Երեկվա դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրվել է քննչական կոմիտե՝ Բագրատ Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Հարցաքննությունը այսօր է։
Հեղինակ՝ naira
Մեր ադեկվատ գործելակերպի պարագայում աշխարհի մարդիկ կսատարեն եւ անգամ կզարմացնեն մեզ
Step1.am-ի զրուցակիցն է Հարվարդի Համալսարանի Քենեդիի անվան Պետական կառավարման դպրոցի գիտաշխատող, Գլոբալ զարգացման կենտրոնի գիտաշխատող, ԱԺԲ աջակից Դավիթ Գրիգորյանը։
–Պարոն Գրիգորյան, Ազգային-ժողովրդավարական բեւեռի եւ ձեր նախաձեռնությամբ ԱՄՆ-ում բարձրաձայնվում է Փաշինյանի ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ կատարվող եւ սրացող ճնշումների մասին: Քրիստոնեկան մամուլը լայն լուսաբանում է ապահովում ձեր նախաձեռնություններին։ Քրիստոնեության թեմայով այս լոբբինգը միավորո՞ւմ է քրիստոնական աշխարհին, ի՞նչ տեղ է զբաղեցնում այս հարցն ԱՄՆ-ում։
-Նախ սկսեմ նրանից, որ սա Հայաստանի համար հույժ կարեւոր խնդիր է, որովհետեւ իշխող վարչակազմը թիրախավորել է Հայաստանի սուվերենիտետի երեւի թե վերջին կանգուն ինստիտուտը։ Եվ բոլոր նրանք, ովքեր պայքարել եւ պայքարում են Հայաստանի անկախության ու ինքնիշխանության համար, չեն կարող այս հարցով չմտահոգվել։ Բարեբախտաբար այս խնդրին նաեւ լուրջ կարեւորություն է տալիս ԱՄՆ գործող վարչակազմը, հատկապես ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի շրջապատում գտնվող անձինք։ Բացի դրանից, իրենց հիմնական ընտրազանգվածի համար սա բավական կարեւոր խնդիր է։ Մեր պարագայում բարդացնող հանգամանքը նաեւ այն է, որ քրիստոնեությունը հատկապես ԱՄՆ-ում միատարր չէ։ Եվ բացի կաթոլիկ ու ուղղափառ ուղղությունների վրա գտնվող քրիստոնյաներից, նաեւ բավական ծանրակշիռ են ավետարանական տարատեսակ ուղղությունները, որոնք ի սկզբանե Թրամփի առաջին նախագահության շրջանի համար բավական լուրջ դերակատարում ունեցան եւ շարունակում են ունենալ։ Բնականաբար, վարչակազմը փորձում է ինչ-որ չափով հավասարության նշան դնել բոլոր քրիստոնյաների մեջ, բայց իրականում ավետարանականները բավականին կշիռ ունեն այս երկրում։ Իրենք նաեւ սիոնիստական գաղափարախոսության ջատագովներն են այս երկրում, որն ինչ-որ չափով բարդացնում է մեր խնդիրը՝ հաշվի առնելով Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ առկա սերտ հարաբերությունները։
–Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս արշավը։
– Ինչպես արդեն ասացի՝ սա փորձ է խարխլելու մի ինստիտուտ, որը Հայաստանի ինքնիշխանության վերջին կանգուն ինստիուտն է։ Փաշինյանական վարչակազմը քանդելու գործընթացը սկսեց բանակից։ Հետո հերթը հասավ կրթական համակարգին, եւ այս հարցով բավականին արդյունավետ քննարկում ենք ունեցել Լոնդոնում, քանի որ վարչակազմը փորձ է անում կրթական համակարգի որոշ համալսարաններ ներգրավել մեզ համար վտանգավոր գործընթացում՝ «Ակադեմիական քաղաք» կոչվածի նախաձեռնության շրջանակներում։
Վերջին երրորդ սյունը Հայ Առաքելական եկեղեցին է, որի նկատմամբ արշավին ականատես ենք լինում։ Ջանք չի խնայվում եկեղեցին քանդելու թե ներսից, թե դրսից։ Դրսից իմ հիշատակած ավետարանական խմբերի միջոցով են դա անում, ես վստահ եմ, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հորդորով, բայց ցավոք այս պահին նաեւ հրեական լոբբիի օժանդակությամբ ավետարանական խմբերը լծված են Հայ Առաքելական եկեղեցու հիմքերի խարխլման սեւ գործին։ Իսկ ներսից, ինձ համար ակնհայտ է, որ ԿԳԲ-ական կոմպրոմատի միջոցով եւ մի շարք այլ մութ ձեւերով են եկեղեցին խարխլելու փորձ անում՝ եպիսկոպոսական շրջանակներից մարդիկ մեջտեղ բերելով, որոնց համբավը բոլորիս է ծանոթ։ Հիմա արդեն այդ մարդիկ սուրբ են ձեւանում, իրենց թվում է, թե մենք այդ ամենը մոռացանք եւ կարող են ձեռք ձեռքի տված, ուրախ-ուրախ գնալ եկեղեցին բարեփոխելու ճանապարհով։
Բայց ամեն ինչ իր լոգիկան, իր ժամանակն ու ձեւն ունի։ Սա ոչ այդ լոգիկայի մեջ է մտնում, ոչ այդ ձեւն է, ոչ էլ դրա ժամանակն է։ Էլ չեմ ասում, որ լավ կլիներ գործող դավաճանական իշխանությունն այլ խնդիրներով զբաղվեր՝ սկսած երկրի պաշտպանական հարցերից, վերջացրած երկրի զարգացման խնդիրներով։ Հարցեր, որոնք իրենք ամբողջովին տապալել են երկու հավասարազոր պատճառով՝ դրսից ստացած պատվերով եւ իրենց անտեղյակ լինելու պատճառով։
–Արցախում Ադրբեջանի կողից ոչնչացվում են հայկական պատմամշակութային հուշարձանները։ ԱՄՆ նախագահ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչինչ չարվեց, երբ 120 000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին եւ բռնի տեղահանվեցին Արցախից։ Բայց հենց այսօր Արցախում ոչնչացվում է քրիստոնեական ժառանգությունը, այս հարցը որքանո՞վ է կարեւոր ԱՄՆ այսօրվա վարչակազմի համար, ի պաշտպանություն Արցախի պատմամշակութային ժառանգության նախաձեռնություններ կա՞ն։
-Ես կասկած չունեմ, որ կաթոլիկ ու ուղղափառ, բայց նաեւ որոշ ավետարանական ուղղությունների համար եւս այս խնդիրը կարեւոր է։ Սակայն մենք անպայման պետք է հասկանանք, որ իրենց համար ավելի կարեւոր չէ, քան մեզ համար պետք է լինի։ Եթե մենք այդ առումով համեմատաբար լուռ ենք եւ քայլեր չենք ձեռնարկում, իրենք մեզանից առաջ չեն ընկնելու եւ մեր գործը մեր փոխարեն չեն անելու։ Ես կասկած չունեմ, որ մեր ադեկվատ գործելակերպի պարագայում մարդիկ կսատարեն մեզ, կկանգնեն մեր կողքին եւ անգամ կզարմացնեն մեզ իրենց անելիքներով, բայց ոչ հիմա, երբ ինքներս մեր անելիքը չենք անում։ Այդպես չի աշխատում աշխարհը, այդպես չի եղել երբեք, այդպես չի լինելու նաեւ մեր դեպքում, անկախ նրանից՝ մենք առաջին քրստոնեական ազգն ենք, երրորդը, թե՞ վեցերորդը։
Նախ մենք պետական մակարդակով պետք է այդ հարցերը բարձրացնենք, հետո՝ Սփյուռքը ու Հայաստանի քաղաքացիական հասարությունը։ Եվ խնդիրը միայն պատմամշակութային ու կրոնական արժեքների մասին չէ, մարդիկ հարց են տալիս, գրեթե հանդիպում չի անցնում, երբ ես չեմ առնչվում մարդկանց ուղղակի կամ անուղղակի հարցադրմանը՝ լավ, այս ամենի պայմաններում ինչո՞ւ հայ ժողովուրդը ոտքի չի կանգնում, ինչո՞ւ չեն ապստամբում ու ընդվզում։ Մենք փորձ անում ենք ինչ-որ ձեւով դա բացատրել, կան դրա համար որոշ օբյեկտիվ պատճառներ, բայց որ րոպեին դու փորձում ես պատճառներ բերել, արժեզրկում ես այդ ամենը։ Մարդիկ ակնկալում են, որ դու պետք է լինես այդ պայքարի դրոշակակիրը, հետո իրենք քեզ կօգնեն, այլ ոչ թե հակառակը։
Ռոզա Հովհաննիսյան
Արցախցի 20 կանայք կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները և արցախյան խոհանոցը
The LOFT և Ասկերանի զարգացման կենտրոն Askeran Development Center
• Հովանավոր «Աշտարակ կաթ» ՍՊԸ
Փաշինյանը չպատասխանեց գլխավոր հարցին՝ արցախյան դավադրության մասին
ՀՀ կառավարությունը հրապարակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ և այլ հարակից փաստաթղթեր, չնայած ընդիմախոսները պնդում են, որ 2019 թվականի վերջին առաջարկը հրապարակվել է ոչ թե բնօրինակով, այլ Փաշինյան ընտանիքի «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված տարբերակով։ Փաշինյանի կառավարության պատասխանը այս առաջարկին, որը ընդդիմության պահանջներից մեկն էր, նույնպես չի հրապարակվել։
ՀՀ երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանների ներկայացուցիչները պնդում են, որ 2019 թվականին Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբից ստացել է նոր առաջարկ, որն այդ ժամանակ բավականին կոշտ պայմաններ էր պարունակում հայկական կողմի համար։ Սակայն նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ մերժել առաջարկը և ամբողջ բանակցային գործընթացը զրոյից սկսելը հանգեցրել է հակամարտության ռազմական «լուծման» և Արցախի ֆիզիկական կորստի։
Փաստաթղթերի կառավարության խոստացած հրապարակումը, ըստ էության, չկարողացավ ցրել երեք նախագահների կասկածները և չպատասխանեց այն հարցին, թե ինչու՞ Փաշինյանը չընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019 թվականի առաջարկը և ինչո՞ւ փոխեց բանակցային ձևաչափը՝ հայտարարելով, որ Հայաստանը որևէ դերակատարություն չունի գործընթացում, և որ բանակցությունները պետք է վարվեն Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Այս հարցի պատասխանի բացակայությունը ենթադրում է հանցավոր դավադրություն, որը միտված էր Արցախի կորստին, ինչը Փաշինյանը անվանեց «Հայաստանի ձեռքբերում»։
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, որը ստեղծվել էր 1992 թվականին՝ ԽՍՀՄ փլուզումից և անկախ Լեռնային Ղարաբաղի հռչակումից անմիջապես հետո։ 30 տարի շարունակ Մինսկի խումբը երբեք չի հիշատակել հայտնի Ալմա-Աթայի հռչակագիրը կամ խորհրդային սահմանները՝ հավասարապես պնդելով տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները չեղյալ համարելով՝ Փաշինյանի կառավարությունը, գիտակցաբար թե անգիտակցաբար, վերակենդանացրել է հայերի ինքնորոշման հիմնադիր փաստաթուղթը՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը։ Այս փաստաթուղթը դարձավ միակ օրինականը՝ «ԼՂՀ-ի լուծարման» մասին հրամանագրի հրապարակումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։ Հայաստանի ձախողումը այս 30 տարիների ընթացքում եղել է հենց դեկտեմբերի 1-ի որոշման փաստացի մերժումը և Արցախի անկախ կարգավիճակի պնդումը։
Սակայն, մինչդեռ Արցախի անկախությունն անցյալի մասունք է, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը մնում է ուժի մեջ՝ այն ամրագրված է ոչ միայն Հայաստանի անկախության հռչակագրում, այլև երկրի Սահմանադրությունում։ Եվ հենց դրա դեմ են ուղղված Ալիևի ահաբեկչությունն ու ճնշումները՝ պահանջելով փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում և հրաժարվել ինքնորոշման լեգիտիմ իրավունքից։
Այսօր սկսվեց Սամվել Շահրամանյանի հանդեպ զրպարտության գործով դատավարությունը. դեռևս չմարած արցախյան այրված տների մոխիրը, Հայաստանի պատմության դասագրքերում ավելացվեց մի հոդված, որտեղ նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարվել է Սամվել Շահրամանյանի հրամանագրով: Այսօր նրա փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ հրամանագիրը ձևական էր և տրվել էր միայն հազարավոր մարդկանց փրկելու համար: Ավելին, մի քանի շաբաթ անց Շահրամանյանը չեղյալ հայտարարեց իր «ձևական» հրամանագիրը։
Ինչո՞ւ Շահրամանյանը որոշեց չեղյալ հայտարարել հրամանագիրը և պաշտոնապես պահպանել Արցախի անկախությունը: Արդյո՞ք սա կապված է այն փաստի հետ, որ Արցախի կարգավիճակը հաստատող միակ փաստաթուղթը ներկայումս 1989 թվականի որոշումն է: Եվ արդյո՞ք Հայաստանի պատմության դասագրքերում կա հոդված, որը բացատրում է, թե ինչու 1989 թվականի որոշումը չիրականացվեց։
Այս որոշումն այնքան հիմնարար է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը խորհրդանշականորեն փակվեց հենց դեկտեմբերի 1-ին՝ որպես նշան, որ ԵԱՀԿ-ի և անկախ Արցախի օրերն ավարտվել են, և ժամանակն է վերադառնալ 1989 թվականի վերամիավորման որոշմանը:
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի հայտարարությունը
Եվրամիություն-Հայաստան համագործակցության նոր ռազմավարությունը
«Մենք գնահատում ենք Եվրամիության աջակցությունը։ Մի քանի հիմնական արդյունքների մասին եմ ուզում խոսել, առաջինը՝ մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ ստանալու համար սկսել ենք վիզաների ազատականացման գործընթացը, որի իրականացման արդյունքում կունենանք ավելի մեծ շարժ եւ ի վերջո կհասնենք առանց վիզայի ճամփորդության»,- ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ երկրորդ ոլորտն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում ընդլայնված համագործացկությունն է։ «Օգնության առաջին մասը Հայաստանը ստացավ խաղաղության գործիքի շրջանակներում, սա նոր հորիզոններ է բացում համագործակցության համար։ Բարձր ներկայացուցիչ Կալլասի այցի ժամանակ մենք ստորագրեցինք համաձայնություններ եւ խոսեցինք նաեւ Հայաստանի՝ ԵՄ ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությանը միանալու մասին։ Անվտանգությունն ու պաշտպանությունը կարեւոր ուղղություն է մեր համագործակցության համար»,- նշեց Միրզոյանը՝ անդրադառնալով նաեւ տնտեսության ոլորտում համագործակցության մասին։
Նա ասաց, որ եվրոպական կողմի հետ քննարկել են նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ավելի մեծ հնարավորությունների մասին, քննարկել են TRIPP-ի ուղղությամբ կատարվող աշխատանքը։ «Վաշինգտոնում օգոստոսի 8-ի համաձայնություններն աննախադեպ հնարավորություններ են ստեղծել, լրացուցիչ պոտենցիալ քայլերը, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը եւ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը կարող են զգալիորեն փոփոխել տնտեսական եւ քաղաքական ճարտարապետությունն ամբողջ տարածաշրջանում»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Միզոյանն ասաց, որ այսօր ընդունվել է Եվրամիություն-Հայաստան համագործակցության նոր ռազմավարությունը․ «Եվ մեր համագործակցությունը բարձրացրինք ռազմավարական մակարդակի։ Սա մեր ամբիցիաների վերջը չէ, ինչպես գիտեք՝ Հայաստանի խորհրդարանը մարտ ամսին օրենք ընդունեց Հայաստանի՝ Եվամիության անդամակցության մասին։ Եվ այսօրվա հանդիպման ուղերձը շատ կարեւոր է՝ ՀՀ-ԵՄ համագործակցությունը մտնում է նոր փուլ»։
«Խոսելու ենք Հայաստանի դիմակայունության եւ ընտրություններին վերաբերող հարցերի մասին»
«ԵՄ-Հայաստան համագործակցությունը գնալով լավանում է։ Այսօր նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել, սա Եվրամիություն-Հայաստան գործընկերության համար ընդհանուր հավակնություն է՝ բազմաթիվ այլ ոլորտներում աշխատելու։ Աջակցելու ենք ձեր բարեփոխումներին, տնտեսության դիվերսիֆիկացիային, նաեւ մենք համագործակցելու ենք վիզաների ազատականացման եւ անվտանգության ոլորտում»,- ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով հրավիրած ասուլիսում ասաց ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նա նշեց, որ դեկտեմբերին 27 արտոգործնախարարների հետ հանդիպում է տեղի ունենալու, հրավիրվում է նաեւ ՀՀ արտգործնախարարը․ «Խոսելու ենք Հայաստանի դիմակայունության եւ ընտրություններին վերաբերող հարցերի մասին»։
«Կարճ ասած՝ 2025-ը կարեւոր տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար, ձեր երկրի համար շատ կարեւոր տարի է եղել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնությունները մեկնարկեցին օգոստոսին, դրանով ավարտվեց տարիներ շարունակ տեղի ունեցող կոնֆլիկտը, եւ դուք ունեք Եվրամիության աջակցությունն այս հարցում։ ԵՄ-ն ամեն ինչ կանի ձեզ աջակցելու համար։ Այսօր ես հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը եւ ավելի դիմակայուն Հայաստանին։ Մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու՝ ականազերծման վերապատրաստում, սարքավորումներ են տրամադրվելու։ Հայաստանը նաեւ այլ մարտահրավերներ ունի՝ Ռուսաստանը ապատեղեկատվական արշավներ է իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք շատ ակտիվ աշխատել են Մոլդովայում, այսինքն՝ սցենարը նույնն է։ ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել եւ արձագանքել արտասահմանյան ազդեցություններին»,- ասաց Կայա Կալասը։
Կառավարությունը հրապարակել է Արցախյան հարցով բանակցությունների առաջարկները
Ստորև հրապարակվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։
Փաշինյանը խոստացել էր հրապարակել այն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին։
Շահրամանյանը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդի հետ և մեկ հարց տվել
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում այսօր տեղի ուենցավ Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին պատմության դասագրքով զրպարտելու գործով դատական առաջին նիստը։ Նիստին մասնակցելու համար դատարան էր եկել նաեւ Սամվել Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանը Սամվել Շահրամանյանի անունից դիմել էր դատարան՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների եւ ԿԳՄՍ նախարարության՝ պահանջելով հերքել գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։ Մասնավորապես, դասագրքում տեղ է գտել այն միտքը, թե «Լեռնային Ղարաբաղի Հհանրապետության նախագահը ստորագրեց ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր»։
Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս գործի մասին կխոսի հաջորդ դատական նիստերից հետո, երբ կհարցաքննվի որպես վկա։
Նա անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հետ։
«Չեմ ուզում մենք շտապենք մեկնաբանություններ անել այդ պրոցեսի հետ կապված։ Ամենացավալին այն է, որ մենք բոլոր ականատես ենք լինում գործող իշխանության եւ եկեղեցու միջեւ այդ հակադրությանը։ Իմ կարծիքով՝ դա չպետք է հանրայնացվեր, դա պետք է իրականացվեր փակ դռների հետեւում՝ առանց լայն հասարակությանը ներգրավելու։ Չեմ ուզում մեկնաբանություններ տալ, մենք կսպասենք, թե եկեղեցու ներսում ինչ զարգացումներ ու որոշումներ կլինեն, ըստ այդմ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց նա։
Հարցին, թե այդ հանդիպւոմից հետո ինքը զրուցե՞լ է Արցախի թեմի առաջնորդի հետ, Շահրամանյանը պատասխանեց․ «Այո, հաջորդ օրը ես իր հետ հանդիպել եմ եւ ստացել եմ իր հիմնավորումները։ Ինձ մեկ հարց էր հետաքրքրում՝ արդյոք այդ հանդիպումը համաձայնեցվա՞ծ էր իրենց ղեկավարի՝ վեհափառի հետ։ Եվ ստացել եմ բացասական պատասխան։ Եվ դրանով իմ եզրակացությունները ես արել եմ»։
Շահրամանյանը նաեւ անդրադարձավ հարցին, թե Արցախի էթնիկ զտման օրերին ինչպե՞ս է ինքը կարողացել անվտանգ դուրս գալ Արցախից, այնինչ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերեվարվեց։ «Ինչ վերաբերում է հարցին, թե իչպես եմ կարողացել դուրս գալ այդ իրավիճակից եւ տեղափոխվել ՀՀ, ես այս պահին էլ չեմ ուզում ձեր հարցին պատասխանել, քանի որ դեռ կան պրոցեսներ, որոնց հնարավոր է ձեր հարցի պատասխանը խանգարի»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ զարգացումներ կան Արցախի «զենք-զինամթերքը թշնամուն հանձնելու» գործով, Սամվել Շահրամանյանը պատասխանեց․ «Ես այդ գործով հարցաքննվել եմ որպես վկա, կսպասենք զարգացումներին»:
ՔՊ-ն էլ ուշունց չի տալու
Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Էթիկայի կանոնագիրք է ընդունել, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ Նաև այս պատասխանատվությունը կրելով, ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին», – գրում է վարչապետը՝ հավելելով. – «Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին»։
«Մեր հանրային քաղաքական կյանքը գնալով պետք է ավելի ու ավելի փաստահենք դառնա, ավելի ու ավելի փաստարկահենք, հիմնված փոխադարձ հարգանքի, բարեկրթության, թափանցիկության ու հաշվետվողականության վրա», – գրում է Փաշինյանը՝ տարածելով կանոնագրքի հղումը:
Իշխող կուսակցության ներկայացուցիչները և վարչապետն ինքը քանիցս քննադատվել են ընդդիմախոսների հետ վեճերում էթիկայի նորմերը խախտելու համար: Մասնավորապես, այս տարվա օգոստոսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրեց, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնը, ինչի հետո վարչապետը ներողություն խնդրեց «դոմփել» ու «համբալ» բառերն օգտագործելու համար, հիշեցնում է Ազատությունը։
Հիշռցնռնք նաև, որ ՔՊ-ի հայհոյանքին հայյոյանքով պատասխանած մի քանի ընդդիմադիրներ կալանավորված են։ Մասնավորապես, խոսքը Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը։
ԵՄ–ն 500 մլն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությանը
Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։
Օրեր առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ստորագրվել է փաստաթուղթ, որով Հայաստանն աջակցություն է ստանում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծի շրջանակներում՝ բարելավելու էներգետիկ ենթակառուցվածքները, ամրապնդելու էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան, նվազեցնելու կախվածությունն արտաքին դերակատարներից։ Եվրամիությունն այս հարցում համագործակցում է գերմանական KfW բանկի հետ։
«Տաշքենդում մենք ստորագրել ենք փաստաթուղթ 500 միլիոն եվրո արժողությամբ մի նախագծի մասին։ Սա 500 միլիոն եվրոյի ներդրում է ձեր (խմբ․ նկատի ունի Հայաստանի) էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար, և մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա: Ինչո՞ւ, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից: Եվ սա, գիտեք, գալիս է նաև մեր փորձառությունից: Մենք այժմ ունենք հատուկ էներգետիկ ծրագրեր Մոլդովայի, Ուկրաինայի և նաև մեզ համար: Օրինակ, երբ 2022 թվականին պատերազմը սկսվեց (խմբ․ նկատի ունի ռուս-ուկրաինական պատերազմը), Եվրոպան Ռուսաստանից ներկրում էր գազի 60%-ը, ածխի 50%-ը և, կարծում եմ, նավթի 40%-ը: Հիմա ածուխը 0 է, նավթը 0 է, իսկ գազի դեպքում մենք դանդաղորեն իջնում ենք 0-ի, ինչը միշտ չէ, որ հեշտ է, ինչպես դուք նույնպես գիտեք»,- մանրամասնել է Կոսը։
Նա հավելել է, որ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին ընդհանուր կապակցվածության ապահովման համատեքստում խնդրել է ներկայացնել առաջնահերթ ծրագրերի ցանկ։ Մարթա Կոսը նաև պատրաստակամություն է հայտնել օգնել ՀՀ ՏԿԵ նախարարության կարողություններն ուժեղացնելու հարցում, որպեսզի այն կարողանա կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք վերաբերում են կապակցվածության ապահովմանը։
«Կովկասի էլեկտրահաղորդման ցանց» նախագծի նպատակն է ապահովել հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային էներգիայի փոխանակում Հարավային Կովկասում՝ սինխրոնացնելով Հայաստանի և Վրաստանի էլեկտրացանցերը: