Ռևանշիզմի և խաղաղության միջև․ Փաշինյանը չգիտի, երբ կստորագրվի “պայմանագիրը”

  • 17:37 05.03.2026

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման Ժամկետներն անհայտ են։ Այս մասին մարտի 5-ին կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ն արդյոք խնդիր Իրանի հետ ապրանքափոխանակության ոլորտում, պատասխանեց. «Իհարկե կան, բա որ ասում ենք գնանք Թուրքիայի հետ սահման բացենք, Ադրբեջանի հետ սահման բացենք, դա ինչի՞ մասին է, բա ինչի՞ համար ենք ասում»։

Մուննաթը, իհարկե, անպակաս է այսօրվա կառավարությունից, բայց այս դեպքում ընդհանրապես անհասկանալի է, թե ում է դիմում Պապոյանը։ Չէ՞ որ Հայաստանում ոչ ոք չի ասել՝ ճանապարհները մի բացեք, հակառակը՝ Պապոյանի շեֆն նորերս ասել է, որ Բաքուն և Անկարան հրաժարվում են “Թրամփի ուղին” շարունակել Նախիջևանով և Հայաստանով դեպի Թուրքիա։ Բաքուն և Անկարան են փակել և չեն ուզում բացել ճանապարհները, ո՞ւմ է մուննաթ գալիս Պապոյանը։

2020-2025 թ․ պատերազմներից և “բանակցություններից” հետո Հայաստաի հասարակությունը հայտնվել է մի կետում, երբ պարզվում է, որ բոլոր պնդումները, թե “Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք”, “ով զիջումների դեմ է՝ խաղաղության դեմ է”, սուտ են։ Հայաստանի հասարակությայն հավասարակշռությունը խախտվել է․ ազգային շահեր առաջ տանողների կշիռը գրեթե զրոյացել է, իսկ “կոսմոպոլիտների” թիվն աճել։ Այդ դիսբալանսը հայկական նավը հասցրել է ծայրահեղ շեղման։ Բավական է մի փոքր քամի, և նավը շուռ կգա, եթե չվերականգնվի հավասարակշռությունը։

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն Արցախը համարում Ադրբեջան, պատասխանեց․ «Այսօրվա իրավիճակով մենք ոչ կարանք ամբագոռգոռ բառեր ասենք, մենք պահում ենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանները, մինչև գնանք խաղաղության, որ էս մի կտոր հողը կարողանանք պահենք։

Մենք եղել ենք հաղթանակած բանակից, իսկ այսօր մենք պիտի խելոք լինենք, պիտի կարգապահ լինենք, համախմբված լինենք, որ կարողանանք այս վիճակից դուրս գանք։ Այսօր ունենք այն, ինչ ունենք, մենք սա կպահենք, հետո պարզ կլինի ինչ պիտի լինի, վաղվա օրը ոչ մեկ չգիտի ինչ է լինելու»,–ասաց նա։

Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է, որ այսօր մեր երկրում այս պահին խաղաղություն է։

Իշխանությունները խաբում են, վախեցնում են անընդհատ մեր ժողովրդին նոր պատերազմով, որ եթե գան նախկինները պատերազմ կլինի, որ նախկինները ռևանշիստներ են, այո, ես ռևանշիստ եմ, մենք չենք կարող Արցախը համարել ընդմիշտ Ադրբեջանի կազմում։ Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի նախկին քաղաքապետ, նույն ԵԿՄ անդամ Ալբերտ Բազեյանը։

«Նիկոլին ու ՔՊ–ին հեռացնելուց հետո մենք հզորացնելու ենք մեր բանակը, կարգավորելու ենք հարաբերությունները մեր արտաքին ռազմաքաղաքական գործընկերների հետ և նրանց օգնությամբ ազատագրելու ենք Արցախն ու մեր հայրենիքի բռնազավթած մյուս տարածքները»,–ասաց նա։