«Թուրքական» սկանդալ Եվրոպայում՝ Երևանյան գագաթնաժողովից առաջ

Համբուրգում «Zeit» թերթի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարություն արեց, որը, ըստ Բաքվի լրատվամիջոցների, ռումբի պես պայթեց Անկարայի դիվանագիտական ​​միջանցքներով։ Ֆոն դեր Լեյենը, ըստ էության, ՆԱՏՕ-ի դաշնակից և ԵՄ թեկնածու Թուրքիային հավասարեցրեց Արևմուտքի գլոբալ մրցակիցների հետ։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի եվրոպական մայրցամաքը չընկնի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ», – հայտարարեց ԵՄ առաջնորդը՝ Թուրքիային բնութագրելով որպես Բրյուսելի ազդեցությանը սպառնացող ուժ, մասնավորապես Բալկաններում։

Նման հռետորաբանությունը մեծ դժգոհություն առաջացրեց թուրքական քաղաքական շրջանակներում։

Թուրքիան անմիջապես հիշեցրեց Եվրոպային «միգրացիոն ճգնաժամի» և Ռուսաստանի կողմից սպառնալիքի մասին։ Ավելին, տեղական փորձագետները նշում են, որ համաշխարհային անորոշության և իրանական պատերազմի համատեքստում Թուրքիան և Բրյուսելը միմյանց կարիքն ունեն ավելի քան երբևէ։

Ֆոն դեր Լեյենի հայտարարությունը հնչեց ապրիլի 24-ի նախօրեին, երբ աշխարհի հայերը հիշատակում են 1915 թվականի ցեղասպանության հետևանքով Օսմանյան Թուրքիայից սպանված և տեղահանված միլիոնավոր հայերի հիշատակը։

ԵՄ հովանու ներքո, 2022 թվականի հոկտեմբերին, Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին հռչակագիր՝ խորհրդային սահմանների փոխադարձ ճանաչման մասին։ Սրանք Հայաստանի սահմաններն են ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ։ Այլ կերպ ասած, ԵՄ-ն ճանաչում է ցեղասպանությամբ և ռուս-թուրքական Կարսի պայմանագրով գծված սահմանները։

ԵՄ-ի կողմից այդ սահմանների ճանաչումը խրախուսեց Թուրքիային և Ադրբեջանին շրջափակել, ցեղասպանություն իրականացնել և հայաթափել Արցախը 2023 թվականին։

Այժմ Թուրքիայի նախագահը բացահայտորեն հայտարարում է, որ կարող է մտնել Իսրայել, «ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա»։ Թուրքիան նաև բազմիցս ակնարկել է, որ կարող է մտնել եվրոպական Բալկաններ, եթե ԵՄ-ն անզիջում մնա Թուրքիայի հետ։

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղությունը» Հայոց ցեղասպանության հարցը մղել է երկրորդ պլան ԵՄ-ի և արևմտյան հանրության համար, եվրոպացի առաջնորդների կողմից Թուրքիայի էքսպանսիոնիզմի դեմ արված հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանության հարցը փակված չէ։ Եվ այս հարցը շարունակում է ծառայել որպես լծակ Թուրքիային զսպելու համար։

Մի քանի օրից Երևանում տեղի կունենա եվրոպական խոշոր գագաթնաժողով, և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես կլինի Հայաստանում։ Կայցելի՞ նա Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Եթե ​​Արցախում հայկական եկեղեցիները պատկանում են Բաքվին, ինչո՞ւ են դրանք ոչնչացվում

«Ադրբեջանի տարածքում գտնվող և պետության կողմից պաշտպանված բոլոր մշակութային վայրերը Ադրբեջանի սեփականությունն են, ինչպես նաև Բաքվի հայկական եկեղեցուն։ Սա հայերի մշակութային ժառանգությունը չէ, այլ Ադրբեջանի մշակութային ժառանգությունը», – հայտարարել է Բաքվի մի պատգամավոր՝ մեկնաբանելով Ստեփանակերտում երկու հայկական եկեղեցիների բարբարոսական ոչնչացումը։

Եթե Ադրբեջանում կա հայկական եկեղեցի, ապա որտե՞ղ է նրա հոտը և այնտեղ ապրող հայերը։

ՀԱԵ միայն Բաքվի թեմը, որը իրավասություն ուներ Ռուսական կայսրության Բաքվի նահանգապետության հարավարևելյան մասի նկատմամբ, 1911 թվականի դրությամբ ուներ 30,000 հավատացյալ և 15,000 ծխական։

Եթե հայկական եկեղեցիները պատկանում են Ադրբեջանին, ապա ինչո՞ւ են դրանք ոչնչացվում։ Որովհետև Բաքվի ներկայիս տերերը գիտեն, որ իրական սեփականատերերը մի օր կվերադարձնեն իրենց իրավունքները։

Ո՞վ է իրականում տիրապետում Արցախում գտնվող եկեղեցիներին, որոնցից մի քանիսն արդեն ոչնչացվել են։ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրության համաձայն՝ դրանց սեփականատերը Հայ Առաքելական եկեղեցին է՝ ի դեմս Ամենայն հայոց կաթողիկոսի։

Մեկ տարի առաջ Գարեգին Բ կաթողիկոսը պահանջեց մուտք գործել Արցախում մնացած եկեղեցիներ և դրանց պաշտպանությունը Շվեյցարիայում: Սա բուռն արձագանք առաջացրեց Բաքվում և Երևանում: Դրանից հետո Հայաստանում սկսվեց կաթողիկոսի դեմ լայնածավալ արշավ՝ ձերբակալություններով, վիրավորանքներով և սպառնալիքներով: Վերջերս Հայաստանում ընդունվեց օրենք, որը փաստացի սահմանափակում է եկեղեցու հողերի նկատմամբ իրավունքը: Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ ինքը մտահոգված է միայն Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների ճակատագրով։

Այս գարնանը Հայ Առաքելական Եկեղեցին և կառավարությունը, ըստ երևույթին, համաձայնության եկան. Փաշինյանը ազատ արձակեց ձերբակալված գրեթե բոլոր քահանաներին (բացառությամբ Բագրատ Սրբազանի), իսկ Գարեգին Բ-ն ձեռնպահ մնաց Արցախում եկեղեցիների սեփականության իրավունքը պահանջելուց: Եկեղեցու վերջին հայտարարություններում բացակայում է Արցախի եկեղեցիների պաշտպանության պահանջը։

Լռում է Արցախի թեմի դեռ առաջնորդ Վրթանեսը, որը Արցախում մնացած եկեղեցիների նկատմամբ Հայ Առաքելական Եկեղեցուն իրավունքի դեմ 10 եպիսկոպոսներից մեկն է: Լրատվամիջոցները հաղորդում են, որ նա ընկճախտի մեջէ: Կառավարությունը նույնպես լռում է:

«Անկախ քաղաքական նախընտրություններից հայկական ժառանգության պաշտպանությունը պարտավոր է իրականացնել Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է հայկական ամբողջ մշակութային ժառանգության համար, անկախ նրանից, թե որտեղ է ինքը գտնվում, դա սահմանադրորեն ամրագրված դրույթներից մեկն է»,- նշել է Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։

Արցախում մնացել է 60 վանք և 385 եկեղեցի։ Առանց այդ եկեղեցիների հանդեպ “սեփականության իրավունքի” ճանաչման Ադրբեջանը չի կարող հավակնել Արցախին։

Արցախի հարցը մնում է համահայկական օրակարգում․ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ

2026 թվականի ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով։ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է խորհրդաժողովի նպատակներին ու արդյունքներին։

Նրա խոսքով՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովը համախմբել էր ավելի քան 150 մասնակից 26 երկրներից՝ մտավորականներ, քաղաքական գործիչներ, հասարակական և համայնքային ներկայացուցիչներ։

«Հանդիպման հիմնական եզրակացություններից մեկն այն է, որ Արցախի հարցը շարունակում է մնալ համահայկական օրակարգում՝ առանց որևէ երկիմաստության։ Հստակ սահմանվել են մի շարք առաջնահերթություններ՝ շարունակել ջանքերը Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման ուղղությամբ, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները, մասնավորապե, միջազգային մակարդակով առաջ տանելով հավաքական վերադարձի իրավունքը, ապահովել բռնակցված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, աջակցել Արցախի պետական ինստիտուտների գործունեությանը, աջակցել տեղահանված արցախահայերի քաղաքացիական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը»,- ասաց նա։

Այս ուղղություններից բացի, Գեւորգյանի խոսքով, վերահաստատվեց մի հիմնարար սկզբունք՝ Արցախը համարվում է հայ ազգի անբաժանելի մաս։ Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, չի վերաբերում որևէ «ծայրամասի», այլ առնչվում է ազգային ինքնության առանցքին։ «Եթե Արցախը երեկ և այսօր թիրախավորվել է, ապա հենց այն պատճառով, որ այն հայկական ինքնությամբ տարածք է փորձել մնալ։ Այդ իսկ պատճառով Սփյուռքի զորաշարժը լիովին ներառում է Արցախը․ պաշտպանելով Արցախը՝ մենք պաշտպանում ենք հայկական ինքնությունը՝ իր պատմական, մշակութային և քաղաքական ամբողջությամբ»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե Սփյուռքում փոփոխություններ կա՞ն Արցախի հարցում, Հովհաննես Գեւորգյանը նշեց․ «Սփյուռքի հիմնական կառույցների մակարդակով, որոնք ունեն իրական քաղաքական, տնտեսական և կազմակերպական ազդեցություն, Արցախի հարցում սկզբունքային փոփոխություն չկա։ Հայկական Արցախի պաշտպանության ուղղությամբ համախմբումը մնում է հաստատուն և անսասան։ Անշուշտ, ինչպես ցանկացած բազմակարծիք միջավայրում, Սփյուրքում ևս կան առանձին անհատներ կամ կազմակերպություններ, որոնք կարող են արտահայտել տարբեր կարծիքներ։ Սակայն այդ տարաձայնությունները հիմնականում վերաբերում են մարտավարությանը՝ այսինքն՝ թե ինչպես պաշտպանել Արցախը, և ոչ թե արդյոք պե՞տք է պաշտպանել այն։

Իրականում հարցը պարզ է․ պաշտպանելով Արցախը՝ Սփյուռքի հայը պաշտպանում է իր ինքնությունը ընտրելու հիմնարար իրավունքը։ Արցախահայը ընտրել է մնալ հայ՝ դիմակայելով Ադրբեջանի կողմից տարվող բնջնջման քաղաքականությանը։ Նույն կերպ, 1915 թվականի ցեղասպանությունից ի վեր, Սփյուռքի հայերը վերակառուցվել են՝ իրենց ինքնությունը պահպանելու համար։ Ավելի լայն իմաստով, խնդիրը վերաբերում է ամբողջ հայ ազգին․ ինչպե՞ս համադրել Սփյուռքի հայի ինքնության պահպանման ձգտումը, արցախահայի դիմադրությունը և հայաստանաբնակ հայի արժանապատիվ կյանքի անհրաժեշտությունը՝ ոչ թե դրանք հակադրելով, այլ միավորելով»։

Նրա խոսքով՝ հենց այս միասնության և փոխլրացման գաղափարի շուրջ էր, որ տեղի ունեցավ համահայկական զորաշարժը։

 

Ի՞նչ կապ ունի Արցախը Ադրբեջանի հետ․ Հասան-Ջալալյան

2026թ. ապրիլի 20-ին և 21-ին Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2026թ. հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները, ի մասնավորի, հայտարարել է՝

  • «Ղարաբաղի շարժումը խաղաղության և անվտանգության հետ անհամատեղելի են, են եղել: Եվ մենք մեզ հաշիվ ենք տվել, ասել ենք լավ ինչի՞ մեջ ա մեր ընտրությունը: Եվ մենք ընտրություն ենք կատարել հօգուտ անվտանգության, հօգուտ խաղաղության»:

Մեջբերմամբ Նիկոլ Փաշինյանը բացահայտ խոստովանել է, որ ինքն ընտրություն է կատարել Արցախի Հանրապետության և խաղաղության միջև, արդյունքում Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ ակնկալելով, որ փոխարենը կստանա խաղաղություն: Սակայն, հարկ է նշել, որ Արցախն Ադրբեջանի մասի ճանաչելով, հաստատվել է ոչ թե իրական, այլ՝ թվացյալ խաղաղություն: Բանն այն է, որ Արցախի օկուպացիայից հետո Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել «արևմտյան Ադրբեջան», «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ» և «Զանգեզուրի միջանցք» խոսույթները, որոնք ոչ այլ ինչ են, քան Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիների զանգվածաբար բնակեցման միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացիոն, էքսպանսիոնիստական ծրագրեր: Իսկ նման ծրագրերը չեն կարող վկայել խաղաղության մասին:

  • «Ղարաբաղի կոնֆլիկտն էլ սկսվել ա շատ անմեղ, հումանիտար հարցերից»:

Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի սկսվել հումանիտար հարցերից: Կոնֆլիկտի ծագման պատճառը ոչ թե հումանիտար, կամ մշակութային հարցերի արծարծումն է եղել, այլ՝ թյուրքերի և կովկասյան թաթարների՝ 1936 թվականից ադրբեջանցիներ հորջորջվածների, ծավալապաշտությունը, որն, ի դեպ, շարունակվում է մինչ օրս՝ արդեն 108 տարի:

  • «…մենք Ադրբեջանին առաջարկել ենք և առաջարկում ենք ռազմավարական գործարք. ո՞րն ա ռազմավարական գործարքը. մենք ճանաչե՞լ ենք տարածքային ամբողջականությունը միմյանց և ինքնիշխանությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ տարածքներով, ուրեմը ճանաչում ենք ճշգրիտ, դելիմիտացիա ենք անում և հանգիստ ենք թողում իրար, էլ չենք փորփրում՝ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ ա ապրել և այլն և այլն, ի՞նչ ա ունեցել, էս ա ունեցել, էն ա ունեցել, մենք փակում ենք էդ թեման, որովհետև դա է խաղաղությունը»:

Խորհրդային Միության 15 հանրապետություններից 11-ի ղեկավարների կողմից Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 1991թ. դեկտեմբերի 21-ին ստորագրված հռչակագրում, մասնավորապես, արձանագրված է. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը,»:

Մեջբերումից պարզվում է, որ խոսքը վերաբերում է հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ, «գոյություն ունեցող սահմանների անխախտելիությանը»:

Հարց է առաջանում. ի՞նչ սահմաններ է ունեցել Ադրբեջանը 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ: Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին ընդունել է նաև «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարել է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը:

Իսկ 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունն ունեցե՞լ է արդյոք հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ, թե՞ ոչ: Պատասխանն ավելի քան միարժեք է՝ ՈՉ, քանզի ներկայիս ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգան, իր 4-րդ և 5-րդ կոմիտեների միջոցով քննելով Ազգերի լիգային անդամակցելու Ադրբեջանի դիմումը, 1920թ. դեկտեմբերի 1-ին տվել է բացասական պատասխան:

Ադրբեջանի Հանրապետության գոյության 23 ամիսների ընթացքում, այն է՝ 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը, Արցախը չի հանդիսացել միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի մաս ո՛չ դե ֆակտո, ո՛չ էլ առավել ևս դե յուրե: Չկա որևէ պատմական փաստ, կամ որևէ իրավական փաստաթուղթ, որը կվկայի այն մասին, որ նշված ժամանակահատվածում Արցախը գտնվել է միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Հանրապետության կազմում:

Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետությունը հանդիսացել է, գրեթե, չորս ամսվա դե ֆակտո անկախ պետություն:

Համոզիչ չէ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության նկատմամբ թե՛ 2021 թվականի մայիսի, թե՛ 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր:

2024թ. հունվարի 10-ին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ Իլհամ Ալիևն այս մասին, մասնավորաբար, հայտարարել է. «Իհարկե, մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում վերադառնալ: Մենք ոչ մի քայլ հետ չենք գնա ո՛չ 2021 թվականի մայիսի, ո՛չ էլ 2022 թվականի սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ այդ սահմանը պետք է հաստատվի»:

Հետևաբար, սին հույսերով չպետք է փորձել մոլորեցնել հանրությանը, թե սահմանագծման ու սահմանազատման գործընթացի արդյունքում Ադրբեջանը կազատի Հայաստանի օկուպացրած տարածքները: Առավել ևս, որ փորձը ցույց է տվել, որ սահմանազատումն ու սահմանագծումը չափազանց երկար ձգվող գործընթաց է: Օրինակ՝ միմյանց հետ խնդիր չունեցող Հայաստանի և Վրաստանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացը շարունակվում է 20 տարուց ավելի և դեռ ավարտված չէ: Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան տևել է 20 տարուց ավելի:

Թե որքա՞ն կարող է տևել միմյանց միջև կուտակված խնդիրներ ունեցող Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան, կարելի է միայն ենթադրել: Սակայն թե՛ Հայաստանի և թե՛ այլ երկրների փորձը հաշվի առնելով՝ ենթադրելի է, որ այն կարող է տևել մի քանի տասնամյակ: Այսինքն՝ առնվազն մի քանի տասնամյակ Ադրբեջանը կարող է օկուպացրած պահել Հայաստանի տարածքները:

Վերոնշյալից զատ, մեկ բան հստակ է. Ադրբեջանը երբեք խաղաղ ճանապարհով չի ազատելու ո՛չ Արցախի Հանրապետության օկուպացրած տարածքը, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության օկուպացրած տարածքները:

Արցախից բռնագաղթած, ինչպես նաև Արցախում ծնված, մեծացած, սակայն հանգամանքների բերումով Արցախից դուրս ապրող հայությունն Արցախում թողել է իր նախնիների գերեզմանները, իր սրբավայրերը, իր հոգևոր ու նյութական անչափելի արժեքները, որոնք մոռանալը ոչ միայն աստվածահաճո ու մարդկային չեն, այլև՝ սրբապղծություն է:

Իմ տոհմը՝ Արցախի ամենահին Հասան-Ջալալյանների թագավորական-իշխանական գերդաստանն ավելի քան 700 տարիներ շարունակ պատասխանատվություն է կրել Արցախի դարավոր պետականության և արցախահության ճակատագրի կերտման գործում թե՛ աշխարհիկ և թե՛ հոգևոր ոլորտներում:

Դարեր շարունակ Հասան-Ջալալյանները հանդիսացել են Արցախի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պատմական որոշակի ժամանակահատվածում նաև անկախության, ինչպես նաև արցախահայության քրիստոնեական հավատքի պահպանման երաշխավորները:

Արցախի տարածքի գրեթե յուրաքանչյուր անկյուն կրում է իմ նախնիների ազգաշահ ու ազգանվեր գործունեության հետքերը: Իմ մեծ նախապապը՝ Հասան-Ջալալյանների տոհմի անվանադիրը՝ 1214-1261թթ. Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան, 1216-1238թթ. կառուցել է Արցախի թագն ու պսակը հանդիսացող Գանձասարի հռչակավոր եկեղեցին, որը Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, ֆրանսիացի նշանավոր բյուզանդագետ Շառլ Դիլը համարել է հայկական ճարտարապետության կոթողներից համաշխարհային մշակույթի գանձարանը մտած հինգ ամենաուշագրավ երևույթներից մեկը: Իսկ Էրմիտաժի գիտական խորհրդի անդամ՝ ճարտարապետության պատմության մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր Անատոլի Յակոբսոնը Գանձասարը համարել է հայ ճարտարապետության մարգարիտն ու հանրագիտարանը:

Ես երբեք չեմ մոռանա Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցին, որը հանդիսանում է նաև Հասան-Ջալալյանների տոհմական տապանատունը. եկեղեցում ու նրա շուրջն ամփոփված են իմ նախնիների աճյունները:

Մոռանալ այս ամենը, մոռանալ Արցախը կնշանակի մոռանալ նախնիներիդ, ինքդ քեզ ու ապագադ:

  • «նոր Սահմանադրությունը չպետք ա հղում պարունակի Անկախության հռչակագրին»:

ՀՀ Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2021թ. ապրիլի 29-ի որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանը հանդիսանում է Սահմանադրության անփոփոխելի դրույթ:

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է տրված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրին, որևէ պարագայում ենթակա չէ փոփոխության:

  • «ղարաբաղյան շարժման ավարտ, նշանակում է նաև օրինակ Արևմտյան Ադրբեջանի խոսույթի ավարտ, Արևելյան Անատոլիայի, կամ այդ կարգի խոսույթների ավարտ»:

Փաստերը վկայում եմ, որ նախքան Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասի օկուպացիան Ադրբեջանի վարչակազմը նպատակահարմար չի համարել խոսել «արևմտյան Ադրբեջան»-ի և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ»-ի մասին: Այդ մասին վկայել է Իլհամ Ալիևը 2022թ. դեկտեմբերի 24-ին, ի մասնավորի, հայտարարելով. «Մեզ անհրաժեշտ է համատեղ ուժերով մշակել Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգ: Այս հարցը մեր օրակարգում է հենց հիմա՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից հետո: Իհարկե, նախքան ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը, այս մասին խոսելը գուցե վաղ էր: Բայց այսօր, իմ կարծիքով, պետք չէ ժամանակ կորցնել: Պետք է պատրաստել վերադարձի հայեցակարգ…»:

Իսկ 2023թ. հունվարի 12-ին տեղական մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ նա, մասնավորաբար, հայտարարել է. «Իհարկե, խոսել արևմտյան ադրբեջանցիների իրավունքների մասին, երբ կար ղարաբաղյան ցավը, խնդիրը, հավանաբար, նման կլիներ ժամանակից շուտ կրակոցի»:

Հատկանշական է, որ Իլհամ Ալիևը «արևմտյան Ադրբեջան»-ի և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ»-ի մասին խոսույթով սկսել է հանդես գալ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելուց, գրեթե, անմիջապես հետո:

Փաստորեն, ինչպես տեսնում ենք, Արցախի Հանրապետությունն իր գոյությամբ պաշտպանել է Հայաստանի Հանրապետությանը՝ թույլ չտալով Ադրբեջանին ապօրինի հավակնություններ դրսևորել Հայաստանի նկատմամբ:

Հետևաբար, ոչ միայն, բայց հատկապես «արևմտյան Ադրբեջան»-ի և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ»-ի մասին Ադրբեջանի վարչակազմի խոսույթները չեզոքացնելու նպատակով Արցախի Հանրապետության դեօկուպացիան և այնտեղ հայկական իշխանության վերահաստատումը հրամայական անհրաժեշտություն է:

  • «Որևէ մեկը թող մեզ չվախեցնի փախստականների վերադարձի թեմայով, որովհետև ես ասում եմ այո՛, մենք պետք ա փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում Ղարաբաղի փախստականների շահերից ելնելով»:

Արցախի հայության, որպես բռնի տեղահանվածների, վերադարձի իրավունքը սահմանված է միջազգային իրավական ակտերով, մասնավորապես՝

  • 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով,
  • 1949թ. օգոստոսի 12-ին Ժնևում պատերազմի զոհերի պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա կազմող դիվանագիտական կոնֆերանսի կողմից ընդունված «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» կոնվենցիայիով,
  • 1966թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով:

Արցախի հայության վերադարձի իրավունքն արձանագրված է նաև՝

  • Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 2023թ. հոկտեմբերի 12-ին ընդունված բանաձևի մեջ,
  • ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի պարտադիր կատարման ենթակա որոշման մեջ,
  • Եվրոպական խորհրդարանի 2024թ. մարտի 12-ի և հոկտեմբերի 24-ի բանաձևերում:
  • Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի ստորին (Ազգային Խորհուրդ) և վերին (Կանտոնների Խորհուրդը) պալատների կողմից 2024թ. դեկտեմբերի 17-ին և 2025թ. մարտի 18-ին ընդունված առաջարկություններում,
  • Բելգիայի Թագավորության Դաշնային խորհրդարանի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից 2025թ. հուլիսի 17-ին ընդունված ռեզոլյուցիայում,
  • Բելգիայի Թագավորության Դաշնային խորհրդարանի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից 2026թ. ապրիլի 16-ին ընդունված ռեզոլյուցիայում:

Արցախից բռնի տեղահանված հայության լավագույն շահն իրենց տներ վերադառնալն է տիրոջ իրավունքով և կարգավիճակով: Իսկ տվյալ հարցի լուծումը մեկ մարդու որոշելիքը չէ, նույնիսկ եթե այդ մեկ մարդը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը:

Հետևաբար, Արցախի հայությունը պետք է առանց որևէ նախապայմանի վերադառնա իր բնօրրան, որտեղ իր նախնիներն ապրել են վերջին մոտավորապես երեք հազար տարիներն անընդմեջ:

Իսկ Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգությամբ հայ քաղաքացիների համար էքզիստենցիալ կամ գոյութենական սպառնալիք հանդիսացող, իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը իշխանությունից հեռացվելուց կամ հեռանալուց հետո անխուսափելիորեն պետք է կանգնի Հայաստանի Հանրապետության քրեական դատարանի առաջ առնվազն Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունը կոպտորեն խախտելու միջոցով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելու մեղադրանքով:

Նիկոլ Փաշինյանին Հայաստանի քրեական դատարանի առաջ կանգնեցնելը բխում է Հայաստանի Հանրապետության պետականության պահպանման և դրա շարունականականության ապահովման հույժ կարևորություն ունեցող անհրաժեշտությունից:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ                                                          

Ռուսաստանը հայտարարել է հայկական երկաթուղու գինը՝ գրեթե 1 միլիարդ դոլար

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի կառավարման կոնցեսիան զիջելու անհրաժեշտության մասին Երևանի հայտարարությունները տարօրինակ են թվում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հայտնում է TASS-ը։

«Մասնավորապես տարօրինակ են հնչում Երևանի այն հայտարարությունները, թե «ՀԿԵ»-ի կառավարումը հանրապետության համար իբր «մրցակցային կորուստներ» է առաջացնում, ինչպես նաև կոնցեսիան երրորդ երկրների զիջելու առաջարկները»,- ասել է Շևցովը։

Շևցովի պնդմամբ՝ պայմանագիրը կնքվել է հայկական կողմի համար առավելագույնս նպաստավոր պայմաններով։ «Նախնական գնահատականներով՝ իրավունքների հետգնման և փոխհատուցումների համար կոնցեսիայի պոտենցիալ գնորդները ստիպված կլինեն վճարել առնվազն 250 մլն դոլար, տարեկան ծախսել շուրջ 40 մլն դոլար օպերացիոն ծախսերի վրա, ներդնել մոտ 400 մլն դոլար Իջևանի ավերված հատվածի վերականգնման և ևս 200 մլն դոլար Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի համար։ Բացի այդ, մոտ 40 մլն դոլար կպահանջվի Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանային հատվածների վերականգնման համար»,- թվարկել է նա։ «Ընդ որում, հայկական երկաթուղային ցանցով բեռնափոխադրումների ծավալները հաստատված չեն, իսկ դրանց աճի ներուժն անհայտ է, մինչդեռ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում դրանք վստահաբար կկրճատվեն»,- հավելել է Շևցովը։

Ինչո՞ւ Ստեփանակերտի եկեղեցին հիմա ավերվեց

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 2000-ականներին, ավերվել է հայ բնակչության տեղահանությունից երկու ու կես տարի անց և Հայոց ցեղասպանության տարելիցից ընդամենը մի քանի օր առաջ: Ինչո՞ւ հենց հիմա։

Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրեն մտահոգում են միայն Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանները: Իր Զատկական ուղերձում Գարեգին II կաթողիկոսը նույնպես չի հիշատակել Արցախի եկեղեցիները: Միևնույն ժամանակ, Բելգիայի և Նիդեռլանդների խորհրդարանները բանաձևեր են ընդունել Արցախում ժառանգության պաշտպանության վերաբերյալ, իսկ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնել է Կովսական և հիշել 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագիրը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 20-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Ղարաբաղյան հակամարտության գոտու պատմական և կրոնական սրբավայրերը պետք է պահպանվեն, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է ներգրավվի գործընթացում»։

2020 թվականից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ին այդպես էլ թույլ չեն տվել մուտք գործել Արցախ: Ռուսական զորքերը մի քանի անգամ հայ ուխտավորներին թույլատրել են մուտք գործել Դադիվանք, ապա մոտ մեկ տարի հսկել են այնտեղ մնացած հայ քահանաներին: Միաժամանակ, Մոսկվան, Բաքվի հետ համատեղ, փորձում էր Արցախում գտնվող հայկական եկեղեցիները ներկայացնել որպես ալբանական (ուղղափառ): Ռուսաստանը նաև չի նախատել Բաքվին, երբ այն քանդում էր հայկական եկեղեցիները։

2021 թվականի դեկտեմբերի 7-ին Միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վանդալիզմի և պղծման գործողությունները»։

2023 թվականի սեպտեմբերին Արցախից ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանությունից հետո Ռուսաստանը որևէ հրապարակային հայտարարություն չարեց հայկական հուշարձանների պաշտպանության վերաբերյալ, չնայած ռուսական զորքերը մնացին Արցախում մինչև 2024 թվականի գարունը։

2023 թվականի հոկտեմբերին Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը (Ներսիսյան) շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Սրբազան Պատրիարք Կիրիլին՝ հայ հոգևորականների անվտանգությունն ապահովելու և Լեռնային Ղարաբաղի տարածքում պատմական հուշարձանների և կրոնական սրբավայրերի պահպանման նկատմամբ նրանց «անձնական ուշադրության» համար։ Նա այս մասին հայտարարեց Պուտինի՝ կրոնական առաջնորդների հանդիպման ժամանակ։

Նա նաև հիշեցրեց 1380 թվականի փաստաթուղթը, որը Հայ եկեղեցուն հնարավորություն տվեց հոգ տանել իր զավակների մասին ռուսական հողերում, և Կարմիր հրապարակում գտնվող Սուրբ Բարսեղ Երանելիի տաճարը, որի մատուռներից մեկը 1561 թվականից ի վեր կրում է Սուրբ Գրիգոր Հայի (Լուսավորչի) անունը։

Բայց դա չփրկեց հայկական եկեղեցիները Արցախում։

“Հայկական” նամակներ ԱՄՆ Կոնգրեսում․ Դանիել Իոննիսյանը vs Հայ դատ

ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը երկկուսակցական նամակ են հղել Meta և Alphabet ընկերություններին։

«Մենք Meta և Alphabet ընկերությունների ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ռուսաստանը հերթական անգամ փորձում է հարվածել ժողովրդավարությանը և այս անգամ թիրախում Հայաստանի գալիք ընտրություններն են։ Այս ընտրությունները կկանխորոշեն տարածաշրջանային խաղաղության նախաձեռնությունների և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ելքը, ներառյալ՝ «TRIPP» նախագիծը, որը խաղաղ բանակցությունների առանցքային բաղադրիչն է։ Որևէ օտարերկրյա պետություն չպետք է ազդի Հայաստանի ինքնիշխան որոշումների արդյունքների վրա։

Իսկ երբ այդ փորձերն արվում են հենց ամերիկյան հարթակների միջոցով, ապա մենք պարտավոր ենք թույլ չտալ նման միջամտությունը»,- նշված է նամակում։

Պարզվում է, որ նամակի համար տվյալներն ուղարկել է «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը։

Daniel Ioannisyan-ը հայտնել է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը կազմել է Հայաստանի ընտրությունների ռուսաստանյան միջամտության գործիք հանդիսացող Facebook-յան և Youtube-յան օգտահաշիվների ցանկ և դրանք փոխանցել ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով»։ 

Նշված ցանկում, բնականաբար, ներառված չեն հայաստանյան կուսակցությունների ու թեկնածուների իրական (ոչ կեղծ) օգտահաշիվները, գրել է նա, չթվարկելով ցուցակը։
Միևնույն ժամանակ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) հանդես եկավ ԱՄՆ սենատոր Էդ Մարկիի վերընտրության օգտին՝ հղում անելով նրա տասնամյակներ շարունակ Կոնգրեսում ունեցած առաջնորդությանը Մասաչուսեթսում և ամբողջ Միացյալ Նահանգներում հայկական ծագում ունեցող ամերիկացիների համար հատուկ մտահոգություն ներկայացնող հարցերում։

Նախատեսվում է ընդլայնել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքները

Նախատեսվում է ընդլայնել ու հստակեցնել հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքները․ կբարելավվի նաև պատճառված վնասի հատուցման գործընթացի արդյունավետությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություններ կատարել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում և փոխհատուցում տրամադրել ոչ միայն 2017 թ․ հունվարի 1-ից հետո, այլև 1998–2016 թթ․ տեղի ունեցած այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով։

2008–2016 թթ․ դեպքերի շահառուներն արդեն որոշված են Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից կայացված որոշումների շրջանակում. նրանց գումարը կփոխանցվի հիմնադրամի կողմից։

1998-2007 թթ․ դեպքերի համար շահառուները կճշտվեն առկա փաստաթղթերի հիման վրա։ Կստեղծվի նաև միջգերատեսչական հանձնաժողով, որի եզրակացությամբ կամ դատական կարգով փաստաթղթերի բացակայության դեպքում կհավաստվի զինծառայողի կյանքին կամ առողջությանը մարտական գործողությունների հետևանքով վնաս պատճառված լինելը։

1998-2016 թթ․ հատուցման դեպքերի համար միանվագ գումարները չեն վճարվի, իսկ ամսական գումարները կվճարվեն 20 տարի՝ 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի չափով։

Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել e-draft.am հարթակում հետևյալ հղմամբ:

Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Մալխաս Ամոյանը դարձավ ԵԱ-ի 5-ակի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Ամոյանը մրցեց վրացի Ռամազ Զոիձեի հետ ու առավելության հասավ 1:1 հաշվով (հաղթանակը տրվեց առաջինը միավորի արժանացած Ամոյանին):

Մալխաս Ամոյանը իր կարիերայում 5-րդ անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:

Թրամփը հայտարարեց անժամկետ հրադադարի մասին, Իրանը պատրաստ է պատերազմի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարեց, որ անորոշ ժամանակով կերկարաձգի Իրանի հետ հրադադարը։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք Պակիստանի մայրաքաղաքում կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը։ Իրանը Թրամփի խոսքերը որակեց որպես նոր հարվածի նախապատրաստման համար ժամանակ շահելու փորձ։

«Իրանական կառավարությունում լուրջ պառակտման պատճառով, ինչը զարմանալի չէ, և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի խնդրանքով, դադարեցնել Իրանի դեմ մեր հարվածները, մինչև նրա առաջնորդներն ու ներկայացուցիչները չկարողանան միասնական առաջարկի գալ», – գրել է Թրամփը Truth Social-ում։

Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարեց Հորմուզի նեղուցի ԱՄՆ-ի կողմից շրջափակման շարունակման մասին, որը իրանցի պաշտոնյաները անվանել են «պատերազմական ակտ»։

Իրանը կարող է մասնակցել Պակիստանում Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, եթե Վաշինգտոնը հրաժարվի ճնշման և սպառնալիքների իր քաղաքականությունից, երեքշաբթի օրը Reuters-ին ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Նա ընդգծել է, որ Թեհրանը մերժում է կապիտուլյացիայի ուղղված բանակցությունները։

«Իրանը ֆինանսական փլուզման եզրին է», – հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք պահանջում են Հորմուզի նեղուցի անհապաղ բացում, մինչդեռ դրամական միջոցների սուր պակաս ունեն։ Նրանք օրական կորցնում են 500 միլիոն դոլար։ Զինվորականներն ու ոստիկանությունը բողոքում են չվճարված աշխատավարձերից», – նշեց նա։

Իրանի հարևանները կարող են «հրաժեշտ տալ նավթի արդյունահանմանը», եթե թույլ տան Իրանի «թշնամիներին» օգտագործել իրենց տարածքը։ Այս նախազգուշացումը տվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Մաջիդ Մուսավին։

Իրանը չի խնդրել հրադադարի երկարաձգում, և Թրամփի կողմից անորոշ ժամանակով երկարաձգման մասին հայտարարությունը կարող է մի քանի իմաստ ունենալ, հաղորդում է Tasnim-ը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած թերթը գրում է, որ Թրամփը պարտվել է պատերազմում և, հետևաբար, հանգիստ դուր գակը համարում է իր համար լավագույն տարբերակը։ Միևնույն ժամանակ, Թրամփը կարող է հայտարարել հրադադարի երկարաձգման մասին, բայց ԱՄՆ վարչակազմը կամ նրա տարածաշրջանային «խելագար շունը» (Իսրայելը) կարող են ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Մեկ այլ հնարավորություն է, որ ԱՄՆ-ն դուրս գա պատերազմից, իսկ Իսրայելը մնա դրա մեջ՝ Լիբանանում հրադադարը խախտելու պատրվակով, գրել է թերթը։

Իսրայելական գործոնը շարունակում է կարևոր մնալ։

«ԵՄ որոշ երկրներ առաջարկել են պատժամիջոցներ կիրառել ագրեսիվ գաղութարարների դեմ և կասեցնել Իսրայելի հետ գործընկերության համաձայնագիրը։ Սակայն մենք չկարողացանք հասնել դրա համար անհրաժեշտ միաձայն որոշմանը», – ասաց ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կալլասը։

Ի տարբերություն դրա, ԱՄՆ-ն և ԵՄ-ն ընդլայնել են Իրանի դեմ իրենց պատժամիջոցների ցանկերը։

«Նեղուցով տարանցումը պետք է ազատ մնա… ԵՄ-ն արդեն իսկ լայնածավալ պատժամիջոցներ ունի Իրանի դեմ, բայց այսօր մենք նաև քաղաքական համաձայնության եկանք մեր պատժամիջոցների ռեժիմը ընդլայնելու՝ ներառելով նավարկության ազատության խախտումների համար պատասխանատուներին», – հայտարարեց Կալլասը։

Ուժեղ Հայաստանն առաջարկում է արցախցիների համար առանձին թաղամաս կառուցել

Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանը, ներայացնելով նախընտրական ծրագիրը, հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, իշխանության գալուց հետո կօգնի արցախահայերին հաստատվել Հայաստանում և պահպանել մշակութային ընդհանրությունը։

«Երևանում պետք է կառուցվի թաղամաս, որտեղ մեծամասամբ կապրեն արցախահայերը, որպեսզի պահպանեն իրենց բարբառը, մշակույթն ու սովորույթները։ Մենք պետք է վստահ լինենք, որ նրանց վերադարձն Արցախ կլինի անվտանգ, և որ նրանց իրավունքները կհարգվեն։ Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք գտնվեն գերու կարգավիճակում։

Երբ վստահ լինենք, որ նրանց կյանքն Արցախում անվտանգ կլինի, մենք կգնանք նրանց՝ Արցախ վերադարձի ճանապարհով»,- նշել է Կարապետյանը։

Մենք ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է մեզ։ Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերը պետք է տուն վերադառնան. նրանք այնտեղ են հայ և հայրենասեր լինելու համար, ասել է Նարեկ Կարապետյանը:

Նա հավելել է, որ այսօր աշխարհում ընդամենը չորս միլիարդատեր է գտնվում կալանքի տակ, և նրանցից երկուսը հայեր են, ովքեր անազատության մեջ են հայտնվել իրենց ազգային գաղափարների համար։

«Նրանցից մեկը հայտնվել է Բաքվի բանտում իր ժողովրդին պաշտպանելու համար, իսկ մյուսը՝ հայաստանյան բանտում՝ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու համար։

 

Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին

Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին, ներկայանում են բլոգերի անունից ու խաբեությամբ գումար են ուզում։ Այս մասին գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Հայրենակիցներ, արցախցիներ։ Զգուշացնում եմ, որ զեղծարարները թիրախավորում են արցախցիներին, ներկայանում են բարեգործական գործողություններով զբաղվող բլոգերի անունից (անունը չեմ տալիս, քանի որ տվյալ մարդը մեղք չունի, որ իր անունից են ներկայանում։ Առավելեւս, որ կարող են մեկ այլ մարդու անունից ներկայանան)։ Հետո շտապեցնում են, առաջարկում ստանալ մեծ գումար։ Բայց շտապ, քանի որ, իբր, վերջին օրն է։ Հետո գումար պահանջում, ավելի փոքր, մեծ գումարը ստանալու համար։ Հետո ձեռի հետ անձնական տվյալներ հավաքում։ Ամեն դեպքում, եթե ձեզ շտապեցնում են, կամ գումար են ուզում օգնություն տրամադրելու համար – դա արդեն հստակ խաբեության նշան է»,- գրել է նա։