Իրանն ԱՄՆ-ին 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկ է ներկայացրել

Իրանը պակիստանցի միջնորդի միջոցով պատասխան է փոխանցել ամերիկյան 9 կետից բաղկացած առաջարկին՝ կենտրոնանալով «պատերազմի ավարտի» թեմայի վրա, հաղորդում է Tasnim-ը։

Ինչպես հայտնում է Tasnim գործակալության արտաքին քաղաքականության թղթակիցը, ԱՄՆ-ն իր առաջարկում երկամսյա հրադադար է խնդրել։

Միևնույն ժամանակ Իրանը շեշտել է, որ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն 30 օրվա ընթացքում, իսկ գործընթացը պետք է միտված լինի ոչ թե հրադադարի երկարաձգմանը, այլ հենց «պատերազմի ավարտին»։

Իրանի 14 կետից բաղկացած առաջարկում ներառված են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ռազմական ագրեսիայից հրաժարվելու երաշխիքները, Իրանի շուրջ տարածքից ամերիկյան ռազմական ուժերի դուրսբերումը, ծովային շրջափակման վերացումը, սառեցված իրանական ակտիվների ապասառեցումը, փոխհատուցումների վճարումը, պատժամիջոցների չեղարկումը և բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը, ներառյալ Լիբանանը, ինչպես նաև Հորմուզի նեղուցում իրավիճակի կարգավորման նոր մեխանիզմը և այլ հարցեր։

Իրանը սպասում է ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանին այս առաջարկների վերաբերյալ։

«Ես ուզում եմ, որ մարդիկ չչարանան իրար հանդեպ, որովհետև դու չգիտես, թե քո դժվար պահին ով ձեռք կմեկնի քեզ»

Գայանե Սահակովան մանկաբույժ է։ Ծնվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Հայրական կողմից նրա արմատները սերվում են Արցախի Շուշի քաղաքից, մայրական կողմից՝ Արևմտյան Հայաստանի Մուսա Լեռից։ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Գայանեն անդամագրվել է ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակում։

44-օրյա պատերազմի լուրը ստանալուն պես ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության վաշտերը իրար հետևից մեկնեցին Արցախ՝  մարտական առաջադրանք ստանալով պաշտպանել նրա հյուսիսային սահմանները:

Այդ կամավորականների մեջ էր նաև բժշկուհի Գայանեն

-2019 թվականից արդեն աշխատում էի Երևանի հիվանդանոցներից մեկում։ Այդ ժամանակահատվածում պայքարում էինք մարդկանց կյանքը քովիդից փրկելու համար։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Արցախում կրկին պատերազմ սկսեց, ես հերթապահում էի հիվանդանոցում։ Կամավորականների գումարտակում հավաք հայտարարվեց․ հերթապահությունից հետո շտապեցի հավաքին մասնակցելու։ Որոշում կայացվեց անհապաղ մեկնել առաջնագիծ։ Ես ընկերներիս ասացի, որ ցանկանում եմ միանալ գումարտակի կամավորականներին։ Որպես բժիշկ՝ իմ տեղն այնտեղ է։ Առարկություն չեղավ, խնդրանքիս ընդառաջեցին։

Նույն օրը երեկոյան մեկնեցինք Արցախ։ Ստեփանակերտում հագուստ ստացանք, նույն օրը շարժվեցինք դեպի Մատաղիս։ Մատաղիսի անկումից հետո մենք գնացինք Մաղավուզ, հետո՝ Մարտակերտ։ Մինչև նոյեմբերի 25-ը Մարտակերտում էի։ Մատաղիսում իմ առաջին վիրավորները ժամկետային զինծառայողներ էին։ Հետո լսեցինք ընկեր Գեղամ Մուշեղյանի զոհվելու լուրը։

Ծանր օրեր էին․ ամեն օր զոհեր, վիրավորներ։ Իհարկե, երբեմն վախենում էի, բայց ինձ հետ էին ընկերներս։ Մեզ հետ էր բժիշկ Նորայրը․ նրա կողքին ինձ վստահ ու ապահով էի զգում։ Մաղավուզն անընդհատ ռմբակոծվում էր, վիրավորներ կային շատ։ Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղ գյուղին հարող՝ ռազմավարական նշանակության բարձունքը նվաճելը և դրանով իսկ հյուսիսային պաշտպանական գոտում ճեղքում առաջացնելը թշնամու համար կարևորագույն նշանակություն ուներ: ՀՅԴ կամավորականներն իրենց վրա էին վերցել Վարնկաթաղի գրավման առաջին հուժկու հարվածները:

Ցավոք, մեր տղաներից զոհեր ունեցանք այդ ռազմագործողության ժամանակ։ Նրանք դեմառդեմ էին կռվում թշնամու հետ։ 44-օրյա պատերազմի ավարտը խոցեց բոլորիս։ Անչափ ծանր էր լսել այն մասին, որ Արցախի տարածքի զգալի մասն անցել է թշնամու տիրապետության տակ։ Երբեք չեմ մոռանում, թե ինչպես էին տղամարդիկ լացում։ Շատերն Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ էին, հաղթանակ կերտած մարդիկ։ Նրանք առավել ծանր էին տանում պատերազմի ամոթալի ու ցավոտ ավարտը։ Պատերազմի ավարտի հայտարարությունն և ստորացուցիչ պայմանագրի ստորագրումը մեծ հարված էր թիկունքից։

44-օրյա պատերազմից հետո Գայանեն չդադարեց ապրել արցախցու կյանքով, անել հնարավորը, որ մեղմացվի նրա ցավը

-Պատերազմից հետո ես ու իմ ընկերները պարբերաբար գնում էինք Արցախ, այցելում բազմազավակ, տեղահանված ընտանիքներ։ Առանձնապես աշխատում էինք օգնել երեխաներին․ գո՞ւցե մանկաբույժ եմ ու դրանից ավելի շատ եմ զգայուն երեխաների հանդեպ։ Մենք այդ օգնությունները չէինք կարwղ անել առանց բարեգործ մարդկանց ու մեր սփյուռքահայ բարեկամների։ Տրամադրում էինք սնունդ, տակդիր, հիգիենայի պարագաներ։ Իրականում շատ դժվար էր այդ ընտանիքներ մտնելը, որտեղ հայր են կորցրել, որդի, եղբայր։ Սակայն մենք ցանկանում էինք ինչ որ կերպ սփոփել նրանց։ Մեզ թվում էր, որ այդ օրերը մեր կյանքի ամենածանր օրերն էին։

Հեշտ չէր անցնել Շուշիի կողքով, որն այլևս մերը չէ։ Հետո Արցախը շրջափակվեց ու ավելի վատացավ արցախցու վիճակը և փակվեց մեր ճանապարհը դեպի Արցախ։ Անընդհատ մտածում էինք․ ի՞նչ օրի են արցախցիները, հիմա էլ շրջափակումը նրանց նոր փորձության առաջ կանգնեցրեց։ Ու հասկացանք, որ ծանր օրերը դեռ նոր են սկսվում։

2023 թվականի Արցախի հայաթափումը մեծ հարված էր պատերազմի թոհուբոհով անցած երիտասարդ բժշկուհու, համար

-Կորցնելով Արցախը՝ մենք կորցրինք մեր հայրենիքի կարևոր մասը։ Մենք կորցրինք տղաների արյամբ շաղախված ու տարիներ շարունակ արժանապատվորեն պահվող հողը։ Արցախը լոկ տարածք չէր․ այն հայրենիք էր, որն այսօր հայտնվել է գերության մեջ։

Ընկերներիս հետ շարունակում եմ արցախցիների կողքին լինել։ Տեղահանությունից հետո հնարավորության սահմաններում օգնում, աջակցում ենք նրանց։

Սակայն, երբ անդադար պայքարի մեջ ես, կարևոր բաների վրա կենտրոնացած ու պատասխանատու, ի վերջո հոգնում ես պարզապես՝ թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկապես։ Երբեմն մտածում եմ՝ ճի՞շտ եմ անում, որ այդ մեծ պատասխանատվությունը վերցնում եմ իմ ուսերին, հետո հասկանում, որ այլ կերպ չեմ կարող։ Իրականում արցախցին չպետք է բարեգործության կարիք ունենա, նրա բոլոր հոգսերը պետք է պետությունը հոգա, հանձն առնի բռնատեղահանված մարդու պաշտպանությունը։ Փաստացի շատ բարի մարդիկ կան, ովքեր չեն կարողանում հանգիստ նստել ու նայել, թե ինչպես են տեղահանված արցախցիները իրենց խնդիրների հետ մենակ մնացել։ Նրանք իրենց անձնական կյանքը թողնելով մի կողմ՝ մտածում են ինչ որ կերպ օգտակար լինել։

Պատերազմի օրերին Գայանեն զգաց ընկերության ուժը

-Ռազմի դաշտում, երբ զգում ես, որ քո կողքին ընկերդ է, ով կարող է հանուն քեզ իր կյանքը տալ, քեզ հետ կիսել քո ցավը, իր թիկունքով պաշտպանել քեզ, հասկանում ես, որ ընկերությունը կարևորագույնն է մարդու կյանքում։ Պատերազմի օրերին մենք աշխատում էինք իրար ուժ հաղորդել, չվհատվել, իսկ երբեմն էլ կատակում էինք արցունքների միջից։ Ջերմությամբ եմ հիշում, երբ րոպեական անդորր էր լինում, տղաները վազում էին դաշտային ծաղիկներ  հավաքելու ինձ համար

Ես ուզում եմ, որ մարդիկ չչարանան իրար հանդեպ, որովհետև դու չգիտես, թե քո դժվար պահին ով ձեռք կմեկնի քեզ, գո՞ւցե նա, որին դու բոլորովին չես սպասում․․․

Բժշկուհի Գայանեն այդքան փորձությունների միջով անցնելուց հետո իր երջանկությունը գտել է ընտանիք կազմելու մեջ։ Նա խնամում է իր բալիկին, ինչպես նաև շարունակում է մանկաբույժի իր առաքելությունը։

Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի հայտարությունը

Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ՝
ուղղված Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի մասնակիցներին
Մեծարգո՛ առաջնորդներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Հանրային խորհուրդը՝ որպես բնօրրանից բռնի տեղահանված և ցեղասպանության ենթարկված ժողովրդի հավաքական շահերի ներկայացուցիչ, դիմում է ձեզ՝ որպես մարդու իրավունքների և միջազգային իրավակարգի երաշխավորների։
Մինչ դուք քննարկում եք Եվրոպայի անվտանգային ապագան, Արցախի ժողովուրդը շարունակում է կրել 21-րդ դարի ամենածանր մարդասիրական և իրավական աղետներից մեկի հետևանքները, որոնք տեղի են ունեցել նաև ձեր թողտվության և աջակցության պայմաններում։ Մենք ահազանգում ենք, որ առանց մեր իրավունքների պատշաճ վերականգնման ու պաշտպանության, առանց արդարության և պատասխանատվության՝ տարածաշրջանում որևէ «խաղաղության օրակարգ» չի կարող լինել կայուն և կենսունակ։
Արցախի հանրային խորհուրդը հրատապ կերպով ձեր ուշադրությունն է հրավիրում հետևյալ առաջնահերթությունների վրա.
1. Քաղաքական պատանդներ և գերիներ.
Պահանջում ենք վճռական ճնշում գործադրել Բաքվի վրա՝ անհապաղ ազատ արձակելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և բոլոր մնացած հայ պատանդներին ու գերիներին։ Նրանց ապօրինի կալանքը մարտահրավեր է միջազգային իրավունքին և տարածաշրջանում խաղաղությանը:
2. Հավաքական վերադարձի և անվտանգության իրավունք.
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը բացարձակ է և անօտարելի։ Այն պետք է իրականացվի բացառապես միջազգային համարժեք պաշտպանության ներքո։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2023թ. նոյեմբերի 17-ի հրամանը պետք է կատարվի անվերապահ ու անհապաղ կերպով՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգ, արժանապատիվ ու անխափան վերադարձը հայրենի տներ։ Հատկանշական է, որ եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունը ստորագրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 40 երկրի 2023թ. Հոկտեմբերի 11-ի «Համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին», որտեղ ընդգծվում է բռնի տեղահանված անձանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ ու կայուն վերադարձի համար պայմանների արագ ստեղծման անհրաժեշտությունը:
Մենք մերժում ենք ցանկացած լուծում, որը չի երաշխավորում մեր ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, հավաքական և կայուն վերադարձը սեփական հայրենիք, որը ձեր իսկ ստանձնած պարտավորության շրջանակում է։
3. Մշակութային ցեղասպանության և սեփականության ոչնչացման կանխում.
Ադրբեջանի բռնազավթման տակ անցած տարածքներում վտանգված են ավելի քան 6,000 պատմամշակութային հուշարձաններ։ Արդեն իսկ արձանագրվել է վանդալիզմի ավելի քան 1,000 դեպք, այդ թվում՝ եկեղեցիների, այլ հուշարձանների ու գերեզմանոցների ամբողջական ոչնչացման դեպքեր։ Բացի դրանից, ԱՄԴ հրամանի խախտմամբ՝ Ադրբեջանը քանդել կամ յուրացրել է մեր հազարավոր տներ ու այլ մասնավոր գույքեր, այդ թվում՝ հիմնահատակ քանդելով ամբողջական բնակավայրեր ու բնակելի թաղամասեր:
Ուստի, պահանջում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային դիտորդների անխափան մուտքը տարածաշրջան՝ ԱՄԴ հրամանի կատարումը մշտադիտարկելու և մշակութային ցեղասպանությունն ու մեր գույքի յուրացումը կասեցնելու նպատակով։
4. Արցախցիների մարդասիրական ծանր վիճակը Հայաստանում.
Այսօր Հայաստանում ապաստանած շուրջ 120,000 արցախցիներ շարունակում են մնալ մարդասիրական ճգնաժամի մեջ։ Ի հակառակ ՀՀ իշխանությունների բարձրագոչ հավաստիացումների՝ ցուցանիշները մտահոգիչ են և պահանջում են անհապաղ ու լայնածավալ միջազգային միջամտություն.
Աղքատությունը բռնի տեղահանվածների շրջանում կազմում է շուրջ 70%, ինչը երեք անգամ գերազանցում է ՀՀ միջին ցուցանիշը։
Գործազրկությունը հասնում է շուրջ 70%-ի (հինգ անգամ ավելի բարձր ՀՀ միջինից)։
Տեղահանվածների 80%-ը դեռևս ապահովված չէ բնակարանով։
ՀՀ իշխանությունների համակարգմամբ՝ իրականացվում է ատելության ու խտրականության քարոզ Արցախի ժողովրդի հանդեպ, ինչն էլ ավելի է խորացնում հոգեբանական տառապանքները և ինտեգրման դժվարությունները:
Ուստի, ակնկալում ենք եվրոպական կառույցների ու պետությունների աջակցությունը՝ ստեղծելու բնակարանային և զբաղվածության ապահովման հատուկ ֆոնդեր, որոնք կկանխեն Արցախի ժողովրդի արտագաղթը և տառապանքների խորացումը։ Հայաստանում մեր ժողովրդի արժանապատիվ ու կայուն կեցությունը կարևոր պայման է մեր իրավունքների պաշտպանության համար՝ նախքան վերադարձի իրավունքի իրացումը:
5. Միջազգային քրեական պատասխանատվություն և անպատժելիության վերացում.
Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և զանգվածային ոճրագործությունները (ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն, պատերազմական հանցագործություն) պետք է ստանան իրավական համարժեք գնահատական։ Կոչ ենք անում.
Հռոմի ստատուտի և Միջազգային քրեական դատարանի գործիքակազմով նախաձեռնել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր գործողությունների հետաքննություն։
Գործադրել ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիան՝ կանխելու համար հայկական հետքի վերջնական բնաջնջումը տարածաշրջանից։
Կիրառել համընդհանուր իրավազորության սկզբունքը՝ ձեր երկրների ազգային դատարաններում հետապնդելով այն անձանց, ովքեր պատասխանատու են խաղաղ բնակչության դեմ իրականացված ոճրագործությունների համար։
Մեծարգո՛ առաջնորդներ,
Ի թիվս վերոնշյալ միջազգային փաստաթղթերի՝ ուշագրավ են նաև Եվրոպական խորհրդարանի մի շարք բանաձևեր (այդ թվում՝ 2026թ. Ապրիլի 30-ին ընդունված), որոնք հստակորեն ուղենշում են ԵՄ և դրա անդամ պետությունների գործադիր իշխանությունների անելիքները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում:
Ուստի, դատապարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող մարմնի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ապօրինի ու անարդար լուծարումը՝ մենք պահանջում ենք միջազգային պատշաճ մեխանիզմի ձևավորում՝ Արդարադատության միջազգային դատարանի հրամանների և ԵԽ բանաձևերի կատարման նպատակով:
Եվրոպական քաղաքական համայնքի առաքելությունը՝ խաղաղությունն ու անվտանգությունը, չեն կարող կառուցվել մարդկանց և ժողովուրդների իրավունքների զոհաբերության հաշվին։ Մենք հորդորում ենք ձեզ կանգնել Արցախի ժողովրդի կողքին՝ պաշտպանելով ոչ միայն մեր, այլև այն համամարդկային արժեքները, որոնց վրա խարսխված է ձեր Համայնքը և որին այդքան հավատացել է մեր ժողովուրդը։

Իսկ ով և ինչպե՞ս է որոշելու, թե որ լրատվամիջոցն է ռուսամետ

«Հրապարակը» գրում է, որ երեկ կայացած Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը։

«Բացի այդ, Փաշինյանն արգելել է մեծ թվով ռուսաստանաբնակ հայերի մուտքը Հայաստան, ընդ որում՝ հայտնի չէ, թե ինչ պատճառաբանություններով», գրել է թերթը։ 

Նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել անցյալ տարի՝ Մոլդովայի ընտրությունների նախաշեմին, երբ մի շարք հեռուստաալիքներ գիլիոտինի հարվածի տակ հայտնվեցին։ Ոչ ոքի չէր հետաքրքրում նրանց ռուսամետ դիրքորոշումը, միայն կառավարության նկատմամբ վերաբերմունքը։ Եվ հիմա, ինչպես մասնավոր զրույցներում ասում են մոլդովացի լրագրողները, նույնիսկ եվրոպական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները կարող են անպատվության ենթարկվել, եթե քննադատեն կառավարությանը։ Սա կարող է նույնիսկ հանգեցնել եվրոպական ֆինանսավորման դադարեցմանը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, վերջերս ստեղծվել է ԵՄ առաքելություն՝ Հայաստանի անվտանգության կարողությունների զարգացման կարիքները գնահատելու համար, որպեսզի երկիրը կարողանա ավելի արդյունավետորեն չեզոքացնել հիբրիդային սպառնալիքները՝ համաձայն ԵՄ մեթոդաբանությունների և չափանիշների։ Բրյուսելը շեշտում է, որ հիմնական նպատակը «Ռուսաստանի անկայունացնող գործողությունները նվազեցնելն ու չեզոքացնելն է»։

Բայց ինչպե՞ս է հնարավոր նույնականացնել նրանց, ովքեր խրախուսում են Ռուսաստանի անկայունացնող գործողությունները։ Օրինակ՝ արդյո՞ք վարչապետի հայտարարությունը, որ Հայաստանը դուրս չի գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), նման գործողությունների խրախուսում է։ Կամ ինչպե՞ս է գնահատվում Փաշինյանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնությունը՝ Արցախում միայն ռուսական զորքեր տեղակայելու մասին՝ անտեսելով Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին։

Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի քաղաքական ուժերին անվանում է «ռուսամետ, պատերազմի եռագլուխ կուսակցություն»։ Ամենաշատ ապտակները հասնում են  Սամվել Կարապետյանին, որին ներկայումս զրկում են Հայկական էլեկտրացանցերից․ նրան մեծ դժվարությամբ են համոզել գնել դրանք ռուսական պետական ​​կորպորացիայից 2015 թվականին։

«Ես Ռուսաստանից վերադարձրեցի Հայաստանի հիմնական ռազմավարական ակտիվները՝ Էլեկտրացանցը, Հրազդանի պետական ​​շրջանի էլեկտրակայանը, Սևան-Հրազդան կասկադը, և հիմա ինքս վերադառնում եմ Հայաստան», – վերջերս հայտարարել է Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով կառավարության այն նարրատիվը, որ իշխանության գալուց հետո երկրի ենթակառուցվածքները կհանձնի Ռուսաստանի վերահսկողությանը։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, Հայկական երկաթուղիները իրեն կողմից Ռուսաստանին են փոխանցվել 2008 թվականի փետրվարին՝ Սերժ Սարգսյանի կողմից հաղթանակած նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ։

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Մայիսի 2-ի ցերեկը, 3-7-ը՝ առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Մայիսի 2-ի կեսօրից հետո, 3-7-ի գիշերը և կեսօրից հետո Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

ԵԱՀԿ պետությունների տարածքում էթնիկ զտումների հաղթարշավը՝ լուրջ մարտահրավեր է․ հայտարարություն

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության դիմումը Եվրոպական հանձնաժողովին

Ամեն տարի ապրիլի քսանչորսին առաջադեմ մարդկությունը հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այսօր հայերը, որոնք բռնությամբ արտաքսվել են Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին զրկված են ոչ միայն իրենց՝ միջազգայնորեն ընդունված իրավունքներից, այլև միջազգային հանրության կարեկցանքից։ Լեռնային Ղարաբաղից հայերի էթնիկ զտումների միջոցով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ներկայացվում է միջազգային հանրությանը իբրև քաղաքական ձեռքբերում, իսկ այդ հանցագործությունը իրականացնողները արժանանում են խաղաղության մրցանակների։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն թաքցնում, որ Լեռնային Ղարաբաղից հայերի արտաքսումը իրենց հանցավոր համաձայնության արդյունքն է։ Ափսոսանք է առաջացնում այն, որ այդ հանցավոր որոշումը աջակցություն է ստացել ԱՄՆ-ի և ԵԱՀԿ պետությունների կողմից, որոնք քվեարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օգտին։ ԵԱՀԿ պետությունների տարածքում էթնիկ զտումների հաղթարշավը մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ հարգանքի վրա հիմնված միջազգային կարգի հանդեպ լուրջ մարտահրավեր է։ Քաղաքական այն սխեման երբ նախ մերժվում է ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա բռնությամբ ժողովրդին քշում են իր հայրենիքից, անհամատեղելի է վեճերի կարգավորման և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքներին։

Ստեղծված իրադրության մեջ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանի դատական որոշումը արդարությունը վերականգնելու և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման ենթարկվածների իրավունքները պաշտպանելու միակ հնարավորությունն է։ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությունից և նրանց հետ խոսում է Ադրբեջանի լիդերների լեզվով։

Այդ պատճատով մենք դիմում ենք ձեղ խնդրանքով՝ հիշել այն արժեքները, որոնք դրված են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների դեկլարացիայի հիմքում և դրսևորել ամուր քաղաքական կամք մարդու իրավունքների այդ կոպիտ խախտումները զսպելու ուղղությամբ։ Մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու հարցում հանցավոր համաձայնության եկած բոլոր մասնակիցները խիստ կախման մեջ են Եվրոմիությունից։ Մենք համոզված ենք Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը Եվրոմիության ձեռքում է և Ձեր կոլեկտիվ որոշումից է կախված այն, թե Լեռնային Ղարաբաղի հայերը կմնան վտարանդի, թե կվերդառնան իրենց հայրենիքը մարդու իրավունքների, արժանապատվության, ազատությունների և անվտանգության երաշխիքների պաշտպանության պայմաններում։

Մշակութային եղեռնագործություն. լռել՝ Արծվաշենի մզկիթը չքանդելու համար

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարություն է հրապարակել օկուպացված Շուշիի հայկական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մասին: Հաջիևը հայտարարել է, որ «եկեղեցին վերականգնվել է իր նախնական ճարտարապետական ​​ոճին համապատասխան»։

Նա նշել է, որ «Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր օրինական կառույցները, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները պաշտպանված, պաշտպանված և վերականգնված են ազգային օրենսդրությանը համապատասխան»։

Բաքուն նախընտրում է չցուցադրել Ղազանչեցոց եկեղեցու ներկայիս տեսքը: Խորհրդային տարիներին եկեղեցին կիսաքանդ էր, և թվում է, թե Ղազանչեցոցի “վերականգնումը” կվերադառձնի այն հենց այս վիճակին։

Լուսանկարը՝ 1960-ականների 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախկինում ոչնչացրել է մի քանի հին եկեղեցիներ, այդ թվում՝ Շուշիի Կանաչ Ժամը և Մոխրենեսի 17-րդ դարի եկեղեցին, և սրանք միայն փաստաթղթավորվածներն դեպքերն են։

Հաջիևը նշում է, որ Ղարաբաղում հայկական եկեղեցիների քանդումը պայմանավորված է ադրբեջանական օրենսդրությամբ և միջազգային նորմերով, և չի բացառում ապագայում նմանատիպ միջադեպերի հնարավորությունը։

Երեկ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներ այցելել են Արցախ, սակայն եկեղեցիների ոչնչացման անթույլատրելիության վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն արվել։

Նախորդ օրը Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է, ի թիվս այլ բաների, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը։

Բանաձևին ի պատասխան՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է ԵՄ դեսպանին և բողոքի նոտա հղել, իսկ Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է, որ խզում է բոլոր կապերը Եվրախորհրդարանի հետ։

Բաքվի արտաքին գործերի նախարարությունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Ադրբեջանի մշակութային և կրոնական ժառանգության լայնածավալ ոչնչացումն ու պղծումը Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի ընթացքում չի ստացել պատշաճ գնահատական ​​եվրոպական կառույցների կողմից»։

Այդուհանդերձ, չկա ոչնչացված «ադրբեջանական մշակութային ժառանգության» ոչ մի փաստաթուղթ կամ ցանկ. Արցախում պարզապես նման ժառանգություն չի եղել, միայն մի քանի մզկիթներ, որոնք պահպանվել են և նույնիսկ վերականգնվել են 2020-ական թվականներին։

Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտել է, այլև կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար մեղավորներին և աջակցություն է հայտնել միջազգային գնահատող առաքելության տեղակայմանը։

Պատասխանատվությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կան հայցվորներ, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ներկայիս կառավարության չի մտադիրվում որևէ տեղ բողոքարկել, քանի որ կարծում է, որ Բաքուն իրավունք ունի ոչնչացնել հայկական ժառանգությունը։ Վարչապետ Փաշինյանը իրավիճակը համեմատել է Արծվաշենի ենթադրական վերադարձի հետ, որտեղ, ենթադրաբար, կլինի մեծ մզկիթ, որը հայկական կողմը ենթադրաբար ստիպված կլինի ոչնչացնել։

Հայ Առաքելական Եկեղեցին, որը Եկեղեցիների իրական սեփականատեր է Արցախում, նույնպես դատական ​​հայց չի ներկայացնում: Իր վերջին հայտարարության մեջ Հայ Առաքելական Եկեղեցին Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացումը անվանել է «մշակութային եղեռնագործություն» և կոչ է արել Հայաստանի կառավարությանը միանալ Եկեղեցու ջանքերին և պաշտպանել հայկական ժառանգությունը: Սակայն կառավարության և Եկեղեցու միջև ներկայիս հարաբերությունները խոչընդոտում են համատեղ գործողություններին, ինչը հայկական կողմին դարձնում է մշակութային ցեղասպանության մեղսակից:

Փխրուն հրադադարը խաթարելու վախը, որը, ինչպես Փաշինյանն ասաց, հաստատվել է Ղարաբաղը զոհաբերելու գնով, Հայաստանի կառավարությանը վերածում է Բաքվի բարբարոսների պաշտպանի:

Արման Թաթոյանը հիշեցրել է, թե 1991-ին ինչպես է հայաթափվել Հյուսիսային Արցախը

Աշխատանքի օրը լավ առիթ է հիշեցնելու, որ սթափ հաշվարկն էլ աշխատանք է։ Այս մասին գրառում է կատարել «Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

Հայաստանի պատմության մեջ, սակայն, մայիսի առաջի օրերը այլ պատճառով են հայտնի։

1991 թվականի ապրիլի 30-ին Արցախի հյուսիսային հատվածի հայաբնակ գյուղեր մտան ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի, Խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները։

Մայիսի առաջին օրերին հայերից «մաքրվեցին» Գետաշենն ու Մարտունաշենը․ գյուղերը հանկարծակի շրջափակվեցին, տղամարդիկ ձերբակալվեցին, կանայք և երեխաները ավտոբուսներով՝ հսկողության ներքո, արտաքսվեցին, տները թալանվեցին, գույքն ու հողերը փոխանցվեցին ադրբեջանցիներին։Օպերացիան կոչվում էր «Կոլցո»։ Սկսվելով փաստացի մայիսի 1-ին՝ այն տևեց ամբողջ 1991թ. ամառը, ընդգրկեց տասնյակ հայկական գյուղեր և դարձավ խորհրդային բանակի վերջին խոշոր պատժիչ գործողությունը սեփական տարածքում՝ սեփական ժողովրդի դեմ։ ԽՍՀՄ բանակը խորհրդային քաղաքացիներին արտաքսում էր բեռնատարներով՝ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի

(ՆԿՎԴ) զորքերից ժառանգած մեթոդական ցուցումներով։

«Կոլցոն» ստալինյան ազգային տեղահանությունների ուղիղ մեթոդաբանական ժառանգորդն է։ Նույն զորքերը, նույն մեթոդները․ գործողության մեկնարկը՝ տոնի հետ նույն օրը, նույն տրամաբանությունը. կա բնակչություն, որը խանգարում է խնդրի լուծմանը, հետևաբար այն տեղափոխվում է։ Փոխվում էին միայն ձևական պատճառները՝ 1944թ.` «անվստահելիություն», 1991թ.՝ «անձնագրային ռեժիմ», բայց ընթացակարգի էությունը նույնն էր։

Արցախում այս մոդելի ճարտարապետը գեներալ-մայոր Վլադիսլավ Սաֆոնովն էր՝ ԼՂԻՄ արտակարգ դրության շրջանի ռազմական կոմենդանտը։ Ադրբեջանի համար նա հերոս է՝ «երկաթե գեներալ» մականունով։ Հայկական հիշողության մեջ նրան, ինչպես և ողջ գործողությունը, զգուշորեն մղել են հետին պլան, քանի որ հիշելը անհարմար էր աշխարհաքաղաքական նկատառումներով:

Ինչու՞ վերադառնալ այս ամենին այսօր և ինչու՞ հենց այսպես։

Ոչ թե ասելու համար «Ռուսաստանը վատն է, ԽՍՀՄ-ը վատն էր»։ Դա անիմաստ թեզ է։ Պետությունները «լավ» կամ «վատ» չեն լինում․ դրանք ունեն շահեր, ռեսուրսներ և գործիքներ, որոնցով իրականացնում են այդ շահերը։

ԽՍՀՄ-ը 1991թ. լուծում էր իր խնդիրը՝ պահել Ադրբեջանը փլուզվող Միության կազմում՝ տասնյակ հայկական գյուղերի բնակչության հաշվին։ Հասկանալի, ցինիկ, ռացիոնալ խնդիր։

Հայկական քաղաքական ավանդույթի խնդիրը այլ տեղում է։ Այն տասնամյակներով կառուցվել է «հատուկ», «եղբայրական», «անխախտ» հարաբերությունների թեզի վրա։

Գաղափարապես սա հարմար է, գործնականում՝ աղետալի, որովհետև խանգարում է հաշվարկել։ Խանգարում է տեսնել, թե երբ են ռուսական շահերը համընկնում հայկականի հետ, և երբ՝ հակասում։ Խանգարում է հասկանալ, որ 2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտում խաղաղապահների անգործությունը «ընկերության դավաճանություն» չէր, այլ շահերի հետևողական իրականացում, որոնք վաղուց էին տեսանելի, և երբեք չէին ենթադրում հանուն Հայաստանի ինչ-որ բան զոհաբերել։

Որպեսզի «Կոլցոն», Սումգայիթը, Արցախը չկրկնվեն, լուծումը ոչ թե «ընկերության» միֆի վերականգնումն է, ոչ էլ դրա մերժումը (մերժողների մոտ՝ «Ռուսաստանը հավերժ թշնամի է», ինչը նույնքան անհեթեթ է)։

Լուծումը սթափ ըմբռնումն է՝ ու՞մ հետ են Հայաստանի շահերը համընկնում, ո՞ր հատվածում, ի՞նչ հարցում, ինչ պայմաններով։

Ձանձրալի, ոչ ռոմանտիկ, պրագմատիկ աշխատանք։ Բայց հենց դրա բացակայությունն է վերջին 35 տարում հայ ժողովրդին արժեցել այն, ինչ արժեցել է։

Աշխատանքի օրը լավ առիթ է հիշեցնելու, որ սթափ հաշվարկն էլ աշխատանք է»։

Հիշեցնենք, որ 2023-ի բլոկադայի ժամանակ արցախցիները “Кольцо-2?” պաստառներով ռուս խաղապահների դիմաց բողոքի ակցիա էին անում։ Ապարդյուն։

44-օրյա պատերազմում երկու որդիներին կորցրած կինը նորից որդի է ունեցել

44-օրյա պատերազմում երկու որդիներին կորցրած կինը նորից որդի է ունեցել: Այս մասին տեղեկանում ենք «Պտղաբերության Կենտրոն»-ից:

«Այս փոքրիկը չի ջնջում ցավը, չի փոխարինում եղբայրներին, բայց նորից շունչ է տվել մի ընտանիքի ևս։ Հպարտ եմ, որ այս պատմության մի փոքր մասն եմ դարձել»,- սոցցանցի իր էջում գրել է կենտրոնի բժիշկներից մեկը։

Թրամփը ավարտեց պատերազմը՝ նորը սկսելու համար։ Իրանի պայմանները նրան չեն բավարարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ պատերազմը համարում է ավարտված՝ այդ մասին Կոնգրեսին տեղեկացնելով ուրբաթ՝ մայիսի 1-ին, հաղորդել է Associated Press (AP)-ը: Այդ օրը լրանում էր Կոնգրեսի կողմից Իրանի հետ ռազմական հակամարտությունը շարունակելու հաստատման վերջնաժամկետը: «2026 թվականի փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողությունները դադարեցվել են», – նշել է Թրամփը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին և Սենատի ժամանակավոր նախագահ Չակ Գրասլիին ուղղված նամակում։

Միևնույն ժամանակ, իր նամակում ամերիկացի նախագահը հստակեցրել է, որ պատերազմը դեռևս շատ հեռու է ավարտից: «Չնայած իրանական ռեժիմի դեմ ԱՄՆ գործողությունների հաջողությանը և երկարատև խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին, Իրանի կողմից Միացյալ Նահանգների և մեր զինված ուժերի համար սպառնալիքը մնում է զգալի», – AP-ի փոխանցմամբ՝ նշել է նաև Թրամփը նամակում։

Մասնագետները նշում են, որ ոչինչ չի խանգարում Թրամփին սկսել նոր 60-օրյա պատերազմական շրջան, որը չի պահանջի Կոնգրեսի թույլտվությունը։

ԱՄՆ Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը Կոնգրեսին ուղղված նամակում Սպիտակ տան փաստարկները անվանել է «անհեթեթություն»։ «Սա անօրինական պատերազմ է, և ամեն օր, երբ հանրապետականները դառնում են մեղսակից և թույլ են տալիս, որ այն շարունակվի, վտանգված կյանքերի, քաոսի և գների աճի ևս մեկ օր է», – գրել է նա X սոցիալական մեդիա հարթակում։

Իրանը նոր առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին՝ ռազմական հակամարտության դադարեցման պայմանների վերաբերյալ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թեհրանը նախկինում պնդում էր նավահանգստի շրջափակումը վերացնելու վրա՝ բանակցություններ սկսելու համար։ Այժմ Իսլամական Հանրապետությունը առաջարկել է քննարկել Հորմուզի նեղուցի բացման հարցը՝ Վաշինգտոնի կողմից հարձակումները դադարեցնելու և շրջափակումը վերացնելու երաշխիքների հետ մեկտեղ, ըստ թերթի աղբյուրների։

WSJ-ն հաղորդում է, որ Իրանը միջնորդներին տեղեկացրել է իր պատրաստակամության մասին՝ Պակիստանում բանակցությունների սեղանի շուրջ նստել արդեն հաջորդ շաբաթվա սկզբին, եթե ԱՄՆ-ն հետաքրքրված լինի նոր առաջարկով։

Իրանը պահանջում է մի բան, որը ես չեմ կարող ընդունել։ Սա հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք ցանկանում են համաձայնագիր, բայց ինձ դա դուր չի գալիս», – ասել է նա։

Նրա խոսքով՝ Իրանի ղեկավարությունը շատ մասնատված է, «նրա ներսում կան երկու, երեք, չորս խմբավորումներ»։ «Կոշտ գծի կողմնակիցները նույնպես ցանկանում են համաձայնագիր։ Նրանք ոչինչ չունեն», – հավելել է Թրամփը։

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն ունի երկու անգամ ավելի շատ զենքի պաշարներ, քան ուներ Իրանի հետ պատերազմի սկզբում։ «Մենք կհասցնենք Իրանի հետ հետ գործը մինչև վերջ. մենք մտադրություն չունենք վաղաժամկետ հեռանալու», – ասել է նա։

Ալեն Սիմոնյանը մեղադրեց Ռուսաստանին՝ ՀՀ-ում իշխանափոխության փորձի մեջ

Հայաստանի Հանրապետության նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական օպերացիա՝ այստեղ իշխանություն փոխելու համար, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։

«Եթե Ուկրաինայում փորձում են զինվորական ձևով իրենց շահերն առաջ տանել, ՀՀ-ում քաղաքական օպերացիայի փորձ է տեղի ունենում, իշխանությունը զավթելու փորձ է տեղի ունենում, մեր ժողովրդավար լինելը հիմա իրենք փորձում են օգտագործել մեր դեմ, ասում են՝ ձեր մոտ ինտերնետը բաց է, մենք այդ ինտերնետում մեր ռուբլիով այնքան գովազդ կառնենք, որ ամեն ինչ մերը կլինի։ Չենք թողնելու, որ ՀՀ-ն դարձնեն «գուբերնիա», մենք չենք ղեկավարվելու Բելառուսիայի նման»,-ասել է նա։

Ինչպես է ԵՄ-ն ամրապնդելու կապերը Հայաստանի հետ. հայտարարություն

Մայիսի 4-5-ին Երևանում ԵՄ-Հայաստան պատմական առաջին գագաթնաժողովը նշանակալի քայլ է հարաբերություններում, որը վերահաստատում է Եվրոպական միության հաստատակամ հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայունությանը և բարեփոխումների օրակարգին։ Դրա մասին ասվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հրապարակման մեջ։

Գագաթնաժողովին կմասնակցեն Եվրահանձնաժողովի ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիո Կոստան, որոնք ներկայացնում են Եվրոպական միությունը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանը։ Գագաթնաժողովին կմասնակցի նաև ԵՄ Բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Գագաթնաժողովում առաջնորդները կամփոփեն երկկողմ հարաբերություններում վերջին առաջընթացը և կամրապնդեն համագործակցությունը, հատկապես տնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների և անվտանգության ոլորտներում։ Նրանք նաև կքննարկեն Հարավային Կովկասում կայունության և կայուն աճի բարձրացմանն ուղղված համատեղ ջանքերը։ Օրակարգում կներառվեն նաև տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները, ներառյալ՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։

Գագաթնաժողովի հիմնական արդյունքները կներառեն ԵՄ-Հայաստան գործընկերության մեկնարկը տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, որն ընդգրկում է համագործակցությունը տրանսպորտի, էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, ինչպես նաև մարդկային շփումների ոլորտներում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների և տրանսպորտի հարցերով բարձր մակարդակի հատուկ երկխոսությունների անցկացմամբ։ Սա կլրացվի Հայաստանում ԵՄ մասնավոր ներդրումների մոբիլիզացման նախաձեռնություններով։

Կողմերը կոնկրետ քայլեր կձեռնարկեն անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ նոր գործընկերային առաքելության ստեղծման միջոցով։

Ավարտին ղեկավարները ներկա կլինեն Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության («Frontex») և Հայաստանի ներքին գործերի նախարարության միջև աշխատանքային համաձայնագրի ստորագրմանը։

ԵՄ-Հայաստան պատմության մեջ առաջին գագաթնաժողովը ցուցադրում է ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության շոշափելի առավելությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և բարօրության խթանման գործում ԵՄ հանձնառությունը։