Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով

2024 թ. հոկտեմբերին հայաստանյան մի շարք իրավապաշտպաններ հիմնադրել են «Արցախի միջազգային իրավական նախաձեռնություն»-ը, որի նպատակն է միջազգային իրավունքի լեզվով պատմել արցախցիների կորուստների և խախտված իրավունքների մասին։ Ստեղծումից ի վեր «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ը գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված լայնածավալ իրավական աշխատանք՝ հիմնական նպատակ ունենալով միջազգային իրավական գործիքների կիրառմամբ արձանագրել և բարձրաձայնել այն խախտումները, որոնց բախվել են արցախցիները 2020թ․ 44-օրյա պատերազմի և 2023 թ․ դեպքերի հետևանքով։

Բռնի տեղահանման հետևանքով հազարավոր մարդիկ զրկվել են իրենց հիմնարար իրավունքների իրացման հնարավորությունից, խախտվել է արցախցիների՝ իրենց հայրենիքում ապրելու, այդ թվում՝ իրենց սեփականությունը տնօրինելու իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածում։ Տեղահանված արցախցիների տարիների ընթացքում կառուցած կամ ձեռք բերած անշարժ գույքը, հողամասերն ու այլ սեփականություններն անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի հետևանքով նրանք փաստացի զրկվել են դրանք տնօրինելու և դրանցից օգտվելու հնարավորությունից։ Այս համատեքստում հատկապես կարևոր է ոչ միայն անհատական իրավունքների պաշտպանությունը, այլև արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի ճանաչումն ու իրացման հնարավորության ստեղծումը, քանի որ խոսքը վերաբերում է մի ամբողջ ժողովրդի՝ պատմական հայրենիք վերադառնալու իրավունքին։

Ներկայում տուժած անձինք չունեն ներպետական արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ, քանի որ իրավախախտող կողմը հանդիսանում է Ադրբեջանը։ Այս պայմաններում միակ արդյունավետ իրավական ճանապարհը մնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործիքակազմի կիրառումը։ ՄԻԵԴ դիմելու գործընթացը դիտարկվում է ոչ միայն որպես անհատական արդարության վերականգնման միջոց, այլ նաև որպես կարևոր քայլ՝ միջազգային մակարդակում հավաքական վերադարձի իրավունքի հարցը բարձրացնելու և առաջ տանելու համար։

Գործընթացի շրջանակում Նախաձեռնությունն ընդունում է բռնի տեղահանված արցախցիներին, որոնք ներկայացնում են Արցախում իրենց բնակվելու վայրի, համապատասխան գույքի սեփականության և այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ ՄԻԵԴ անհատական գանգատի պատրաստման համար։ Յուրաքանչյուր գանգատ ներառում է նաև անհատական պատմություններ սեփականության կորստի, տեղահանման հանգամանքների, ինչպես նաև Արցախի շրջափակման ընթացքում ստեղծված ծանր ու անմարդկային պայմանների մասին։ Պատմությունները ձևավորում են հավաքական տեղահանման և վերադարձի իրավունքի խախտման ամբողջական պատկերը։ Հաճախ գանգատներին կից ներկայացվում են նաև սեփականության լուսանկարները և այլ մեդիա նյութեր, որոնք պատկերում են տուժածների անձնական կյանքը մինչև բռնի տեղահանումը։ Առաջին գանգատները դատարան են ներկայացվել 2024թ․ վերջին, իսկ 2025թ․-ին գործընթացն ավելի լայն ընդգրկում է ստացել։ 2026թ ապրիլի դրությամբ ավելի քան 1000 անձի շահերը ներկայացվել են՝ շուրջ 500-ից ավելի գանգատների միջոցով։

Դիմումատուների հիմնական ակնկալիքը արդարության վերականգնումն է՝ դատարանի կողմից խախտումների ճանաչման միջոցով, ինչը կարող է հիմք հանդիսանալ նաև հետագա իրավական գործընթացների համար, ներառյալ՝ վերադարձի իրավունքի իրացման։ Բացի գանգատների պատրաստումից և ներկայացումից, թիմը մշտական կապի մեջ է Եվրոպական դատարանի աշխատակազմի հետ։ Վերջիններիս առաջարկությունների հիման վրա կատարվում են նաև տեխնիկական փոփոխություններ գանգատների ձևակերպման գործընթացում՝ ապահովելու համար գործերի առավել արդյունավետ և արագ քննությունը։

Նմանատիպ փաստական հանգամանքներով գործեր նախկինում ևս քննվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից՝ մասնավորապես Կիպրոսի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններին առնչվող գործերի շրջանակում, որտեղ դատարանը արձանագրել է սեփականության իրավունքի և այլ կոնվենցիոն իրավունքի խախտումներ՝ ստեղծելով կարևոր նախադեպեր ներկայիս դիմումների համար։ Նախաձեռնության թիմը շարունակում է աշխատանքը՝ նպատակ ունենալով աջակցել բոլոր այն տեղահանված անձանց, ովքեր ցանկանում են դիմել ՄԻԵԴ՝ իրենց խախտված իրավունքների ճանաչման համար, միաժամանակ նպաստելով արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի ձևավորմանը և առաջմղմանը։

Փաշինյանը պարզ բացատրեց, թե ինչու է փոխում Սահմանադրությունը

Նոր Սահմանադրությունը չպետք է հղում պարունակի անկախության հռչակագրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Ես իմ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ արտահայտել եմ հստակ՝ ասելով, որ նոր Սահմանադրությունը չպե՛տք է հղում պարունակի Անկախության հռչակագրին։ Իսկ ի՞նչ հիմնավորում ունի դա։ Երեկ էլ ես խոսեցի և վերջին տարիներին ես խոսում եմ Ղարաբաղի շարժումը չշարունակելու անհրաժեշտության մասին։ Եթե մենք այսօր ընդունենք նոր Սահմանադրություն, և այդ Սահմանադրության տեքստի մեջ լինի հղում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը: Եթե շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է, որ վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ: Եթե վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ, դա նշանակում է արդեն, որ խաղաղությունը հնարավոր չէ», – հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա նշանակում է ընդունել Արևմտյան Հայաստանի, ծովից ծով Հայաստանի մասին խոսույթը:

Ըստ նրա՝ հարցի նրբությունն այն է, որ Ղարաբաղի մասին չխոսելը գործնականում նշանակում է բացառել «Արևմտյան Ադրբեջանի», «Արևելյան Թուրքիայի» և նմանատիպ այլ խոսույթների շուրջ քննարկումները։

Սակայն, չնայած դրան, Բաքուն ոչ միայն ոչնչացնում է Արցախում մնացած ամեն հայկականն, այլև չի թաքցնում իր հավակնությունները Հայաստանի սահմանադրական տարածքի նկատմամբ։ Այս հավակնությունները համընկնում են Ռուսաստանի փորձերի հետ՝ «փակել» Կարսի պայմանագիրը և վերադառնալ Թուրքմենչայի պայմանագրին, որի համաձայն «Նախիջևանի և Էրիվանի խանությունները» Պարսկաստանից անցան Ռուսաստանին։ Ռուսաստանն Արցախն ու Նախիջևանը «նվիրեց» Ադրբեջանին, իսկ այժմ մտադիր է նվիրել «Էրիվանը»։ Դա կլինի ՀՀ նոր Սահմանադրությամբ։

Արցախում գրանցվել է վանդալիզմի ավելի քան 1000 դեպք (տեղեկանք)

Գրանցվել է ավելի քան 1000 վանդալիզմի դեպք Արցախում։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը ներկայացրել է համապատասխան տեղեկանք

Հայ փորձագետները պարզել են, որ Ստեփանակերտում ադրբեջանական կողմն ավերել է Սուրբ Աստվածածնի Հովանու մայր տաճարը։ Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ հիմնահատակ ոչնչացվել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը պատրաստել է տեղեկանք, որը ներառում է տվյալներ Արցախի պատմամշակութային հուշարձանների, ինչպես նաև այդ տարածքում կատարված վանդալիզմի դեպքերի ցանկը։ Փաստաթղթում արձանագրված է ավելի քան 1000 նման դեպք։

Ավանեսովի խոսքով՝ սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկումը վկայում է ոչ թե առանձին, մեկանգամյա ավերումների, այլ համակարգային, նպատակաուղղված և, ինչպես նա ընդգծել է, «պաշտոնական Բաքվի ցինիկ քաղաքականության» մասին, որը միտված է հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացմանը՝ «ջնջելու դրա գոյության հիշողությունը»։

Նա նաև նշել է, որ ոչնչացված հուշարձանների իրական թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել, քանի որ բազմաթիվ դեպքեր չեն հայտնվում հանրային դաշտում, իսկ միջազգային կազմակերպությունների և անկախ կառույցների մուտքը Արցախ փաստացի արգելված է։

«Պետք է հստակ արձանագրել, որ Ադրբեջանը օկուպացված տարածքներում իրականացնում է մշակութային ոչնչացման հետևողական քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը չի կարելի համարել պատահական կամ տեղային․ այն ունի համակարգային և նախապես ծրագրված բնույթ և ուղղված է մշակութային ժառանգության լիակատար վերացմանը», — հայտարարել է Ավանեսովը։

Նա ընդգծել է, որ մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացումը, պատմական փաստերի խեղաթյուրումը և օտար ժառանգության յուրացման փորձերը հակասում են քաղաքակիրթ աշխարհի հիմնարար սկզբունքներին։

«Երբ պետությունը հետևողականորեն ոչնչացնում է մշակութային արժեքները, դա բնութագրում է նրա վերաբերմունքը ոչ միայն այլ ժողովուրդների, այլև համաշխարհային քաղաքակրթության նկատմամբ ընդհանրապես։ Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային կառույցներն ու մասնագիտական համայնքը զբաղեցնեն սկզբունքային դիրքորոշում։ Մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող դիտարկվել որպես քաղաքական վեճի մաս․ դա հանցագործություն է մարդկության դեմ, որը պահանջում է հստակ արձագանք և կանխարգելիչ մեխանիզմներ», — ընդգծել է օմբուդսմենը։

Տեղեկանք

1998 թվականի հուլիսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ հաստատվել էր երկրի վարչատարածքային կառուցվածքը, որը ներառում էր յոթ շրջան՝ Հադրութի, Քաշաթաղի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Մարտակերտի և Շահումյանի, ինչպես նաև վարչական շրջանի կարգավիճակ ունեցող Ստեփանակերտ մայրաքաղաքը։

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում առկա էր 308 գործող բնակավայր՝ հազարամյակների պատմություն ունեցող գյուղեր և քաղաքներ։

Անկախության շուրջ երեք տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում պետական լիազոր մարմինների հովանու ներքո մասնագետների կողմից իրականացվել են պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում երկրի ավելի քան 10.000 հուշարձաններից պետական հաշվառման ցանկերում ընդգրկվել են 5.658-ը։ Դրանց թվում են՝

  • 60 վանական համալիր,
  • 385 եկեղեցի,
  • 2.755 խաչքար,
  • 658 գերեզմանոց և հանգստարան,
  • մոտ 300 հուշահամալիր և հուշարձան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև այլ տեսակի հուշարձաններ։

2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջ տարածքի ռազմական օկուպացիայի և արցախահայության բռնի տեղահանության արդյունքում վտանգի տակ են հայտնվել հայ ժողովրդի հազարամյակների ընթացքում ստեղծած ավելի քան 10.000 պատմամշակութային հուշարձաններ։ Դրանց շարքում են՝ վանքեր, եկեղեցիներ, դամբարաններ, սրբատեղիներ, գերեզմանոցներ, ամրոցներ, խաչքարեր, ջրաղացներ, կամուրջներ, հուշահամալիրներ, գյուղատեղիներ և քաղաքատեղիներ։

Այս բոլոր հուշարձանները ոչ միայն կազմում են հայկական մշակութային ժառանգության անբաժան մասը, այլև ունեն համամարդկային արժեք։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից  մինչև 2026 թվականի ապրիլի 21-ը  ընկած  ժամանակահատվածում Արցախում ադրբեջանցիների կողմից իրականացված վանդալիզմի դեպերը  անցել  է  1000-ի սահմանը: Եվ խոսքը վերաբերում է վանդալիզմի բոլոր դրսեւորումներին։ Այս քանակի վանդալիզմի դեպքերը մեզ թույլ են տալիս պնդելու, որ մենք գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի հետ:

 

  • 2020 թվականի հոկտեմբերի 8-ին նույն օրը երկու անգամ թիրախավորվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, երկրորդ  անգամ թիրախավորման ժամանակ  վիրավորում են ստացել  միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
  • 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Կարմիր գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին թիրախավորել է:
  • Կատարո վանքի եկեղեցինւ օգտագործում է ռազմական նպատակներով:
  • Պղծվել է Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:
  • Ոչնչացվել է Մեխակավանի Զորավոր սբ․ Աստվածածին եկեղեցին:
  • Վանդալիզմի է ենթարկվել Մատաղիսի Սուրբ Եղիշա եկեղեցին:
  • Ադրբեջանի պետական վարչամեքենան Դադիվանքը հռչակել են, որպես ուդիական:
  • Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ենթարկվել է անօրինական վերականգնման ինչի հետևանքով  ամբողջովին ձևախեղվելը  եկեղեցու ամբողջականությունը:
  • 2020 թվականի պատերազմի ըթացքում բռնազավթված բերդաքաղաք Շուշիում ադրբեջանցիները քանդել են Շուշիում Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը տեղադրվել էր Արցախյան առաջին պատերազմից հետո։ Այն գտնվում էր Պռոշյան և Ղազանչեցոց եկեղեցու խաչմերուկից քիչ ներքև։ Այս տարածքում այժմ կառուցվում է ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ:

 

  • Ադրբեջանցիները ավերել են Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու զանգակատունը:
  • Շուշիի Կանաչ ժամին կից հովվատունը վերածվել է սրճարանի:
  • Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին:
  • Շինարարական աշխատանքների պատրվակի տակ ծանր շինարարական տեխնիկակաի կիրառմամբ ոչնչացվել է Սղնախի գերազմանոցը:
  • Ավիրվել է Հադրութի ազատամարտիկների հուշարձանը:
  • Ավիրվել է Շուշիի կերպարվեստի թանգարանի «Քանդակների միջազգային պուրակը»:
  • Ավիրվել է «Վերածնված Թալիշ» հուշարձանը:
  • Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ավիրվել է Արմենակ Խանփերյանցի կիսանդրին և «ՄիԳ-17» կործանիչը:
  • Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեք առանձին հուշարձանները:
  • Վանդալիզմի է ենթարկվել Շուշիի երկրաբանական թանգարանը:
  • Ավիրվել է Հադրութի շրջանի Տումի գյուղում գտնվող Թևան Ստեփանյանի կիսանդրին:
  • Հադրութի շրջանի Առաքել գյուղում ոչնչացվել է խաչքար:
  • Ջրականում (Ջաբրայիլ) ավիրվել է քրիստոնեական հուշարձան:
  • Ազան՝ Ծակուռիի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում:
  • Թշնամին պղծել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի Կուսանաց Անապատը:
  • Որոտան քաղաքի (Կուբաթլու) հուշարձանի ավերումը:
  • Ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի:
  • Հադրութի Սուրբ Խաչ վանքն՝ Ադրբեջանի կողմից աղվանա-ուդիական է հռչակել:
  • Զինված ադրբեջանցիների կողմից ոչնչացվել է բռնազավթված Հադրութի պատմական թաղամասը:
  • Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին:
  • Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին ենթարկվում է վանդալիզմի:
  • Ադրբեջանը ոչնչացրել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը:
  • 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանի տիրապետության տակ անցած Հադրութի շրջանի Ազոխ գյուղում պղծվել է Հայրենական պատերազմի և Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։
  • Ադրբեջանցիները տեղափոխել են Բերձորի (Լաչին) ճանապարհին տեղադրված խաչքարը:
  • Ադրբեջանը ոչնչացրել է Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին:
  • Աղավնո գյուղը Ադրբեջանի վանդալիզմի զոհ:
  • Ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են Հադրութի Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շենքը և հարակից բնակելի տները:
  • Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը:
  • Վնասվել և պղծվել է Ծիծեռնավանքի խորանը:
  • Ադրբեջանը պետական մակարդակում նախաձեռնել է հայկական Ծիծեռնավանքի վերականգնման, կամ որ նույնն է խեղաթյուրման նախագիծը:
  • Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում:
  • 2023 թվականի մայիսի 30-ին միջազգային մամուլում շրջանառվող լուսանկարներից պարզ դարձավ, որ բռնազավթված Բերձորում հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` Խաղաղության հրապարակին հարակից բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված՝ Հայրենական պատերազմում (1941-1945 թթ.) Բերձոր քաղաքից զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը:
  • Լաչինի գերեզմանատան ավերումն ու խաչքարերի ոչնչացումը:
  • Ադրբեջանը ոչնչացրել է Հալիվորի կամուրջը:
  • Հադրութի Քյուրաթաղ գյուղում խաչքար է ոչնչացվել:
  • Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը:
  • Չարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ:
  • Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը:
  • Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը:
  • Ադրբեջանցիները Ստեփանակերտում վանդալիզմի են ենթարկել Ստեփան Շահումյանի արձանը:
  • Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի պատմական գերեզմանոցները:
  • Անատոլի Զինևիչի կիսանդրու ավերումը:
  • Ադրբեջանցիներն ավերել են Մարտակերտ քաղաքի հուշարձան-խաչքարը:
  • Ադրբեջանն ավերել է Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանը:
  • Ադրբեջանը հեռացրել է Վանքասարի եկեղեցու խաչը:
  • Բռնազավթված Արցախի Հազնրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Ադրբեջանն ոչնչացրել է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարը:
  • Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրի ավերումը:
  • Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը:
  • Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Մարտունի փողոցում կանգնեցված Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը:
  • Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում գտնվող Արծվի հուշարձանը:
  • Ադրբեջանը Ստեփանակերտում ոչնչացրել է Իվան Իսակովի կիսանդրին:
  • Ադրբեջանը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման գործընթացը. քանդվել են Արցախի Ազգային Ժողովի և Ազատամարտիկների միության շենքերը ու «Արմենիա» հյուրանոցը, որոնց տարածքում կառուցվել է «Կոնգրես» կենտրոն:
  • Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին:
  • Գետավանի հուշարձանն՝ ադրբեջանական վանդալիզմի թիրախ:
  • Ադրբեջանն Արցախի մշակույթի տները, համայնքային կենտրոններն ու դպրոցներն օգտագործում է ռազմական նպատակով:
  • Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը:
  • Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Շուշիի շրջանի հերոսական  Քարինտակ գյուղը:
  • Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին:
  • Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ:
  • Ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը:
  • Ադրբեջանը այս անգամ ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցին կից կանգնեցված հուշաղբյուրը:
  • Շուշիում ոչնչացվել են Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը:
  • Ադրբեջանի թիրախումՄարտակերտի շչջանի Վանք գյուղի հուշակոթողներն են:
  • Ստեփանակերտի հուշահամալիրը ոչնչացման վտանգի տակ: Համալիրի տարածքը փակված է  ցուցապաստառներով:
  • Ստեփանակերտի պատմական թաղամասի ավերում, որի իր մեջ  ներառում էր 6 բնակելի պատմական թաղամասը:Ներկայումս ադրբեջանական պետական վարչակարգի կողմից ծանր շինարարական տեխնիկայի կիրառմամբ հիմնովին ավիրված վեց պատմական թաղամասերի տարածքում կառուցվում է այսպես կոչված «հաղթանակի պուրակը»:
  • Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել:
  • Ադրբեջանը ոչնչացրել է Տանձատափի եկեղեցին:
  • Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:
  • Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը:
  • Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն ադրբեջանական հարձակումների թիրախում:
  • Ասկերանի ամրոցը յուրացման և ձևախեղման վտանգի առաջ:
  • Մայիսի 9-ին ընդառաջ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի նախաշեմին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի հուահամալիրը:
  • Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում ավերվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը:
  • Մարտունիում ոչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը:
  • Արցախի Ասկերանի շրջանի Տանկ-հուշարձանն ու Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված համալիրը ոչնչացված են:
  • Ադրբեջանցիները ավերել են Ավետարանոց գյուղի Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանի մի հատվածը:
  • Շուշիում ադրբեջանցի վանդալները քանդել են Սոցիալիստական ​​աշխատանքի հերոս, Սովետական ​​Միության ականավոր քաղաքական գործիչ Իվան Թեւոսյանի հուշարձանը: Թեւոսյանը ծնունդով Շուշիից էր:
  • Ստեփանակերտում ոչնչացվել է Մարշալ Բաղրամյանի արձանը, որը տեղադրված էր  մարշալի անունը կրող  փողացում:
  • Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում Հայրենական մեծ պատերազմի և արցախյան պատերազմների զոհերին նվիրված հուշահամալիր:
  • Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակ:
  • Արցախի Մոնթեաբերդ (Մարտունի) քաղաքում գտնվող հուշահամալիրը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։
  • Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի Արցախյան պատերազմում զոհվածների գերեզմանոցը:
  • Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցի:
  • Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճար:

 

Ցանկը  ամբողջական  չէ  քանի, որ  գործ  ունենք  շարունակական բնույթ  կրող  մշակութային ցեղասպանության հետ:

 

Տեղեկանքը  պատրաստված  է  ներքոնշյալր  հրապարակումների և տեղեկանիքի  հեղինակի կողմից իրականացված  մշտադիտարկաման  արդյունքների հիման վրա՝

 

Բալայան Վ., Բալայան Մ., Հովհաննիսյան Լ., Արցախ. Վտանգված ժառանգություն, Երևան Էդիթ Պրինտ, 2025, Էջ 10, /հայերեն, ռուսերեն, անգլերեն/:

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակ

https://www.facebook.com/OmbudsmanoftheCulturalHeritageArtsakh

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդ https://www.facebook.com/PublicCouncilforprotectionofculturalheritage

MONUMENT WATCH անկախ ակադեմիական հարթակ https://monumentwatch.org

Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր` “հակահիբրիդային” առաքելությունը Հայաստանում

Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր «կանաչ լույս» վառեցին Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, որը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։

Այն գործուղելու համար Հայաստանը Եվրամիությանը խնդրանքով դիմել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Բրյուսելում և Հայաստանում տեղի ունեցած քննարկումներից հետո դաշինքի դեսպաններն անցյալ շաբաթ միաձայն կողմ քվեարկեցին առաքելությունը ստեղծելու առաջարկին:

Հայաստանը չի՞ ուզում Իսրայելին հարցնել Լիբանանի և Պաղեստինի մասին

Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոստը Իսրայելի գործողությունները Լիբանանում «լիովին անընդունելի» է հայտարարել և կոչ է արել առնվազն մասնակիորեն կասեցնել ԵՄ-Իսրայել Ասոցացման համաձայնագիրը, հաղորդում է Reuters-ը։

Իսրայելը Անկախության օրը կնշի ապրիլի 22-ին, իսկ մինչ այդ Իսրայելը «անաղմուկ» յուրացրել է ոչ միայն Գազան, այլև Լիբանանի մի մասը՝ հայտարարելով նաև Սիրիայի մի մասի նկատմամբ իր հավակնությունների մասին։ Կասկած չկա, որ իրադարձությունների ներկայիս ընթացքի դեպքում Իսրայելը կընդլայնի իր տարածքը, կլանելով Պաղեստինը, Լիբանանը և Սիրիան և դառնալով տարածաշրջանային գերտերություն։ Իրականում սա էր ԱՄՆ-Իսրայել Իրանի դեմ պատերազմի նպատակը՝ թուլացնել Թեհրանին այնքան, որ այն այլևս չկարողանա աջակցել Լիբանանի և Պաղեստինի ինքնիշխանությանը։

Իսրայելի տարածքային ընդլայնումը լիովին համապատասխանում է Արցախի «պիլոտային նախագծին», երբ Արցախն օկուպացվեց ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Դրանից հետո Հայաստանը ոչ միայն չդատապարտեց օկուպացիան և ցեղասպանությունը, այլև ստանձնեց դրանք օրինականացնելու պարտականությունը։ Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է լինում ցեղասպանության և օկուպացիայի օրինականացման վերջին փուլին՝ ընդունելով նոր Սահմանադրություն և հրաժարվելով ազգային իրավունքներից, այդ թվում՝ Արցախի, Նախիջևանի, Կարսի և Արդահանի նկատմամբ։

Հայաստանը պատրաստ է ընդլայնել կապերը և ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորություններ Իսրայելի հետ։ Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության այսօրվա հայտարարության մեջ՝ Իսրայելի անկախության օրվա կապակցությամբ։

Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է հարցնել Իսրայելին իր տարածքը ընդլայնելու ուղիների մասին։

Արցախցի երիտասարդ աղջիկներ Աննան և Իկան միասին փոքր գործ են սկսել

Աննան և Իկան՝ արցախցի տեղահանված երկու երիտասարդ աղջիկներ են։
Մեկը բժիշկ է, մյուսը՝ ՏՏ մասնագետ։ Բոլորովին այլ կրթություն, բոլորովին այլ մասնագիտություն։
Բայց մի օր նրանք պարզապես նստեցին կողք-կողքի և որոշեցին ստեղծել մի բան, որը կօգնի դուրս գալ խավարից։
Այսպես ծնվեց «Հողածին»կերամիկական բրենդը՝ գունավոր, կենդանի, շնչող կերամիկա։ Արվեստ, որը կարելի է օգտագործել ամեն օր։
301-ի թղթակից Tatev Azizyan
վիդեո

Բաքվի բանտում գերևարված Ռուբեն Վարդանյանի նամակը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին 

(փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ)
«Հարգելի տիկին Մանասյան,
Ձեզ եմ դիմում բանտից՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնք կարծում եմ պահանջում են Ձեր ղեկավարած հաստատության ակտիվ և հետևողական ներգրավվածությունը։
Վերջերս հանդիպել եմ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ։ Հանդիպման ընթացքում բարձրացրել եմ կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական և դիվանագիտական մի շարք կոնկրետ հարցեր, որոնք վերաբերել են իմ և մյուս հայ բանտարկյալների պահման պայմաններին։ Այդ հարցերն ուղիղ ազդում են կալանքի տակ գտնվողների անվտանգության, առողջության և արժանապատվության վրա։ Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել։
ՀՀ քաղաքացիները երկար ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքի անդամների հետ հանդիպումների և անկախ մոնիթորինգի, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Այս պայմաններում, ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու հաստատությունը որևէ նախաձեռնողականություն չի ցուցաբերում։
Չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ՝ ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ խնդրում եմ դիտարկել Ձեր, ինչպես նաև, համապատասխան պայմանների դեպքում, մյուս հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Իմ կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու։ Հավանաբար մյուս բանտարկյալների ընտանիքների անդամները ևս պատրաստ կլինեն։ Այդպիսի պատվիրակությունը պետք է լինի ինստիտուցիոնալ և հետևողական՝ ունենալով ՀՀ վարչապետի քաղաքական աջակցությունը, որը հաշվետու է քաղաքացիների առջև։
Ադրբեջանի օմբուդսմենի առաջ իմ բարձրացրած հարցերը պահանջում են համակարգում երկու երկրների օմբուդսմենների միջև։ Նման համակարգման բացակայությունը փաստացի փակում է մարդասիրական միակ խողովակը։
Այս առումով խնդրում եմ Ձեզ հրապարակավ պատասխանել հետևյալ հարցերին.
1. Արդյո՞ք քննարկվում է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը հայ գերիների հարազատների մասնակցությամբ։
2. Ինչպե՞ս է ձեր հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքները Ադրբեջանի օմբուդսմենի հետ՝ ՀՀ քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ։
3. Ձերբակալության պահից սկսած Ձեր ղեկավարած հաստատությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։
Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է անհապաղ գործարկել մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները։ Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված ՀՀ քաղաքացիների շահերի անտեսումը ՀՀ կառավարության կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունների հետ։

Ռուբեն Վարդանյան»

Ռուսաստանը նույնպես պետք է նշվի որպես 44-օրյա պատերազմում «պայմանավորված պարտության» կողմ

Ապրիլի 23-ին Հայաստանի խորհրդարանում նախատեսված են լսումներ Արցախյան Արցախի հարցի վերաբերյալ։

Մոտ մեկ շաբաթ առաջ Սեյրան Օհանյանը՝ նախկին պաշտպանության նախարարը և «Հայաստան» դաշինքի պատգամավորը, որը հրաժարվել է մասնակցել առաջիկա ընտրություններին, խորհրդարանում հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, որի էությունն այն էր, որ 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունը «պայմանավորված» էր։ Օհանյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց ոչ ադեկվատ կառավարչական միջոցառումների իրականացման մեջ, որոնք թույլ տվեցին թշնամուն ճեղքել հարավում պաշտպանությունը և գրավել Շուշին։

Սեյրան Օհանյանը այս հայտարարությունն արեց ի պատասխան Նիկոլ Փաշինյանի մեղադրանքների, որ 2020 թվականի պատերազմում պարտվել են «փախած գեներալների» պատճառով։ Փաշինյանը 2023 թվականին Արցախի հայաթափման մեջ մեղադրեց «փախած» արցախցիներին, որոնք հրաժարվել են ապրել Ադրբեջանի իրավասության ներքո։

Հատկանշական է, որ Օհանյանի հայտարարությունից անմիջապես հետո ասպարեզ մտավ հայտնի Արամ Գաբրիելյանովը, որը պնդում էր, որ Հայաստանի զինված ուժերի նախկին շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրեն ասել է, իբր Նիկոլ Փաշինյանից էր հրաման ստանում նահանջել և առանց մարտի հանձնել Շուշին։ Գասպարյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց սա, պարզապես կոչ արեց խորհրդարանական փակ լսումներ անցկացնել։

Եվ այսպես, ապրիլի 23-ին տեղի կունենան լսումները, գուցե՝ ոչ այն թեմայով, որը առաջարկել է Գասպարյանը։ Մասնակիցներից շատերը անկեղծորեն կփորձեն գտնել մեղավորին. մի կողմը կպնդի, որ Փաշինյանը հանցավոր պայմանավորվածության մեջ է Ալիևի հետ, մինչդեռ մյուսը կպնդի, որ Արցախի ղեկավարությունը, այդ թվում՝ նախկին գեներալները, հրաժարվել են կռվելուց և փախել են մարտի դաշտից։

Սակայն կան հիմնավոր կասկածներ, որ ոչ մի կողմ չի հիշատակի ռուսական գործոնը։

Եթե իշխող կուսակցությունը կմեղադրի բանակին և Արցախի ժողովրդին կռվելուց հրաժարվելու մեջ, ապա Փաշինյանը ստիպված կլինի հիշել, թե ինչպես են ռուսական զորքերը, որոնք 1991 թվականից ի վեր Արցախում ի սպառ բացակայում էին, հանկարծ հայտնվեցին այնտեղ 2020 թվականին։ Եթե որևէ մեկը փորձի Նիկոլ Փաշինյանին մեղադրել «պայմանավորված պարտության» մեջ, նա ստիպված կլինի թվարկել«հանցավոր պայմանավորվածության» բոլոր կողմերին։ Իսկ այդ կողմերը հստակ նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ՝ Պուտին, Փաշինյան և Ալիև։

Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ ինքն է գրել 2020 թվականի հայտարարությունը։ Եվ պետք է ենթադրել, որ այն գրել է ոչ թե նոյեմբերի 8-ին, այլ 44-օրյա պատերազմի սկսվելուց շատ առաջ։ Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո Արցախում պաշտոնապես տեղակայված ռուսական զինվորները խոստովանում էին, որ իրենց զգուշացրել էին Ղարաբաղում «խաղաղապահ գործողության» մասին դեռևս 2020 թվականի ամռանը։

Ռուս պաշտոնյաներն անձամբ բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը ոչ թե երրորդ կողմ է, այլՀայաստանի պարտության գլխավոր «օպերատորը և պռովայդերը»։ Շոյգուն խոսել է «Թուրքիայի հետ Ղարաբաղում համատեղ հաջողված գործողության» մասին, իսկ 2024 թվականի գարնանը՝ արցախահայերի լիակատար տեղահանությունից հետո և ռուսական զորքերի դուրսբերումից առաջ, ռուս գեներալը օկուպացված Ակնայում հայտնել է, որ «ռուսներն ու թուրքերը վերջապես խաղաղություն են հաստատել Ղարաբաղյան հողում»։ Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը սահմանում է, որ Մեղրիով Նախիջևան տանող ճանապարհը պետք է վերահսկվի Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից։ Իսկ վերջերս Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը մեկնել է օկուպացված Կովսական և հայտարարել Ռուսաստանի մտադրության մասին՝ «մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը»։

Էլ ի՞նչ պետք է անի Ռուսաստանը, որպեսզի հայկական քաղաքական ուժերը ուշադրություն դարձնեն դրան։

ՀՀ խորհրդարանում լսումները հրավիրվում են Ռուսաստանին մաքրելու, նրանից առկախված մեղադրանքները հանելու և Հայաստանը «փրկելու» համար Պուտինին երախտագիտություն հայտնելու համար։ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն հայտարարում է, որ Ղարաբաղը զոհաբերել է Հայաստանի «անկախության» համար, և Բաքվին առաջարկել է «գործարք»՝ վերադարձ խորհրդային սահմաններին։ Գործարքը հաջողվեց, ինչը նշանակում է, որ պետք է շնորհակալություն հայտնել դրա «կնքահորը»՝ Ռուսաստանին։

Հայկական «իսթեբլիշմենթի» բոլոր կողմերը գիտեն, թե որքանով է իրենց քաղաքական ապագան կախված Ռուսաստանից։ Ահա թե ինչու, հինգ տարվա լռությունից հետո, նրանք հանկարծ հիշել 44-օրյա պատերազմի մասին՝ միմյանց մեղադրելով, չհիշատակելով Ռուսաստանին։

Ռուսներին չի հետաքրքրում, թե ով է դառնալու վարչապետ Հայաստանում, քանի որ Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ հրապարակավ չի հայտարարել իր մտադրության մասին՝ վերանայելու Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերին հեղինակած և 2023 թվականի սեպտեմբերին ամրագրված ստատուս քվոն։ Ոչ մի քաղաքական ուժ չի հիշատակում Կարսի պայմանագիրը՝ երեսպաշտորեն անվանելով Հայաստանի ներկայիս սահմանները «խորհրդային», այլ ոչ թե «ռուս-թուրքական»։

Ռուսները ներկայումս չեն պայքարում իշխանության համար Հայաստանում. նրանք այստեղ գոհ են ցանկացած մեկից, այդ թվում և առաջին հերթին Նիկոլ Փաշինյանից։ Ռուսներն արդեն լուծել են իրենց համար գլխավոր հարցը՝ տարածաշրջանի լուռ դուրս բերումը Կարսի պայմանագրից՝ առանց 1921 թվականի այդ պայմանագրով հաստատված սահմանները փոխելու։

Այժմ, ամբողջ աշխարհում սրվող իմպերիալիստական ​​պատերազմի ֆոնին, Ռուսաստանը նոր վերջնական նպատակ ունի՝ Կարսի պայմանագրից հետո վերադառնալ ոչ թե Սեվրին, կամ Վիլսոնի արբիտրաժին, այլ Թուրքմենչայի պայմանագրին։ Պուտինի և Փաշինյանի միջև վերջերս կայացած հանդիպումից հետո փոխվարչապետ Օվերչուկը հանկարծ հիշեց 1828 թվականի ռուս-պարսկական Թուրքմենչայի պայմանագիրը։ Մինչդեռ 1813 թվականի Գյուլիստանի պայմանագիրը Ռուսաստանին շնորհել էր Լեռնային և Դաշտային Ղարաբաղը, ներկայիս Ադրբեջանի ամբողջ տարածքը և Դաղստանը, Թուրքմենչայի պայմանագիրը Ռուսաստանին շնորհել էր «Նախիջևանի և Իրևանի խանությունները»։

Կովսական այցելելով Օվերչուկն ասում է. «Սա մեր հողն է՝ և՛ Նախիջևանը, և՛ Ղարաբաղը, և մենք այն տալիս ենք ում ուզում ենք»։ Այժմ Ալիևը պնդում է «Իրևանի խանության» վրա և բանակցություններ է վարում Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի հետ։ Ի՞նչ կապ ունի, թե ով կլինի այստեղ իշխանություն։

Խորհրդարանական լսումների ժամանակ կհնչե՞ն արդյոք մանր փոխադարձ մեղադրանքներից բացի այլ մտքեր։ Եվ կքննարկվի՞ արդյոք հայկական պետականության ճակատագիրը տարածաշրջանում սրվող իմպերիալիստական ​​պատերազմի լույսի ներքո։

Անաստվածները քանդել են նաև Ստեփանակերտի “վերևի” եկեղեցին

Սա պարզապես եկեղեցու քանդում չէ։ Սա նույն քաղաքականության շարունակությունն է, որը մեկ դար առաջ հանգեցրեց Հայոց ցեղասպանությանը։ Այսօր այն դրսևորվում է նոր ձևերով՝ որպես մշակութային ցեղասպանություն և հայրենիքի ջնջման ծրագրված գործընթաց, որի նպատակն է Արցախում հայկական պատմական հիշողության, մշակույթի և հոգևոր ներկայության վերջնական վերացումը։ Քանդվում են ոչ միայն շենքեր, այլև ժողովրդի ինքնությունը, անցյալը և ապագայի իրավունքը։

Այս պայմաններում անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների գրեթե լիակատար լռությունը։ Երբ քանդվում են մեր սրբավայրերը, լռությունը այլևս չեզոքություն չէ — դա դառնում է համակերպում կատարվող հանցագործությանը։
Նույնքան ամոթալի և վտանգավոր է միջազգային հանրության, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող միջազգային և մասնագիտացված կառույցների լռությունը։ Այս լռությունը ոչ միայն չի կանգնեցնում հանցագործին, այլև խրախուսում է նոր հանցագործություններ՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ։
Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են անհապաղ և հստակ քաղաքական գնահատական տալ այս բարբարոսությանը, հրապարակայնորեն դատապարտել Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը և ձեռնարկել գործուն դիվանագիտական քայլեր՝ միջազգային հարթակներում բարձրացնելու այդ հարցը։
Միևնույն ժամանակ պետք է հստակ արձանագրվի՝ Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքը իր հայրենիք անքակտելի է և չի կարող կասկածի տակ դրվել։ Մշակութային ժառանգության ոչնչացումը ուղղված է նաև այդ իրավունքի մերժմանը՝ հիշողության վերացման միջոցով խափանելով ժողովրդի վերադարձի հնարավորությունը։

Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին, կառուցված 2000–2007 թվականներին, հանդիսանում էր Ստեփանակերտի կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը։ Այն վերականգնում էր դարավոր եկեղեցական ներկայությունը այն տարածքում, որտեղ դեռևս XIX դարի վերջից գործող եկեղեցին խորհրդային տարիներին փակվել էր և վերափոխվել աշխարհիկ շինության։ Նորակառույց տաճարը դարձավ հավատքի վերածննդի, հիշողության պահպանման և հայկական ինքնության շարունակականության կենդանի խորհրդանիշ։

Այսօր դրա ոչնչացումը հերթական դրվագն է նույն ողբերգական շղթայի, որը մեկ դար առաջ սկսվեց ցեղասպանությամբ և այսօր շարունակվում է մեր աչքի առաջ՝ ուղղված ոչ միայն քարերի, այլև ժողովրդի հիշողության, արժանապատվության և իր հայրենիքում ապրելու և վերադառնալու իրավունքի դեմ»:

Ռուսաստանը անցել է հարձակման, Զելենսկին քննարկում է Դոնբասից դուրս գալու հետևանքները

Ռուսական բանակը լիովին վերահսկողության տակ է վերցրել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքը և շարունակում է հարձակումը բոլոր ուղղություններով, հայտարարել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

Նա ասել է, որ 2026 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել ավելի քան 1700 քառակուսի կիլոմետր տարածք և 80 բնակավայր։

Մարտի վերջին Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարեց, որ Ռուսաստանը, ամերիկյան կողմի հետ շփումներում, Ուկրաինային երկու ամիս է տվել Դոնբասից իր զինված ուժերը դուրս բերելու համար։ «Եթե Ուկրաինան չհեռանա, ապա Ռուսաստանը կգրավի Դոնբասը, և այդ ժամանակ կլինեն այլ պայմաններ», – ռուսական պայմանները թվարկել է Ուկրաինայի առաջնորդը։

Երեկ Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասից ուկրաինական բանակի դուրսբերումը ռազմավարական կորուստ կլինի Կիևի համար։

«Նրանք ուզում են, որ մենք դուրս գանք Լուգանսկի և Դոնեցկի շրջաններից։ Իհարկե, ռազմավարական առումով սա կորուստ է մեզ համար, ռազմական առումով՝ սա կորուստ է զինված ուժերի համար։ Ամրացումներ, պաշտպանության գիծ, մենք անկասկած թուլանում ենք», – ընդգծել է Զելենսկին։

Ավտոբուսի վարորդ են դանակահարել․ թերմտածված ծրագրի հետևանք

Երևանում, ապրիլի 20–ի երեկոյան, արտակարգ դեպք է տեղի ունեցել. դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին, հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան փողոցում թիվ  8 երթուղին սպասարկող «Ժոնգտոնգ» մակնիշի ավտոբուսի վարորդին դանակահարել են։

Հենց երեկ Երևանի ավտոբուսների վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ սպառնալով դուրս չգալ աշխատանքի։ Երեկ էլ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ վարորդների ջանքերի շնորհիվ նրանք ընդամենը մի քանի օրում բավարար գումար են հավաքել՝ ութ ավտոբուս գնելու համար։

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Երևանում ներդրված հասարակական տրանսպորտի բարեփոխված ծրագիր, որը, չնայած բազմաթիվ դրական զարգացումներին, հանգեցրել է նրան, որ մարդիկ պարզապես կորցրել են տրանսպորտի համար վճարելու մոտիվացիան։

Վատ մշակված համակարգը հանգեցրել է դրան իսկզբանե, քանի որ նախատեսված չէ որևէ վերահսկման մեխանիզմ։ Սովորաբար դա լինում են տուրնիկետները (ինչպես ներկայումս մետրոյում է) կամ ստուգող-վերահսկողները։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը չկան, և մարդիկ ինքնուրույն են որոշում, վճարել թո ոչ։ Մեծ մասը իմաստ չի տեսնում վճարելու։ Արդյունքում, բարեփոխումից մեկ տարի անց քաղաքապետարանը գործնականում դադարեցրել է եկամուտ ստանալը։

Քաղաքապետը, ընդունելով դա, հրամայեց վարորդներին ոչ միայն վարել, այլև հարկադրել ուղեվորներին վճարումը, ինչը պարզապես ֆիզիկապես անհնար է, հատկապես պիկ-ժամերին։ Դա սկզբից մի փոքր էֆեքտ տվեց, բայց մեծ դժգոհություն առաջացրեց, քանի որ անհարմարություն է պատճառում ուղևորներին և հանգեցնում է վճարում պահանջող վարորդների հետ բախումների։

Տրանսպորտային բարեփոխումն իսկապես թերի է։ Հատկապես, եթե հաշվի առնեք նաև այն, որ թեկուզ կտրոնները պահանջվում են ամենուր, հասարակական տրանսպորտում ուղևորները վճարում են առանց կտրոն ստանալու։ Ավելին, վավերացուցիչների և այլ սարքերի հետ կապված բազմաթիվ տեխնիկական խնդիրները նոր համակարգը դարձնում են անշահավետ։

Ամեն ինչ հասել է այն կետին, որ չնայած առաջիկա ընտրություններին՝ քաղաքապետարանը խստացրել է միջոցառումները։ Սակայն վարորդների վրա դանակով հարձակումները և նրանց մշտական ​​նյարդայնությունը վկայում են կազմակերպչական թերությունների մասին, որոնք մի օր կարող են հանգեցնել տրանսպորտային կոլլափսի Հայաստանում։

Գերմանիան ավտոմոբիլայինից վերածվել է զենքի գործարանի

Գերմանիան վերաուղղորդում է իր արդյունաբերությունը ավտոմոբիլային ոլորտից դեպի պաշտպանական արտադրություն՝ փաստացի դառնալով «զենքի գործարան», գրում է The Wall Street Journal-ը (WSJ):

Հրապարակման համաձայն՝ Բեռլինը խաղադրույք է կատարում երկիրը Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության համար հիմնական արտադրական բազայի վերածելու վրա: Այս ուղղությունն իրականացվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաերկար տնտեսական լճացման, ավտոմոբիլային արտադրության ոլորտում Չինաստանի կողմից մրցակցության աճի և գերմանական մեքենաների նկատմամբ արտաքին պահանջարկի նվազման ֆոնին, նշում է հրատարակությունը:

Հրապարակման կողմից մեջբերված կառավարության վիճակագրության համաձայն՝ գերմանական արդյունաբերությունը ամեն ամիս կորցնում է մոտ 15,000 աշխատատեղ, այդ թվում՝ «մի ժամանակ գերիշխող» ավտոմոբիլային ոլորտում: Խոշորագույն ավտոարտադրողների ֆինանսական ցուցանիշները նույնպես կտրուկ վատթարացում են ցույց տալիս. Mercedes-Benz-ի 2025 թվականի շահույթը նվազել է 49%-ով, Volkswagen-ին՝ 44%-ով, իսկ Porsche-ի գործառնական շահույթը՝ 98%-ով՝ 2024 թվականի համեմատ։

Գերմանական Schaeffler կրողներ արտադրող ընկերության գործադիր տնօրեն Կլաուս Ռոզենֆելդը թերթին ասել է, որ ընկերությունն արդեն դիվերսիֆիկացնում է իր արտադրությունը՝ արտադրելով անօդաչու թռչող սարքերի, զրահապատ մեքենաների համակարգերի և ինքնաթիռների համար շարժիչներ։

Թերթի աղբյուրները նաև նշում են, որ Եվրոպայում պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում ռիսկային կապիտալի ներդրումների մոտ 90%-ը ուղղվում է գերմանական ընկերություններին, ամրապնդելով երկրի դիրքերը այս հատվածում։