերի Գարայանին նրա անձնագրում, ճանաչել նրա 070 կոդով անձնագրում գրանցվելու իրավունքը և  փոխհատուցել գրանցման մերժման պատճառով կորցրած սոցիալական օգնությունը։

ՓՄԳ ներկայացուցիչը փորձեց պնդել, որ առանց մեկ անձի գրանցման, ընտանիքի մյուս բոլոր անդամները կարող են դիմել սոցիալական օգնության համար։ Սակայն Մարատ Եգանյանը ներկայացրեց Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական պատասխանը, որում նշվում է, որ Մերի Գարայանի գրանցում չունենալու պատճառով նրա ընտանիքը չի կարող գրանցվել սոցիալական օգնության ծրագրում։

Դատական ​​նիստի ընթացքում օգտագործվել են «ՀՀ ստանդարտ անձնագիր» և «ՀՀ դասական քաղաքացի» տերմինները, սակայն անձնագրերը ստանդարտ կամ ոչ ստանդարտ, կամ ՀՀ քաղաքացիներին դասական կամ ոչ դասական դասակարգելու համար իրավական հիմք չի ներկայացվել։

ՀՀ անձնագրերը, որոնց ձևը որոշվում է 1998 թվականի 821 որոշմամբ, չեն տարբերվում ո՛չ բովանդակությամբ, ո՛չ էլ ձևով՝ անկախ նրանից, թե դրանք տրամադրվում են Ստեփանակերտում, թե Գյումրիում։

Մարատ Եգանյանի խոսքով՝ կա ավելի քան 100 դատական ​​որոշում, որոնցով 070 անձնագրերի տերերը ճանաչվում են որպես ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիներ։

ՀՀ քաղաքացիության ճանաչման վերաբերյալ Արցախի բնակիչների պահանջները, ի թիվս այլ բաների, հիմնված էին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «ՀՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին» որոշման վրա, որի 3-րդ կետում նշվում է, որ «Հայկական ԽՍՀ քաղաքացիության իրավունքները տարածվում են Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա»։

Կա սակայն ներքին որոշում, որի մասին խոսում է ՀՀ կառավարությունը (և ոչ միայն ներկայիսը), որի համաձայն 070 անձնագրերը տրամադրվել են 1998 թվականից ի վեր, իբր, որպես «ճանապարհորդական փաստաթղթեր»։ Սակայն մինչև 2023 թվականի հոկտեմբեր 070 անձնագիր ունեցող անձը կարող էր գրանցվել ՀՀ տարածքում և ավտոմատ կերպով ընդգրկվել ՀՀ քաղաքացիների գրանցամատյանում։ 2023 թվականի հոկտեմբերից հետո ՀՀ քաղաքացիների գրանցամատյանում ընդգրկվելու համար պետք է դիմում ներկայացնել և սպասել ՀՀ նախագահի կողմից քաղաքացիություն շնորհելու հրամանագրին։

Ինչպես Գևորգ Սաֆարյանը հայտարարեց նախկին դատական ​​նիստերի ժամանակ. «ՀՀ-ում «ճանապարհորդական անձնագիր» հասկացություն գոյություն չունի. կան ՀՀ անձնագրեր: Բայց նույնիսկ եթե նման անձնագրեր լինեին, դրանք միևնույն է կտրամադրվեին միայն ՀՀ քաղաքացիներին»:

Նշենք, որ 2009 թվականին ՀՀ կառավարությունն ընդունեց «ճանապարհորդական անձնագրի» բնութագիրը սահմանող որոշում, սակայն այդ բնութագիրը որևէ աղերս չունի արցախցիներին տրամադրվող անձնագրերի հետ:

Ժամանակավոր պաշտպանության վկայական և, հետևաբար, սոցիալական օգնություն ստանալու համար բռնի տեղահանված արցախցիները ստիպված էին իրենց դիմումում հստակ նշել, որ իրենք «ոչ մի պետության քաղաքացի չեն»։ Ոչ ոք այդպես էլ պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացրել, որով արցախցիները պետք է զրկվեն ՀՀ քաղաքացիությունից։ Ընդհակառակը, կառավարության որոշման մեջ կա կետ, որով նշված է, որ ժամանակավոր պաշտպանությունը վերաբերում է քաղաքացիություն չունեցող անձանց։ Եվ հիմա Միգրացիոն ծառայությունը տասնյակ հազարավոր դիմումներ ունի, որոնցում արցախցի ՀՀ քաղաքացիները «կամավոր» նշել են, որ իրենք ՀՀ քաղաքացի չեն՝ գիտակցելով, որ հակառակ դեպքում կզրկվեն սոցիալական օգնությունից։

Այս շանտաժը շարունակվում է մինչ օրս, այժմ՝ արցախցիների համար բնակարանային ծրագրի շրջանակներում, որին մասնակցությունը անհնար է առանց «ՀՀ քաղաքացիության»։ Այնուամենայնիվ, ոչ ոք դեռևս փաստաթուղթ չի ներկայացրել, որով նշված կլինի, թե ինչպես 070 կոդով ՀՀ անձնագրերի 150,000 տեր մարդիկ զրկվել են ՀՀ քաղաքացիությունից՝ վերածվելով երկրորդ կարգի քաղաքացիների սեփական երկրում։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հող է նվիրել արցախցի 7 ընտանիքի

Տաթև համայնքում արցախցի 7 ընտանիքի հող է տրամադրվել՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով։

«Երբ իմացա այս որոշման մասին, առաջինը հենց Ռուբեն Վարդանյանի մասին մտածեցի, որ անգամ գերության մեջ՝ Բաքվում, կրկին իր ազգի մասին է մտածում», — ասում է Արցախի Ճարտար քաղաքից տեղահանված և այժմ Հալիձորում բնակվող Լյուսվարդ Օհանյանը։ Նա Տաթև համայնքում անհատույց օգտագործման իրավունքով հողատարածք ստացած յոթ ընտանիքներից մեկի ներկայացուցիչն է։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ՝ ՏաԹևեր ճոպանուղուն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Տաթև համայնքում ապաստանած Արցախից տեղահանված ընտանիքների՝ այն մշակելու և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։

Հողատարածքն օգտագործելու առաջարկը ներկայացվել է տարածքին մոտ գտնվող Շինուհայր և Հալիձոր բնակավայրերում բնակվող արցախցի ընտանիքներին։ Արձագանքել և հողը մշակելու պատրաստակամություն են հայտնել 7 ընտանիք։ Հողերի հանձնման գործընթացը համակարգել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, որը հիմնադրել է Ռուբեն Վարդանյանը։

Շահառուները նոտարական հաստատմամբ արդեն ստացել են իրենց բաժին հողամասերը, որոնք բաշխվել են ըստ ընտանիքի անդամների թվի՝ հավասարության սկզբունքով։ Գործակալությունն իր վրա է վերցրել նաև փաստաթղթային ձևակերպումների և նոտարական ծախսերը՝ գործընթացը դարձնելով ամբողջությամբ հասանելի շահառուների համար։

Քաշաթաղից բռնի տեղահանված և այժմ Շինուհայրում բնակվող Կատին Հակոբյանի խոսքով, նախաձեռնությունն իրենց համար կենսական նշանակություն ունի.
«Ապրում ենք սոցիալապես ծանր պայմաններում, ընտանիքի անդամներից ոչ ոք չի աշխատում։ Այս հողը մեզ համար հնարավորություն է՝ մեր սեփական աշխատանքով թեթևացնելու ընտանիքի բեռը»։

Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանի խոսքով, համայնքում առկա գյուղատնտեսական նշանակության հողերն ամբողջությամբ մշակվում են, իսկ տեղահանված ընտանիքներն Արցախում ունեցել են գյուղատնտեսությամբ զբաղվելու մեծ փորձ, հետևաբար կարևոր էր նրանց համար ևս ստեղծել աշխատելու և ինքնուրույն եկամուտ ապահովելու հնարավորություն։
«Այս նախաձեռնությունը նրանց տալիս է իրական հնարավորություն՝ սեփական աշխատանքով ապահովելու ընտանիքի բարեկեցությունը և նվազեցնելու սոցիալական կախվածությունը», — ընդգծում է նա։

Ծրագիրը տեղահանված արցախցիների աջակցության հերթական նախաձեռնությունն է, որն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի աջակցությամբ՝ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության միջոցով։ Այն միտված է ոչ միայն սոցիալական հետևանքների մեղմմանը, այլև արժանապատիվ աշխատանքի, համայնքային ինտեգրման և ինքնաբավ կյանքի հնարավորությունների ստեղծմանը։

Ճակատագրի հեգնանք․ Հայաստանի և ԱՄՆ կապը կապահովի «Turkish Airlines»-ը

AirBaltic-ը մայիսին մատչելի չվերթներ կիրականացնի Երևանից դեպի Ռիգա և հակառակ ուղղությամբ: Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

Նա հավելել է, որ հունիսից կգործարկվեն նաև Երևան-Լոնդոն-Երևան ուղիղ չվերթները։ Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ շուտով «Turkish Airlines» ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևանից դեպի Լոս Անջելես և հակառակ ուղղությամբ։

Չնայած Կալիֆորնիայում Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանությունից ի վեր մի փոքրիկ Հայաստան է ձևավորվել, ԱՄՆ-Հայաստան ուղիղ կապին մարդիկ տարիներով սպասում են։ Այն վերջապես կհաստատվի, սակայն ճակատագրի հեգնանքով կապահովվի «Turkish Airlines» ավիաընկերության կողմից։    

Բուժաշխատողնորին կրկին դեպի կոռուպցիա են մղում

Փետրվարի 23-ին Երևանում՝ Հայաստանի Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի է ունեցել բժիշկների բողոքի ակցիա։

Նրանք, մասնավորապես, խնդրել են անցկացնել խորհրդարանական լսումներ՝ համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում առկա բացերի ու ռիսկերի վերաբերյալ։

Ակցիայի կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը պարզաբանել է, որ «պահանջը դա է, որպեսզի փոխեն վճարման կարգը, փոփոխեն նվազագույն շեմը, վերահաշվարկեն բուժաշխատողի վարձատրման մեխանիզմը և թող աշխատի ապահովագրման համակարգը»։

«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը հայտարարել է, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո բժիշկներն իրենց աշխատավարձերը ստացել են ոչ միայն ուշացումով, այլև զգալիորեն պակաս չափով։ Այսպիսով, ըստ նրա, տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը նվազել են 30%-ով։ Ընդ որում, պոլիկլինիկաներում որոշ դեպքերում այն կրճատվել է նույնիսկ 2–3 անգամ։

«Ամենաքիչը ստացել են բուժքույրերն ու մանկաբարձները», – բացատրել է Պողոսյանը։ 

Հայաստանում բուժաշխատողներն իրոք ծիծաղելի գումարներ են որպես աշխատավարձ ստանում, և այն պակասում է, պետական պաշտոնյաների բոնուսների բարձրացմանը զուգահեռ։ Մեկ նախարարի բոնուսով կարելի է մի բուժհաստատության անձնակազմի մի ամսվա աշխատավարձ վճարել։

Տպավորությունն այնպիսին է, որ բուժաշխատողներին կրկին մղումեն դեպի կոռուպցիա, դեպի “լեվի” վարձատրություն։

Իրանցիները Սուրեն Պապիկյանից պատասխաններ են ակնկալում

Փետրվարի 23-ին պաշտոնական այցով ժամանել եմ Իրանի Իսլամական Հանրապետություն։

Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով նաև տեսանյութ է տարածել։

Ինչի՞ համար է Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնում Իրան, որի շուրջ օղակը սեղմվում է․ փետրվարի 26-ին նախատեսվում է ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ, սակայն զուգահեռ ավելաբում է ռազմական լարվածությունը տարածաշրջանում։

Դրա հետ միասին  հայ-իրանական սահմանը, որը կարող է 99 տարով տրամադրվել ամերիկյան գերակշիռ մասնաբաժով ընկերության, հայտնվում է սպառնալիքի տակ, քանի որ շուտով ոչ իրանական, որ հայկական ուժերը չեն կարողանա լիիրավ վերահսկողություն իրականացնել սահմանին։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի վերջին խոստովանություններն առ այն, որ “Թրամփի ուղին” չի շարունակվի Նախիջևանով և Հայաստանով դեպի Թուրքիա, հարց է առաջանում,․ արդյո՞ք կպահպանվի հայ-իրանական ճանապարհը։ Իսկ Իրան-Հայաստանի երկաթուղային հաղորդակցության վերականգնումը առավել անհավանական է դառնում։

Այդ փաստը չի կարող չանհանգստացնել Թեհրանին, և իրանցիները Սուրեն Պապիկյանից պատասխաններ են ակնկալում։

Սկանդալ Իսրայելի «բիբլիական» հավակնությունների շուրջ. Արցախ-Սյունիք-Նախիջեւան

Արաբական և մուսուլմանական կառավարությունները դատապարտել են Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիի հայտարարությունները, որ “բիբլիական”տեքստերը Իսրայելին իրավունք են տալիս պահանջել Մերձավոր Արևելքի զգալի մասը։

Հաքաբին հարցազրույց է տվել պահպանողական մեկնաբան Թաքեր Կարլսոնին, որը Թրամփի կողմից նշանակված դեսպանին հարցրել է, թե արդյոք Իսրայելն իրավունք ունի Նեղոսից մինչև Եփրատ տարածքի հանդեպ, ինչպես նկարագրված է Աստվածաշնչում, այսինքն՝ «ըստ էության՝ ամբողջ Մերձավոր Արևելքի» հանդեպ։

«Լավ կլիներ, եթե նրանք վերցնեին այն ամբողջությամբ», – պատասխանել է Հաքաբին։ Նա արագ ավելացրել է, որ Իսրայելը դրան չի ձգտում և պարզապես «ուզում է առնվազն պահպանել այն հողը, որը նրանք ներկայումս զբաղեցրել են» և պաշտպանել իր ժողովրդին։

Տասից ավելի երկրներ Հաքաբիի հայտարարությունները անվանել են «վտանգավոր և սադրիչ» և սպառնալիք Գազայում պատերազմը դադարեցնելու ջանքերին։ Հայտարարությունը ստորագրել են ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Հորդանանը, Ինդոնեզիան, Պակիստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը, Քուվեյթը, Օմանը, Բահրեյնը, Լիբանանը, Սիրիան, Պաղեստինի պետությունը, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Արաբական պետությունների լիգան և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը։

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նախկինում նույնպես խոսել էր «բիբլիական» իրավունքների մասին՝ Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածը անվանելով «բիբլիական հրաշք»։ Միևնույն ժամանակ, Նեթանյահուն ասում է, որ «իսրայելական պետականության գոյությունը» կախված է այդ հրաշքից։

Իրանի և ԱՄՆ-ի միջև ներկայիս բանակցությունների ֆոնին, Իսրայելում ԱՄՆ դեսպանի «բիբլիական» նկրտումները, հնարավոր էչ միջազգային կտրուկ արձագանքի հաշվարկով (ոչ միայն արաբական երկրներում) և կարող է նշան լինել, որ Մերձավոր Արևելքում Իսրայելի շուրջ կարմիր գծեր են ի հայտ գալիս։ Ավելի համարձակ վերլուծաբանները նշում են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հրեակենտրոնության վրա կառուցված աշխարհակարգի ավարտը մոտենում է ավարտին։

Իսրայելի «աստվածաշնչային» նկրտումները մատնանշում են համաշխարհային տարածում ստացած՝  «պատմության», արմատների, հողի և ինքնության ժխտման «ձախակողմյան» տեսության երեսպաշտությունը։ Այս տեսությունը իդեալական հող է գտել ժամանակակից Հայաստանում, որտեղ կառավարությունը վարում է ազգային մտածողության «տկարության» և հայկական «բիբլիական» իրավունքների մերժման քաղաքականություն։

Դրա հստակ դրսևորումն է Հայաստանի կառավարության կողմից հրաժարումը Նախիջևանից՝ այն վայրից, որտեղ բիբլիական Նոյը իջել է Արարատից։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը Նախիջևանը անվանում է «Ադրբեջանի» մաս՝ առանց ներկայացնելու որևէ փաստաթուղթ, որը կհաստատեր այս պնդումը։ Նա չի հիշատակել հայերի «բիբլիական» իրավունքները Նախիջևանի և Արարատ լեռան նկատմամբ, սակայն, հիշեցրել է քրիստոնեական քաղաքակրթության զարգացման գործում Հայաստանի դերի մասին։

Միացյալ Նահանգները լուռ ճանաչել է Առաջին Հայկական Հանրապետության սահմանները՝ չհամարելով Կարսի ռուս-թուրքական պայմանագիրը օրինական, և դեռևս չի չեղարկել Վիլսոնի արբիտրաժը։

Այն մասին, որ Նախիջևանը, Սյունիքը և Արցախը ԱՄՆ-ը համարում է միջազգային քաղաքականության հիմնական կետեր, վկայում է փաստը, որ այս երեք բիբլիական հայկական տարածքները կապող միակ ճանապարհը կոչվում է Թրամփի մայրուղի։ Եվ Իսրայելի բացահայտ «օգնությունը» այս տարածքները հայ ժողովրդի հայրենիքից խլելու փորձերին նույնպես պատահական չէր։

Իսրայելում ԱՄՆ դեսպանի սադրանքից առաջացած սկանդալը ենթադրում է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է Մեծ Մերձավոր Արևելքի նոր բաժանումը “բիբլիական” սահմաններով։