
Հայաստանի կառավարությունն այսօվա նիստում որոշում է ընդունել 2026 թվականի ապրիլի 1-ից բարձրացնել կենսաթոշակների և նպաստների մի շարք տեսակներ։
Նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամից կդառնա 46 հազար դրամ՝ աճելով 10 հազար դրամով։ Աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման համար հիմնական կենսաթոշակի չափը 24 հազար դրամից կբարձրանա մինչև 34 հազար դրամ։
Զինվորական կենսաթոշակի հաշվարկման հիմնական չափը 20 հազար դրամից կդառնա 21 հազար դրամ՝ աճելով 1 հազար դրամով, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը 1750 դրամից կբարձրանա մինչև 2000 դրամ։
Պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակները ևս կբարձրանան։ Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում գումարը 50 600 դրամից կհասնի 64 600 դրամի՝ ավելանալով 14 հազար դրամով։ Երկրորդ խմբի դեպքում 41 400 դրամից կդառնա 54 800 դրամ՝ աճելով 13 400 դրամով, իսկ երրորդ խմբի դեպքում 38 հազար դրամից կհասնի 48 հազար դրամի՝ աճը կազմելով 10 հազար դրամ։
Զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը 38 հազար դրամից կբարձրանա մինչև 48 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում 120 հազար դրամից կհասնի 170 հազար դրամի։
Բարձրացումներ են նախատեսվում նաև նպաստների համակարգում։ Ծերության նպաստը 36 հազար դրամից կդառնա 46 հազար դրամ։ Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց նպաստը 39 հազար դրամից կհասնի 49 հազար դրամի, երկրորդ խմբի դեպքում 37 500 դրամից կբարձրանա մինչև 47 500 դրամ, երրորդ խմբի դեպքում 36 հազար դրամից կհասնի 46 հազար դրամի։
«Հաշմանդամ երեխա ճանաչված անձ» կարգավիճակ ունեցողների նպաստը նույնպես կաճի 39 հազարից մինչև 49 հազար դրամ։
Փոփոխությունների արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 48 993 դրամից կդառնա 59 181 դրամ, իսկ հետվճարի մեխանիզմի ազդեցությամբ միջինը կհասնի 67 873 դրամի։
Զինվորական կենսաթոշակի միջին չափը 96 321 դրամից կբարձրանա մինչև 104 852 դրամ, իսկ հետվճարի հաշվառմամբ կհասնի 113 544 դրամի։
Կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար 2026 թվականին կպահանջվի լրացուցիչ շուրջ 78.7 միլիարդ դրամ։
Նախարար Արսեն Թորոսյանը նշել է. 623,353 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է 10 հազար դրամ և ավելի, մնացած 39,594 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է շուրջ 8500 դրամով:
Մեր խնդիրն այն է, որ մեր կենսաթոշակը սպառողական զամբյուղից ներքև չգնա։ Այս մասին հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ իր արած հայտարարությանը, որ ամեն տարի կենսաթոշակը առնվազն գնաճի չափով կինդեքսավորվի։
«Ես դա առանց մանրամասն փորձագիտական քննարկումների հայտարարեցի նկատի ունենալով, որ մենք հիմա առաջ ենք այսինքն և մենք ռեզերվ ունենք ավելի հանգիստ, առանց նյարդայնանալու մտածել։ Խնդիրը հետևյալն է որ մեր թոշակը այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր պետք է չլինի և չի լինի։ Սա պատմական փոփոխություն է, և այդ փոփոխությունը երկու առանձնահատկություն ունի: Առաջինը, երբ դրան հասնում ես, բայց հետո երբեմն մոռանում ես, որ պետք է խնամք տանել այդ պատմական ձեռքբերման նկատմամբ, և դա էլի հետ է գլորվում դեպի իր նախնական վիճակին: Պետք է ֆիքսել և խնամք տանել, որպեսզի այդ այն, ինչ ձեռք ես բերել, դա հետագայում զարգանա»,–ասաց նա։